Բանականության խորամանկությունն` ըստ Հեգելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1770 թվականին այս օրն է ծնվել գերմանացի փիլիսոփա, գերմանական ռեալիզմի ներկայացուցիչ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը:

Հեգելը գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։

Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։ Ըստ նրա՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։

Փիլիսոփան տրամաբանությունը բաժանում է 3 մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին։ Կեցության մասին ուսմունքում նա ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, ընդ որում՝ այդ զարգացումը տեղի է ունենում թեզ–հակաթեզ–սինթեզ հաջորդականությամբ։

Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև։

Էության մասին ուսմունքում Հեգելը դիտարկում է զարգացման ներքին աղբյուրի՝ հակասության խնդիրը և դրա հետ կապված հասկացությունները՝ նույնություն և տարբերություն, բովանդակություն և ձև, ամբողջ և մաս, ներքին և արտաքին, պատճառ և հետևանք և այլն։

Հեգելը զարգացնում է «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի՝ համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը։

Փիլիսոփան մարդկանց դասակարգում է 2 խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների։ Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը։

Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը։ Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից։




Լրահոս