Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին եւ ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:
Առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարները:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին`երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ: Նախագահի բնութագրմամբ` մեր պատասխան գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ եւ նրանց պատրաստակամությունը պաշտպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին եւ իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված եւ արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար` այն համարելով պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Խոսելով դրականի մասին` Նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ մենք ի վիճակի ենք տեսնել նաեւ թերություններն ու թույլ կողմերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց շտկման ուղղությամբ, համոզմունք հայտնելով, որ եւ զինված ուժերի հրամանատարությունը, եւ համապատասխան ուժային կառույցների ղեկավարները մասնագիտորեն կուսումնասիրեն եւ կքննարկեն այս հարցերը:
Երկրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փոխվարչապետ, ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված բոլոր միջոցառումների կազմակերպված եւ բարձր մակարդակով անցկացումը:
Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: