ԻՆՏՐԻԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերի ամենաքննարկվող քաղաքական ինտրիգը ապրիլի 4-ին  Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում  հինգ կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից  ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագրի ստորագրումն է:  Ինչպես հայտնի է, այդ համաձայնագրին չմիացավ Հանրապետական կուսակցությունը` ի դեմս այն ներկայացնող Գալուստ Սահակյանի, ով հայտարարեց, թե հարցը պետք է դեռ քննարկել կոալիցիայում: Մինչդեռ նույն կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ միայն արդեն  միացել էր այդ համաձայնագրին` վերջերս ծայրահեղ անկոմպլեմենտար Վարդան Օսկանյանի ստորագրության տեսքով, այլեւ իրականում այդ համաձայնագրի գաղափարի համահեղինակներից մեկն էր` ի դեմս ԲՀԿ ցուցակի 9-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ում համակարգմամբ էլ իրականացվեց համաձայնագրի ստորագրումը: Իսկ միասնական շտաբ ստեղծելու մասին այս համաձայնագրի ինտրիգները մի քանիսն են: Նախ, որքան էլ տարօրինակ է, այդ համաձայնագրի  տակ դրվեցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի ստորագրությունները: Այն նույն Օսկանյանի, որին ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Զուրաբյանը անվանում էր «գազան», որի ձեռքերը «մարտի 1-ի արյան մեջ են թաթախված»: Հիմա, փաստորեն, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, Կոնգրեսի համակարգողն այլեւս չի խորշում Օսկանյանի «արյունոտ» ձեռքից նույն գրիչը վերցնել ու ստորագրել նույն փաստաթղթի տակ: Ինչեւէ, համենայն դեպս, այս համաձայնագրից հետո դժվար թե Զուրաբյանն Ազատության հրապարակից Օսկանյանին «գազան» անվանի:  
Ինչ վերաբերում է համատեղ շտաբի ձեւավորման մյուս ինտրիգին, ապա միանշանակ դա Հմայակ Հովհաննիսյանի դերակատարությունն է: Իսկ թե վերջերս ում «ականջներն են երեւում» Հովհաննիսյանի հետեւից, հայտնի է բոլորին: Հետեւաբար, այս գործընթացում ներկա է նաեւ «Մարտի 1»-ի մյուս  գլխավոր դերակատարը` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:
Հիմա անդրադառնանք ամենակարեւոր ինտրիգին` իսկ ինչու այդ շտաբին չմիացավ ՀՀԿ-ն: Շատ պարզ պատճառով` որպեսզի իր համար հավատարժան ալիբի ստեղծի`  անհրաժեշտ պահին շտաբի աշխատանքները վիժեցնելով կոալիցիոն գործընկերոջ միջոցով: Ինչ տեղի կունենա, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ընտրություններն անցել են առանց էական կեղծիքների: Ճիշտ է` համատեղ շտաբը կլուծարվի, քանի որ դրա մնացյալ անդամները կպնդեն հակառակը: Հենց այս վերջին ինտրիգն էլ տալիս է բոլոր նախորդների պատասխանը:




Լրահոս