Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Դատարանը հայտարարեց, որ նախատեսվում է լսել դատակոչված վկաների ցուցմունքները, և նիստերի դահլիճ հրավիրվեց ոստիկանության Երևանի վարչության աշխատակից վկա Արմեն Բարսեղյանը, ով նշեց, որ դեպքի օրը տեսել է պայթուցիկ նյութեր, որոնք երթի մասնակիցները փորձում էին տեղադրել շրջակայքում: Ինքը փորձել է նրանց կարգի հրավիրել, բայց չեն ենթարկվել:
«Աչքովս ընկել է, որ քաղաքացիական հագուստով մեկին ծեծում էին, ոստիկանության աշխատակցի չեմ տեսել, որ ծեծեն: Քաղաքացիական համազգեստով ծեծվողին եմ ճանաչում»,- ասաց վկան:
Պաշտպան Արամ Ղազարյանի հարցին` ի՞նչ նկատի ունի «փորձեցի հանգստացնել» ասելով, վկան պատասխանեց, որ դա զգացվել է իր գործողություններից:
Իսկ վկա, ոստիկանության ծառայող Վիգեն Հարությունյանին պաշտպան Արա Զաքարյանը հարց ուղղեց, թե որևէ մեկին այդ օրը բերման ենթարկել են, ինչին վկան պատասխանեց՝ միայն Տերտերյանին:
-Իսկ նա ծեծե՞լ է ոստիկաններին,- հարցրեց պաշտպանը, ինչին վկան բացասական պատասխան տվեց:
Ապա Արա Զաքարյանը նկատեց, որ նախաքննությանը վկան ցուցմունք է տվել, որ բերման ենթարկվածը հարվածել և քաշքշել է ոստիկաններին, իսկ դատարանի դահլիճում այլ բան է ասում, վկան պարզաբանեց, թե հարվածներ չեն եղել, սակայն քաշքշոց եղել է:
Իսկ թե ինչու է գրել նաև հարվածների մասին, վկան չպատասխանեց: Մեղադրողը նկատեց, որ հարցը պետք է վերաբերի երկրորդ բերման ենթարկվածին:
Ապա վկայություն տվեց ՊՊԾ գնդի երրորդ վաշտի գումարտակի ոստիկան Նարեկ Սարգսյանը, ով հայտնեց, որ ինքը նոյեմբերի 5-ին Ազատության պողոտա է ժամանել այն ժամանակ, երբ երթևեկելի հատվածն արդեն փակ էր: Վկային ուղղված հարցեր կողմերը չունեին:
Դատարանը հայտարարեց, որ մյուս հինգ վկաները հայտնել են, որ հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ դատարան, և մեղադրողն առաջարկեց հրապարակել վկաների նախաքննական ցուցմունքները, ինչի դեմ առարկություններ չհնչեցին:
Հրապարակվեց վկա, տաքսու վարորդ Հմայակ Պետրոսյանի նախաքննական ցուցմունքը, որում, մասնավորապես, նշվում էր, որ պատվիրատուին Մաշտոցի պողոտա փոխադրելու ժամանակ Ազատության հրապարակի կողմից բարձրաձայն հայհոյանքներ և վիրավորանքներ էին հնչում, խառնաշփոթ վիճակ էր: Մի մասի մոտ կային փայտե մահակներ:
Ապա հրապարակվեց վկա, կրկին վարորդ Գնել Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ վկայի ցուցմունքի` Ազատության հրապարակից դեպքի օրը լսել է պայթյունի ձայներ:
Վկա Սարգիս Հովակիմյանի նախաքննական ցուցմունքում էլ նշվում էր, որ նա առաջին կուրսի ուսանող է. Ազատության հրապարակում շատ է տեսել Շանթ Հարությունյանին և մյուսներին. դեպքի օրը վնասվածքներ չի ստացել, իրեն չեն քաշքշել:
«Շանթ Հարությունյանը ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տվողների մեջ էր: Հետո ինձ բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն ես չեմ դիմադրել, չեմ հայհոյել և չեմ քաշքել»,- նշվում է ցուցմունքում:
Քննիչի հարցին` ինչով կբացատրի իրեն բերման ենթարկելը, վկան պատասխանել է, թե երևի գոռգոռալու համար:
Վերջին երկու վկաները ոստիկանության ծառայողներ են:
Այսքանով դատարանին ներկայացված ապացույցների հետազոտությունն ավարտվեց: Նախագահողը հիշեցրեց, որ դատական վիճաբանությունների ընթացքում կողմերն իրավունք ունեն վկայակոչել միայն այն ապացույցները, որոնք դատարանում հետազոտվել են:
Պաշտպան Ղազարյանը ներկայացրեց իր պաշտպանյալ Ավետիս Ավետիսյանի բնութագրական տվյալները: Ըստ ներկայացված փաստաթղթերի` Ավետիսյանը 2 տարեկան երեխա ունի:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հարց ուղղեց, թե ով է եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններին Ազատության հրապարակ ուղարկողը, և Շանթ Հարությունյանը հիշեցրեց, որ Վալերի Օսիպյանը խոստովանել է՝ ինքն է եղել հրահանգողը: Սակայն Պողոսյանը վստահեցրեց, որ չի երևում, թե ով է ղեկավարել գործողությունները:
Շանթ Հարությունյանը միջնորդեց որպես իրեղեն ապացույց ճանաչել զրահաբաճկոնը:
«Ձեր պիստալետները ձեր մոտ էին, մենք էլ զրահաբաճկոն էինք վերցրել: Օսիպյանը եկավ ու ասեց՝ ինչ պետք ա:
Բա էն, որ ես ասում էի պայթեցնելու եմ, իրեղեն ապացույց համարեցիք, իսկ էն, որ ես ասում էի` ա՛յ շակալններ, ինձ խփե՛ք, իմ էրեխուն մի՛ խփեք, դա չընդունեցիք: Միջնորդում եմ, որպեսզի ուշադրություն դարձնեք այն բանին, որ ոստիկաններն իրենց շառերը առաջ տանելու համար կեղծ քայլերի են դիմում»,- ասաց Հարությունյանը:
Պաշտպանը նկատեց, որ զրահաբաճկոն կրելը զուտ ինքնապաշտպանության համար է եղել, և Հարությունյանն իրեն հայտնել է, որ սադրիչները կփորձեին իրենց վնասել, զրահաբաճկոնն ապահովության համար են կրել:
Մեղադրողն էլ առարկեց միջնորդության դեմ` պատճառաբանելով, որ այն հանցագործության գործիք չի ճանաչվել և Քր. դատ. օրենսգրքի պահանջներին չի համապատասխանում:
Դատարանը հայտարարեց, որ հանցագործության հետքեր իր վրա չի կրում, պատիժը մեղմացնելու կողմեր չունի, իսկ պաշտպանի պատճառաբանությունը դատարանը լիարժեք չհամարեց և նշեց, որ այն իրեղեն ապացույց ճանաչելու ոչ մի դրդիչ ուժ չկա:
Միջնորդությունը մերժվեց:
Շանթ Հարությունյանը միջնորդեց մեղադրողին անվստահություն հայտնել և նրա արարքը որակել որպես պաշտոնական դիրքի չարաշահում: Շանթ Հարությունյանը միջնորդեց, որ իր մեղադրանքը վերաորակվի որպես իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կիրառում:
Դատարանը սա արձանագրեց որպես հայտարարություն` նշելով, որ այն ավելի պատշաճ է պետք ձևակերպել և ցանկալի է գրավոր ներկայացնել:
Ալեք Պողոսյանը ևս միջնորդեց իրեն առաջադրված մեղադրանքը վերաորակել, քանի որ, իր պնդմամբ, ինքը խուլիգանություն չի արել:
Հայտարարություններին անցնելով` Ավետիս Ավետիսյանը նշեց, որ իրենք պետք է հեղափոխություն իրականացնեն, քանի որ պետությունը զավթած իշխանությունները պետք է կրեն իրենց պատիժը: «Չգիտեմ` մեզնից ով ինչքան կնստի, բայց ով էլ դուրս գա, պիտի նորից անցնի հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց Ավետիսյանը:
Իսկ Սևակ Մնացականյանը հայտարարեց, որ իշխանափոխության՝ դանդաղ քայլերով, սակայն հասնել հնարավոր է: «Մարդասպանության համար մի տեղ հանցագործի անուն են ստանում, մեկ այլ տեղ` հերոսի, մի տեղ դատապարտվում են, մեկ այլ տեղ` խրախուսվում: Հայաստանի ու հայ հասարակության պես ներողամիտ մարդկանց գտնելը դժվար է: Բայց ժողովրդասիրությունը միշտ դիտվել է որպես թուլություն և միշտ էլ պատժվել է: Գնչուներին էլ ցրել են աշխարհով մեկ, իսկ Հայաստանի համար ցրելը ձեռքբերում են ընկալել. սա վարչապետի խոսքերն են մեջբերում: Պատահական չի, որ սահմանապահների մեջ դեպուտատի տղա չկա»,- հայտարարեց Սևակ Մնացականյանը:
Ամբաստանյալների հայտարարությունները շարունակվում են: