Նոր մանրամասներ կապիտանի ինքնասպանության դեպքից. ինչ է ասել նա մահվանից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին կապիտանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 28-ամյա Հմայակ Հակոբյանը ապրում էր Արարատի մարզի Հնաբերդ համայնքում, ուներ մեկ եղբայր, որը պայմանագրային զինառայող էր: Ասել է թե, երկու եբայրներն էլ ծառայում էին Հայոց բանակում :

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը պատմեց, որ Հմայակ Հակոբյանի նման կապիտանները շատ քիչ կան, ու այդ դեպքը իրենց համար էլ է զարմանալի.«Ինքը այդ երեխան չէր, որ գնար այդ քայլին, ու նախնական վարկածով ինքը ինքնասպան է եղել, կրկնում եմ` նախնական վարկածն է դա, բայց երեւի այդպես էլ գնա, քանի որ մեզ լուրեր են հասել, որ նա գրություն է թողել, որ իր այս քայլում ոչ մեկի չմեղադրեն» :

Ըստ համայնքի` «Դրական տղա էր, 4 տարի Արցախի հանրապետությունում է ծառայել, շատ բարձր մակարդակով, հետո եկավ Սիսիան, հետո Արտաշատ, որից հետո էլ եկավ Նուբարաշեն: Բլորոն էլ հարգել ու պատվել են իրան, ողջ համայնքը ողբում է, ախր իսկական կապիտան էր, ջահել տղա, ամուսնացած չէր, իրեն ամբողջությամբ տվել էր զինվորական գործին: Ընտանիքը նորմալ, սովորական հայկական ընտանիք է` իրենց աշխատանքով ապրող, մի հատ էլ եղբայր ուներ, ինքը պետական ծառայող էր, եղբայրն էլ` պայմանգրային: Ով ճանաչել է Հմայակին, շատ մեծ ցավ է ապրել, այդ սխալը չպետք է աներ»:

Մարատ Պողոսյանի խոսքով` լսել են նաեւ, որ մի խնդրանք է գրել նաեւ իր երկտողում. «Ասել է` հորաքրոջս չանտեսեք. հորաքույրը մեծ կին է, չամուսնացած է ու ապրում է իրենց հետ: Երեւի ցանկացել է ասել, որ ես գնամ, ինձանից հետո չանտեսեք էլի հորաքրոջս: Շատ կապված է եղել հորաքրոջ հետ, շատ ցավալի է, ափսոս, որ այսպիսի կադրեր ենք կորցնում, շատ լավ էր գործը կատարում, գալիս էր գյուղ, երեխեքին հայրենասիրական ոգով էր լցնում, ինչը դրդեց` չգիտենք, ախր ի՞նչը:

Անդրադառնալով, որ միգուցե լուրջ ֆինանսական խնդիր է ունեցել կամ այլ խնդիր` գյուղապետ Մարատ Պողոսյանը նշեց, թե ով այսօր ֆինանսական խնդիր չունի. «ընկնեք դրա հետեւից` բոլորս էլ ազգովի պետք է գնանք»:

Քնար Մանուկյան




Լրահոս