Խաբեությամբ գումար է շորթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը 2011-ի մայիսի 28-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել և հափշտակել է զգալի և խոշոր չափերի գումարներ: Մասնավորապես, քաղաքացիներին և ՀՀ տարբեր գյուղական համայնքների ղեկավարներին Ս. Գրիգորյանը խաբեությամբ ներկայացել է որպես հայ-ռուսական, հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ երկու դեպքով էլ՝ որպես “Շանթ” և “Հ2” հեռուստաընկերությունների աշխատակից, բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու, հեռուստաընկերությունների անունից օգնություն տալու կեղծ խոստումներով չարաշահել է նրանց վստահությունը և հափշտակել տարբեր չափերի գումարներ:Ս. Գրիգորյանը, վերոհիշյալ անձանց վստահությունը չարաշահելով, կանխավճար մուծելու, մանր չունենալու և այլ պատրվակներով տարբեր օրերին խաբեությամբ հափշտակել է 9 դեպքով զգալի, 2 դեպքով խոշոր չափերի գումարներ, իսկ 2 դեպքով էլ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի և խոշոր չափերի գումարներ:Ս. Գրիգորյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. ապրիլի 3-ի դատավճռով Ս. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով:ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով: 




Լրահոս