Եզդիաբնակ գյուղերը Իրաքի եզդիներին օգնելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի հյուսիսային հատվածում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով ՀՀ եզդիաբնակ համայնքների ղեկավարները ոտքի են կանգնել: «Ժողովուրդ»-ի տեղեկութոյւններով՝ ՀՀ Արագածոտնի մարզի տասից ավելի համայնքներում այս պահին դրամահավաք է անցկացվում` Իրաքի եզդիներին օգնելու նպատակով: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանի հետ:

-Պարոն Բշարյան, Իրաքի եզդիներին օգնելու համար ի՞նչ եք ձեռնարկում:

-Արդեն սկսել ենք դրամահավաքը, բայց կոնկրետ չգիտենք, թե այդ գումարը որ հաշվեհամարով փոխանցենք, ուղարկենք:

-Որքա՞ն գումար է հավաքվել:
-Հստակ թիվ չգիտեմ, բայց գյուղի յուրաքանչյուր ընտանիք օգնել է. մեկըª 50 հազար դրամ, մյուսըª 20: Բոլորն էլ մտահոգ են, պատրաստակամ են օգնելու հարցում: Մենք ՌԴ-ում երկու համագյուղացի հարուստ եզդի ունենք, որոնք նույնպես կարող են միլիոններով օգնել Իրաքի եզդիներին:

-Բացի համայնքի բնակիչներից, ովքե՞ր են Ձեզ այս հարցում օգնել:

-Մեր համագյուղացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում, Միջին Ասիական հանրապետություններում, բոլորն էլ պատրաստ են մեզ օգնել:

-Ի վերջո, ինչպե՞ս եք փոխանցելու հավաքված գումարը:

-Ամեն օր մեկը զանգում է ու պահանջում, թե գումարը տվեք մենք կուղարկենք: Բայց մենք չենք վստահում ոչ ոքի: ՄԵնք ցանկանում ենք, որ հավաքված գումարը ծառայի իր նպատակին:

-Ովքե՞ր են զանգում և նման բան պահանջում:

-Երեւանում ինչ-որ կուսակցություններ կան, ովքեր իրենց ազգի լիդեր են զգում: Հիմնականում անհատներ են զանգահարում ու հայտարարում, թե կարող են այս հարցով օգնել մեզ: Եթե չկարողանանք Հայաստանում բացված հաշվեհամարների միջոցով ուղարկել, ապա գումարը կուղարկենք ՌԴ:

-Իսկ Իրաքում Ձեր համագյուղացիներից կա՞ն:

-Մենք այս պահին Իրաքում եզդի բարեկամներ ունենք, որոնց հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կապ չենք հաստատել: Հավանաբար սարերն են բարձրացել ու այնտեղ են թաքնվել, կամ էլ… չեմ համարձակվում նույնիսկ բարձրաձայն ասել: Ոչ մի կապ չունենք:

-Բացի Ձեր համայնքից կա՞ն այլ համայնքներ, որտեղ այս նպատակով դրամահավաք է կազմակերպվել:

-Բոլոր համայնքներն էլ եզդիներին օգնելու են, նույնիսկ հայ համայնքները: Այս պահին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում ութ եզդիաբնակ համայնք եւ Ապարանի տարածաշրջանի 9 համայնք դրամահավաք են կազմակերպել: Բացի գումարից, մենք նաեւ կարող ենք հագուստով եւ ուտելիքով օգնել Իրաքի մեր ազգակիցներին:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս