Այսօր Կառավարության հերթական նիստը սկսվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ծննդյան առթիվ շնորհավորանքներով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան ծաղիկներ նվիրեց:Վարչապետը նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և դրա մոնիտորինգի արդյունքներին:”Մենք պարզել ենք, թե վեց բնագավառներում կատարված բարեփոխումները հանրության շրջանում ինչ ազդեցություն են ունեցել, և ինչպիսին են ընկալումները այդ բարեփոխումների նկատմամբ: Հարցումները կատարված են տեղեկացված հանրության շրջանում”,-ասաց վարչապետը:
Ըստ այդմ՝ տեխզննման գործընթացի պարզեցումից գոհ է տեղեկացվածների 90.7%–ը, մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում բժշկական տեղեկանքի ներկայացման գործընթացի պարզեցումից ՝ 87.5%-ը, նոտարական գրասենյակներում սակագների վերահսկման բարեփոխումից՝ 84.4%-ը, վարորդական վկայականները մեկ օրինական վճարումից և մեկ քննությունից հետո ստանալու բարեփոխումից գոհ են 82.1%–ը, իսկ կադաստրում անշարժ գույքի առք ու վաճառքի գործընթացի պարզեցումից, ինչպես նաև չափագրումների՝ այլևս պարտադիր չլինելուց, գոհ են տեղեկացվածների 79.3%-ը:”Մենք անցկացրեցինք բարեփոխումների վերաբերյալ ծավալուն քարոզարշավ, որի նպատակն այն էր, որ ցանկացած քաղաքացի տեղեկանա և կարողանա իր իրավունքները պաշտպանել պետական մարմիններում”,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ թեև բարեփոխումներից հետո երկար ժամանակ չի անցել, բայց դրական և շոշափելի արդյունքներ արդեն գրանցվել են: Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ բարեփոխումները շարունակելու են և 18 տեսչական մարմիններում: