Գ.Առուստամյանն առաջարկում է Ռ. Հայրապետյանին հանել իր թեկնածությունը՝ որպես ջենտլմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ռուբեն Հայրապետյանը, ըստ երևույթին, իր շրջապատի կանանց չափանիշով է գնահատում մնացած բոլոր կանանց, և ես լուրջ չեմ ընդունում Ռուբեն Հայրապետյանի այդ “մեկնաբանությունները”,-ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը՝ անդրադառնալով նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանի՝ իր մասին արտահայտած կարծիքներին: Խոսելով այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը չի բանավիճի վերջինիս հետ, քանի որ ինքը կին է, Առուստամյանն ասաց. “Եթե պարոն Հայրապետյանը փորձել է ջենտլմենություն դրսևորել, ապա կարծում եմ, որ եթե ինքն իսկապես իրեն ջենտլմեն է համարում և չպետք է կնոջ հետ բանավիճի, առաջարկում եմ նրան հանել իր թեկնածությունը՝ հօգուտ կնոջ՝ որպես ջենտլմեն: Ինչ վերաբերում է այն փաստին, թե առհասարակ չի բանավիճի ինձ հետ, ես համարում եմ, որ պարոն Հայրապետյանը խուսափում է ուղղակի բանավեճից և միգուցե վստահ չէ, որ բանավեճի հարթությունում կարող է իր ընտրողներին ներկայացնել այն տեսակետները, որոնք փորձելու է իրականացնել Ազգային ժողովում, որպես պատգամավոր: Նա աշխատել է պատգամավոր և նա պետք է իմանա, եթե չգիտի տեղեկացնեմ, որ ինչպես նախընտրական փուլը, այնպես ել Ազգային Ժողովը խոսքի, բանավեճի հարթակ է, և եթե պարոն Հայրապետյանը խուսափում է հանդես գալ այդ հարթակում, ուրեմն ինքը չի համապատասխանում խոսքի միջոցով իր ընտրողներին ներկայանալու վարպետությանը”:
“Ես չգիտեմ պարոն Հայրապետյանն ինչ նկատի ունի՝ ասելով, որ ես Նիկոլի մարտավարությունն եմ որդեգրել և Նիկոլի ժանրում եմ աշխատում, ես միայն կարող եմ տեղեկացնել պարոն Հայրապետյանին, որ ես և Նիկոլը նույն ժանրում աշխատող լրագրողներ ենք եղել և հիմա էլ նույն ժանրում ենք աշխատում: Դա իսկապես նույն ոճն է, նույն ժանրն է, քանի որ ես և Նիկոլ Փաշինյանը, ինչպես լրագրության, այնպես ել քաղաքական իրավիճակների մասին նույն պատկերացումն ենք ունեցել, որդեգրել ենք նույն գաղափարը և հետապնդում ենք նույն նպատակները: Այնպես, որ զարմանալի չէ, որ իմ և Նիկոլ Փաշինյանի ժանրերը համընկնում են”,- նշեց Գայանե Առուստամյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել կնոջ հետ: “Ի՞նչ եք բերաններդ քցել՝ քաղաքական բանավեճ: Չեմ պատրաստվում կնոջ հետ բանավեճի նստել, հետո էլ պարզվի առավելություն ունեցա, ես լավ զգամ, թե հաղթեցի: Ես Գայանե Առուստամյանին անձնապես ու հեռակա չեմ ճանաչում: Գայանեի ոճից հասկանում եմ, որ նմանվում է Նիկոլին, ղժղժան: Կին է, բա որ ճանգռի”,-նշել էր Ռուբեն Հայրապետյանը։




Լրահոս