Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Այսօր ավարտվեցին դատակոչված վկաների ցուցմունքների փուլն ու ապացույցների հետազոտումը:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Սևակ Մնացականյանը, ով ասաց, որ հայաստանյան դպրոցների պատերին մաշտոցյան տառերը գրելու փոխարեն՝ գրում են. «Յուրաքանչյուր մանկավարժ պետք է լինի հանրապետական»:
«Սա ինձ համար անընդունելի է: Իրանք նենց տեղեր են մտնում, որտեղ նույնիսկ սրբերն էին վախենում մտնել: Հանուն պայքարի՝ գործելու եմ մինչև վերջ. էն ձեռքը, որը կբարձրանա իմ կամ ժողովրդի վրա, կտրելու ենք գլխի հետ միասին: Ի՞նչ վիճակում են էսօր մանկավարժները. ինքս եղել եմ, ու գիտեմ դա ինչ է»,- ասաց ամբաստանյալը:
Ալեք Պողոսյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ինքը ևս դուրս է եկել արժեքների պայքարի. այն արժեքները, որոնցով այսօր ղեկավարվում է Հայաստանը, իր համար անընդունելի են:
«Կոչ եմ անում մեր իշխանություններին մի քիչ խիղճ ու հայի արյուն ունենալ, և չենթարկվել ռուսական իշխանություններին: Էն, որ ասում են, թե ով էլ լինի իշխանության գլխին, մեկ ա, նույն է լինելու: Ասեմ ձեզ, որ էդպիսի բան չկա: Եթե երեք միլիոնի մեջ չկա մեկը, որ գոնե մի քիչ մաքուր լինի, ուրեմն պետք է երեք միլիոնին էլ կոտորեին, փնտրեք ձեր մեջ մաքուրին»:
Արմեն Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ իշխող էլիտան արտաքին և ներքին իշխանությունը ձևավորում է իր սեփական կարիքաները հոգալու համար: Մնացած սոցիալական խնդիրները ստիպում են հայերին հեռանալ հայրենիքից ու հրաժարվել քաղաքացիությունիս:
«Ես 20 տարի ծառայել եմ հայրենիքին, և չտեսա գոնե մեկ որոշում, որը կբարելավվեր մեր երկրի վիճակը: Տրամաբանորեն պարզ է, որ երկրում վաղուց էր ստեղծվել հեղափոխության մթնոլորտը. դրա համար էլ մենք դուրս ենք եկել արժեքների հեղափոխության: Մեզ ոչ մի դատարան իրավունք չունի դատելու: Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ», – ասաց Հովհաննիսյանը:
Վարդան Վարդանյանն անդրադարձավ անկախության հռչակագրին` հայտարարելով, թե միայն արժեքներ չունեցող երկրում կարող է այդ տեքստը կորչել:
«Ի՞նչն է պահպանվել, որ դա էլ պահպանվեր: Տվել են մի տականքի ձեռքը, ով կարդալուց հետո էլ ճղել-գցել ա մի կողմ»,- հայտարարեց Վարդան Վարդանյանը, ապա պահանջեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվի և կիրառվի այն հոդվածը, որը կլինի իր արարքին համարժեք:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 27-ին: