Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, բակերի, զբոսայգիների եւ մարդաշատ այլ վայրերի մաքրման եւ մշտական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Զեկուցվել է նաեւ, որ սանմաքրման եւ ախտահանման համալիր աշխատանքներ են տարվում բազմաբնակարան բնակելի շենքերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարվող աշխատանքները բավարար եւ գոհացուցիչ չհամարելով, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ:
«Մեր համաքաղաքացիների արդարացի պահանջն է մաքուր քաղաք ունենալը, որին հասնելու համար անհրաժեշտ է, որ սանմաքրման ձեռնարկություններն առավել ակտիվ եւ արդյունավետ աշխատեն: Այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարները: Անձամբ այցելեք սանմաքրման ձեռնարկություններ եւ տեղում պարզեք թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկեք դրանք շտկելու ուղղությամբ: Հատկապես ուշադրություն դարձրեք աղբահանությունն իրականացնող մեքենաների տեխնիկական վիճակին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են սիզամարգերի խնամքի աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվում կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը:
Նշվել է նաեւ, որ աշխատանքներ են տարվում 2015 թվականին կանաչ տարածքների ընդլայնման հնարավոր վայրերի գույքագրման, ինչպես նաեւ անտառային շերտի վերականգնման ծրագրերի մշակման ուղղությամբ: