Աշոտյանը հրաժարական կտա. Սուրեն Զոլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն` պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու խնդրին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. “Վերջին օրերին տարբեր անձանց եւ լրատվամիջոցների կողմից փորձ է արվում շահարկել եւ քաղաքական երանգներ տալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ինձ իմ պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու բազմաթիվ իրավական խախտումներով հրամանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հնարավոր է, որ դա արվում է հատուկ նպատակով՝ շեղելու ուշադրությունը հրամանի բովանդակության անիրավաչափությունից եւ խնդիրը իրավական դաշտից տեղափոխելու համար:Այս առումով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում եւ չի կարող կապված լինել որեւիցե քաղաքական գործընթացի կամ ուժի հետ: Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ,  եւ հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում վստահված անձն եմ եղել նախագահական ընտրությունների ժամանակ:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչապետին եւ դատական մարմիններին, ուստի զերծ եմ մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից: Նույնը ակնկալում եմ նաեւ պատասխանող կողմից գոնե մինչեւ ընտրությունների ավարտը:Միաժամանակ  ողջունում եմ  պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան եւ այնտեղ փորձել ,ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում էե։ Իմ երկրորդ առաջարկը բխում է պարոն Աշոտյանի կողմից հնչեցրած այն մտքից, թե իբրեւ ես փորձում եմ ,սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով”:Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է “իրավական առումով ապիկարը”, ապա “այդ ապիկարը” պարտավորվում է  այլեւս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական եւ գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբե: Ավելացնենք, որ Սուրեն Զոլյանը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը անվավեր ճանաչելու նպատակով  նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, նաեւ պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան:




Լրահոս