
Ամերիկայի 30 նահանգի ներկայացուցիչներ դիմել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դաշնային կենտրոնին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Էբոլի վիրուսը երկիր մուտք գործելու կանխարգելման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Այդ նահանգների թվում են Արիզոնան, Ջորջիան, Կալիֆորնիան, Կոլորադոն, Մինեսոտան, Նյու Յորքը, մայրաքաղաքի Կոլումբիա շրջանը:
Վերջին 3 շաբաթվա ընթացքում Էբոլի վիրուսին հատուկ ախտանիշներով հիվանդանոց է դիմել 69 ամերիկացի՝ 27 նահանգից: Զննում անցկացնելուց հետո նրանցից 58-ը տուն են ուղարկվել, քանի որ հիվանդության առկայությունը չի հաստատվել: Մյուս 10 հիվանդներին բժիշկները կարգադրել են արյուն հանձնել: Ներկայումս նրանք սպասում են անալիզների պատասխաններին: