Շ. Հարությունյանի գործով ամբաստանյալի հարազատները պատրաստ են 500 հզ դրամ գրավ դնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Նախագահողը հիշեցրեց, որ կողմերը կարող են դատաքննությունը լրացնելու մասին միջնորդություններ ներկայացնել, և Հայկ Հարությունյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց ևս հինգ անձի որպես վկա հարցաքննելու համար հրավիրել դատարան:

Միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ պաշտպանը հայտնել էր, որ այդ հինգ անձինք կապացուցեն, որ իր պաշտպանյալը մասնակցել է Արցախյան ազատամարտին, ինչը պատժի նշանակման համար մեղմացնող հանգամանք է: Ուստի` դատարանքի պատճառաբանությամբ` այդ հանգամանքը պետք է քննվի այլ պարագայում, քանի որ անձինք, որոնց պաշտպանը միջնորդում է ներկայանալ դատարան, առնչություն չունեն գործի և ամբաստանյալների հետ:

Ապա միջնորդություն ներկայացրեց պաշտպան Արա Զաքարյանը` իր պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը` ստորագրությամբ չհեռանալով փոխելու մասին:

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ` որևէ հավաստի նախադրյալ չկա Արմեն Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու համար: Անդրադառնալով քննությունից թաքնվելուն` պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ արդեն տասը ամիս է` իր պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ, և նրա հարազատները պատրաստ են մինչև հինգ հարյուր հազար ՀՀ դրամ գրավ դնել, ինչը ևս փաստում է, որ իր պաշտպանյալը քննությունից չի թաքնվի:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ ամբաստանյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ինչի համար կան բավարար հիմքեր: Չի բացառվում, որ վերջինս չի ներկայանա վարույթն իրականացնող մարմնի կանչով:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:




Լրահոս