ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ. ՄԱՐԴԻԿ ԳԱԼԻՍ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ` ԵՐԵՎԱՆԸ ՄՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

– Այսօրվա Երեւանի ճարտարապետական լուծումները Ձեզ դու՞ր են գալիս:- Ինձ ընդհանրապես Երեւանը դուր է գալիս: Ինձ համար իմ քաղաքը շատ թանկ է, այն կապված է իմ ծնողների, ընկերների, պապերի հետ:- Կասե՞ք, թե որն է ըստ Ձեզ մեր քաղաքի ամենաանճաշակ շինությունը:- Դրանք այնքան շատ են, որ դժվարանում եմ ասել:- Կցանկանայի՞ք ինչ-որ բաներ փոխել:- Ճիշտն ասած, չէ: Նախ` ես ճարտարապետ չեմ ու, ցավոք սրտի, ոչ էլ նկարիչ եմ, կարող է ավելի փչացնեի:- Բայց Դուք երեւանցի եք, ով ապրում է այս քաղաքում:- Ես ունեմ իմ երազանքների Երեւանը, որը կհամապատասխանի 21-րդ դարի չափանիշներին, բայց դրա հետ մեկտեղ չի կորցնի իր իրական բարի դեմքը: Ինձ համար շատ անսովոր է, որ չկա Երիտասարդության պալատը` մեր Կուկուռուզնիկը: Ժամանակին այն նույնիսկ Երեւանի սիմվոլներից մեկն էր: Որքան էլ «պոզ ու պոչ» էինք կպցնում, այսպես թե այնպես այն կար եւ Երեւանի մասին բոլոր պրոսպեկտներում պատկերված էր այդ շենքը: Ընդ որում ասեմ ձեզ, որ ինքը առանձնապես գեղեցիկ շենք չէր:Կարծում եմ, որ կգա ժամանակ, դա կլինի կա՛մ իմ, կա՛մ ձեր երեխաների ժամանակը, երբ իրենք Երեւանն առանց Հյուսիսային պրոսպեկտի չեն պատկերացնի: – Երբ քանդում էին Ձեր սիրելի Կուկուռուզնիկը, չփորձեցի՞ք միջամտել:- Չէ:- Ինչո՞ւ:- Նպատա՞կը: Նախ արդեն վաճառված էր, միջամտեի, թե` ոչ, ոչինչ չէր փոխվելու, իզուր տեղը դա ինձանից տանելու էր ժամանակ ու անիմաստ նյարդեր:- Հյուսիսային պողոտան Ձեզ դո՞ւր է գալիս:- Երբ ես զբոսնում եմ, ինձ դուր է գալիս, կարծես, դա էլ ուրիշ Երեւան լինի: Գիտեք, շատ գեղեցիկ թաղամասեր եմ համարում նաեւ Ավանն ու Դավիթաշենը: Նրանք երիտասարդ թաղամասեր են, բայց արդեն շատ կազմակերպված:- Համաձա՞յն եք այն մտքին, որ Երեւան սիրելը չգրված օրենք է:- Այո, անպայման, ես շատ հանգիստ կստորագրեմ Ավետ Բարսեղյանի այդ խոսքերի տակ: Շենքերն ու փողոցներն էլ իրենց համն ու հոտն ունեն: Ժամանակին քիչ քաղաք կար աշխարհի երեսին, առանց վախենալու եմ այդ խոսքերն ասում, որ կարողանար գլուխ գովել, թե քաղաքն ուներ անվանում: Երեւանը միշտ անվանվել է «վարդագույն հրաշք» եւ «ցուցահանդես բաց երկնքի տակ»: Պատահական չեն տրվում այդպիսի անվանումներ: – Ի՞նչ կասեք նախկին քաղաքապետի աշխատանքների մասին: Եթե չեմ սխալվում, Դուք էլ էիք կոչ անում նրան ընտրել:- Ես կոչ չեմ արել, ընդհակառակը: Երբ իմ շատ ու շատ կոլեգաներ գոռում էին, որ նա թատրոն ունի հոգում, ես ասում էի` թատրոն ունի քաղաքապետը իր հոգում, թե չունի, արվեստասեր է, թե ոչ, դա իր անձնական գործն է: Ամենակարեւորը, որ քաղաքապետը սիրի իր քաղաքը: Իսկ Գագիկ Բեգլարյանը սիրում էր իր քաղաքը: Յուրովի էր սիրում, բայց սիրում էր եւ փորձում էր ինչ-որ բաներ անել ու ինչ-որ բաներ հասցրեց անել այն կարճ ժամանակահատվածում, երբ ինքը քաղաքապետ էր: Գոնե վերջին ժամանակների լավագույն քաղաքապետերից մեկն էր:- Իսկ այսօվա քաղաքապետի` Կարեն Կարապետյանի աշխատանքներից տեղյա՞կ եք:- Ես Կարեն Կարապետյանի աշխատանքներին կարող եմ գնահատական տալ մեկ տարի հետո, իսկ որպես Կարեն Կարապետյան անձ, ես նրան շատ եմ հարգում եւ սիրում, մենք լավ բարեկամներ ենք: Նա բավականին կիրթ մտավորական ու քաղաքը շատ սիրող տղա ա: Կարծում եմ, որ Կարենը կարող է շատ օգտակար լինել մեր քաղաքին:- Կմտաբերե՞ք գոնե մեկ գեղեցիկ հուշ` կապված Ձեր տարիների Երեւանի հետ:- Ես երկուսը կմտաբերեմ: Առաջինը` ես շատ փոքրիկ էի, 1961 թ. ապրիլի 12-ին, երբ Գագարինը առաջին անգամ տիեզերք բարձրացավ, ես այդ ժամանակ մանկապարտեզում էի, ավագ խմբում, եւ մեզ բոլորիս տարան հրապարակ: Նման հրճվանք մարդկանց դեմքին ես չէի տեսել, այ, դա իսկական տոն էր: Տարիների ընթացքում ես գիտակցեցի, որ դա իրական ուրախություն էր: Իսկ երկրորդը` 1988 թիվն է: Դա իմ քաղաքի դեմքն էր, ամենապարզունակ դեմքը: Երեւանը միշտ էլ եղել է շատ հյուրընկալ, բայց այդքան սեր ու հոգատարություն միմյանց նկատմամբ այդ ծանր իրավիճակում, ես երբեք չէի տեսել:    Հ.Գ. «Մենք միշտ, չգիտես ինչու, քաղաքը, երկիրը, հողն ու ջուրը փորձում ենք կապել ինչ-որ անձանց հետ: Յուրաքանչյուր ոք գալիս, հեռանում է, բայց քաղաքը մնում է: Ես կարող եմ չսիրել պետականություն, կառավարություն, բայց երկիրս սիրում եմ, մանավանդ, երբ խոսքը գնում է իմ Երեւանի մասին»: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս