Շարունակվում է դատապարտյալներին աշխատանքով ապահովելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:

Նրանք ներգրաված են ինչպես հացի եւ մակարոնի, կարի եւ գորգագործության արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական եւ անասնապահական աշխատանքներում:

«Նուբարաշեն», «Կոշ», «Սեւան», «Գորիս», «Վանաձոր» եւ «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ Հիմնադրամը կարողանում է ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաեւ մակարոնեղենի պահանջարկը:

Նախորդ տարիներին դատապարտյալները մասնակցել են նաեւ պահածոներ, մասնավորապես՝ թզի ջեմ պատրաստելու գործընթացին, սակայն Մեղրիի Նռնաձոր համայնքում 2014 թվականի մայիսին տեղացած առատ կարկուտի եւ ցրտահարության հետեւանքով թզի բերքատվությունը ցածր է եղել եւ այս տարի պահածոյացման աշխատանքներ կազմակերպել չի հաջողվել:

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստեղծագործական աշխատանքների մեջ ներգրավվել եւ պայմանագրեր է կնքվել մոտ 40 դատապարտյալի հետ: Վերջինների պատրաստած հուշանվերների վաճառքից առաջացած հասույթը փոխանցվել է նրանց դեպոզիտային հաշվին: 2002 թվականից գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային խնդիրներից մեկը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: Դատապարտյալները աշխատում են կամավոր: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս