«ԵԹԵ ԼԱՎ Է` Ի՞ՆՉԸ ՓՈԽԵՆՔ, ԵԹԵ ՈՉ` ԻՆՉՈ՞Ւ ՉՓՈԽԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակի ամբիոնը զբաղեցրել էին Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները, իսկ ներքեւում հիմնականում երիտասարդներ էին, որոնք ձեռքներին բռնել էին «Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով ցուցանակները: Ակնհայտ էր, որ մի մասն էլ պարզապես համերգի էր եկել` Երզնկյանի համույթն էր Ազատության հրապարակում:
Պետք է նկատենք, որ ՀՅԴ-ական բոլոր գործիչներն ընդգծված քննադատական ելույթներ էին ունենում: Ճիշտ այնպես, ինչպես ամեն ընտրությունից առաջ:
Իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ «ջեմ, տուկի թել ու չգիտեմ էլ ինչ զիբիլ» բաժանելով` իշխանությունը չի կարող նրան ստիպել մոռանալ իր արարքները. «Իշխանությունն օգտվել է մեր թուլությունից, մեր վախկոտությունից, անտարբերությունից ու անպատասխանատվությունից, եւ մենք կվերադարձնենք ձեզ ձեր քաջությունը, խիզախությունը, որովհետեւ մեր ժողովուրդն արժանի է դրան»: Նա կոչ արեց հավաքվածներին «ընտրության օրը չմոռանալ», թե ովքեր են եղել իշխանության ղեկին, ովքեր են եղել խորհրդարանում, եւ մեկ անգամ եւս թույլ չտալ նրանց վերադարձը: «Մենք ուժեղ ենք, ուրեմն ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ կաշառակերները մտնեն խորհրդարան»,-ասաց նա եւ դիմելով հավաքվածներին` բացականչեց` ո~չ, թույլ չենք տա: Հովհաննիսյանը բացատրեց նաեւ ՀՅԴ կարգախոսի իմաստը. ««Արդարություն, ազատություն, դաշնակցություն» կարգախոսը հենց նպատակ ունի իշխանությունը վերադարձնել ժողովրդին, որպեսզի խորհրդարանում չլինեն հաստավիզներ»:
Իսկ ՀՅԳ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փորձեց բացատրել ՀՀԿ-ի կարգախոսը: «Եթե լավ է, ի՞նչը պետք է փոխենք, իսկ եթե վատ է, ինչո՞ւ պիտի ձեզ չփոխենք»,-հարցրեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ Դաշնակցությունը ժամանակին «ոչ» է ասել շատ բաների, այդ թվում ֆուտբոլային դիվանագիտությանը. «3 տարի առաջ ասված մեր «ոչ»-ը պիտի շարունակվի այսօր: Իսկ հիմա Դաշնակցությունը «ոչ» է ասում կոռուպցիային, «ոչ» է ասում անարդարությանը, եւ այդ «ոչ»-ը մայիսի 6-ին պիտի հաղթի»:
Չնայած երիտասարդ դաշնակցականները հսկում էին, որպեսզի հանրահավաքի ընթացքում կարգը խանգարող չլինի, այնուամենայնիվ, մի պապիկ անընդհատ շարքերով անցնում էր եւ ասում. «Հիշե՛ք «Զանգեզուր» ֆիլմը, հիշե՛ք` ինչեր են արել դաշնակները»… Պապիկը նաեւ ասաց, որ ինքը հայոց թագավոր Արշակն է եւ բոլոր միտինգներին մասնակցելու է: «Ես բոլորին ասելիք ունեմ, թող չխաբեն մեզ, ես եմ ուզում այս անգամ նախագահ դառնալ»,-ասաց պապիկը:
Իսկ վերջում ՀՅԴ-ն բավականին շքեղ ու թանկարժեք հրավառություն արեց:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս