Մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման եւ ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Հարկ է նշել, որ հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Ընկերության կողմից տարեսկզբից մինչեւ օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն: Թվով 71 հենասյուն փոխվել է Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում` «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի կողմից: «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղն էլ նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում`փոխարինելով 73 հենասյուն:

Եվս 101 հենասյուն է տեղադրվել «ՀԷՑ» ՓԲԸ-ի « Արեւմուտք» մասնաճյուղի կողմից` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում: Մինչեւ տարեկան ծրագրի ավարտը միայն Կենտրոն վարչական շրջանում նոր հենասյուների թիվը կհասնի 139-ի : Աշխատանքները կկրեն պարբերական բնույթ:




Լրահոս