Գյումրիում սպանվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիում՝ “Մայր Հայաստան” հուշարձանային համալիրի մոտակայքում, “Մերսեդես”մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել են, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուն է՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր և ԱՄՆ-ից նոր էր վերադարձել ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։ Քիչ առաջ սպանվածի դին տեղափոխվեց դիահերձարան։ Դեպքի վայր է ժամանել անձամբ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանում նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։Քիչ առաջ Գյումրի ժամանեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը։ Ոստիկանությունից armlur.am-ին հաստատեցին այս տեղեկատվությունը՝ ներկայացնելով նաև մի քանի մանրամասներ։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այսօր Գյումրիի Ոստիկանություն են դիմել քաղաքացիներ՝ ասելով, որ 1985-ի Կարեն Եսայանը իր “Մերսեդե” 200 մակնիշի մեքենայով դուրս է եկել և անհայտ կորել է։ Ժամը 21-ի սահմաններում նշված մեքենան հայտնաբերվել է Սև Ղուլ կոչվող թաղամասում, որի մեջ եղել է Կարեն Եսայանի դին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս իրենց աշխատակիցների կողմից պարզվում են մահվան պատճառները, մասնավորապես այն հրազենային վնասվածքի արդյունք է, թե ոչ։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։




Լրահոս