ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ» ՃՈՐՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԵՎ «ԶՐՊԱՐՏԵԼ»

ՕԵԿ-ական մտքի հերթական փայլատակումն իրեն երկար սպասեցնել չտվեց. ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ հանդես է եկել մամլո ասուլիսով: Պարտադիր կուտակային համակարգի մասին իր յուրահատուկ դատողություններն անելուց զատ՝ ՕԵԿ-ական պատգամավորը խոսել է նաեւ իր «սիրելի» «Ժողովուրդ» օրաթերթի մասին, երբ լրագրողները հարցրել են, թե պատրաստվում է արդյոք Հովհ. Մարգարյանը դիմել Ռուսաստանի Դաշնության դատախազություն՝ ռուսական wek.ru կայքին պատժելու համար այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի Մարգարյանի դիմումին պատգամավորին ցանկալի ընթացք չէր տվել:
Հիշեցնենք, որ մեր օրաթերթում հրապարակված էր հոդված Արթուր Բաղդասարյանի հարստացման, ինչպես նաեւ ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար ՕԵԿ-ականների կողմից 150-հազարական դոլար վճարելու մասին: Սակայն, հակառակ ՕԵԿ-ի սպասումների, «Ժողովուրդ»-ը նաեւ իրավական դաշտում ապացուցեց, որ օգտվել է այլ աղբյուրից՝ պատշաճ հղումով: Հետեւաբար, նշվածի պատասխանատվությունն ընկնում է ռուսական լրատվամիջոցի վրա: Ի դեպ, ռուսական wek.ru կայքում 2010թ. հրապարակված «Հայաստանը թալանողները-3» հոդվածաշարում առավել խիստ մեղադրանքներ կան՝ հասցեագրված ՕԵԿ-ին ու նրա առաջնորդին: Եվ դա կարդալուց հետո պատիվ պահանջող եւ հեղինակության համար մարտնչող Հովհաննես Մարգարյանը տրամաբանորեն պետք է հետ վերցներ իր դիմումը եւ շարունակեր պատիվ պահանջել արդեն ռուսական լրատվամիջոցից: Սակայն այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Մարգարյանն ասել է. «Դա էժանագին բամբասանք էր իմ հասցեին… Ինչ վերաբերում է ռուսական կայքի դեմ հայց ներկայացնելուն, գիտեք ի՞նչ, մեր լրատվական դաշտում մի հնարք է սկսել գործել. մի չգիտես ինչ կայք են վերցնում, հղումը տալիս ու գրում…»:
Փաստորեն, ՕԵԿ-ի թուրն աջուձախ կտրում է միայն տեղական լրատվամիջոցների շրջանում: Հենց հերթը հասնում է ռուսական լրատվամիջոցներին, ՕԵԿ-ական պատգամավորն այլեւս չի ուզում վատնել իր թանկարժեք ժամանակը «ինչ-որ էժանագին բամբասանքների հետեւից ընկնելու» վրա, ռուսական կայքի գրածն էլ (թեկուզեւ զրպարտությունը) հեղինակությանը չի վնասում. դե ռուսն է, մեր մեծ եղբայրը ու ճորտատիրոջ իրավունքով կարող է եւ զրպարտել…
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու հետ չի վերցնում «Ժողովուրդ»-ի դեմ տված իր հայցադիմումը, «ժողովուրդասեր» ՕԵԿ-ականն ասել է. «Եթե դուք ինձ ցույց տաք մի մամուլ, ով իր հրապարակման 70-80 տոկոսը թիրախավորում է նույն անձանց, ես էս պահին իմ հայցը հետ կվերցնեմ»:
Այսինքն՝ Հովհաննես Մարգարյանն ուզում է ասել, որ մեր հրապարակումների 70-80 տոկոսն իբրեւ թե ՕԵԿ-ին են թիրախավորում: Զուտ ՕԵԿ-ական այս տրամաբանության համաձայն՝ մեր ութէջանոց օրաթերթի յուրաքանչյուր համարի առնվազն 6,5-7 էջը պետք է նվիրված լինի ՕԵԿ-ին: Արդյոք այս վարկածը համապատասխանում է իրականությանը՝ դժվար չէ ստուգել, եւ կտեսնեք, որ ի դժբախտություն ՕԵԿ-ի՝ մեր օրաթերթում նրանց նույնիսկ 1 ամբողջական էջ չի հատկացվում, քանի որ դա բավականին լուրջ եւ արդյունավետ գովազդ կլիներ վաղուց հեղինակության հետ պրոբլեմ ունեցող այդ կուսակցության համար: Եվ Մարգարյանի այդ խոսքերից արդեն պարզ է դառնում, թե իրականում ով է ում թիրախավորել:
Ինչեւէ, լսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին Հովհ. Մարգարյանի արտահայտած կարծիքը՝ տպավորություն է ստեղծվում, որ ՕԵԿ-ական պատգամավորն իրականում դեմ է այս նախագծին: «Չգիտեմ՝ ինչքանով էր ճիշտ սկսել հինգ տոկոսից, չսկսել երկու տոկոսից: Մենք զրկում ենք քաղաքացիներին սեփականության իրավունքից»,-ասել է նա լրագրողներին՝ միգուցե այդ պահին մոռանալով, որ հենց ինքը այդ նախագծին կողմ է քվեարկել: Ահա այսպես էլ երբեմն-երբեմն իրենց գործառույթները մոռանալով` պատգամավորները սկսում են բացահայտ զրպարտել՝ օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 
«ՔՅԱԲԱԲԱՅԻՆ» ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՏԱՃԱՐԻ ՄԱՍԻՆ

Գառնու հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու նախագիծը, որը ժամանակին մերժվել էր Գառնու գյուղապետի կողմից, պարզվում է՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար լիովին ընդունելի է:
Tert.am-ի հետ զրույցում նախարար Պողոսյանն ասել է, թե կարելի է սրճարան կառուցել. «Եթե հնագիտական շերտը չենք վնասում, կարելի է եւ կառուցել: Այդտեղ հսկայական տարածք կա, եթե մարդիկ մտնում են տարածք, մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն»:
Թերեւս կարիք կա մշակույթի նախարարին հիշեցնելու, որ Գառնու տաճարի տարածքում «մի ջուր խմելու հնարավորություն» կա, միշտ էլ եղել է, եւ երբեք էլ «մի բաժակ ջրի» խնդիր չի ստեղծվել: Ընդ որում, տաճարի անմիջապես հարեւանությամբ գործում է սննդի 3 կետ, եւ «հոգնած ու սոված» զբոսաշրջիկները դժվար թե չկարողանան մոտ 100 մետր քայլել, որպեսզի հասնեն սննդի օբյեկտին: Ավելին, այդ նույն զբոսաշրջիկները, որոնցից շատերն այցելում են նաեւ Եգիպտոս, Հռոմ եւ այլ՝ պատմական հուշարձաններով հարուստ վայրեր, դժվար թե Քեոփսի բուրգի կամ Կոլիզեյի հարեւանությամբ տեսած լինեն «քյաբաբնոցներ» կամ թեկուզ սրճարաններ:
Բայց Հասմիկ Պողոսյանը մշակութային արժեքների եւ տուրիզմի մասին հավանաբար այլ՝ «քյաբաբային» պատկերացում ունի:

Կ. Վ.

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՋՐԱՄԲԱՐԻ ՄՈՏ, ԲԱՅՑ ԱՆՋՈՒՐ

1980թ. հանդիսավորությամբ բացվեց Ջողազի ջրամբարը: Մինչ այդ՝ 1978թ., արհեստական ջրամբարի ափին գտնվող Ջողազ գյուղը վերանվանվեց Բերքաբեր: Եվ իսկապես, 10 տարի՝ 1980-1990 թվականներին, Բերքաբերում հարուստ բերք կար, այգիներում պտուղը շատ էր: Սակայն արդեն 1990թ. սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, եւ ազերիների գնդակոծության հետեւանքով գյուղն այլեւս Ջողազի ջրամբարից ոռոգման ջուր չէր կարողանում վերցնել: 1990-ականների վերջին Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ ջրամբարի պատվարի տակ գործարկվեց թափվող, ինքնահոս ջրով աշխատող փոքր հէկ, որը նաեւ գյուղին ջուր պետք է մատակարարեր: Սակայն ադրբեջանական կրակոցների պատճառով այն շուտով անգործության մատնվեց: Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող Բերքաբերը ներկայումս պարբերաբար գնդակոծվում է: «Հիմա ձյուն է, կրակոցները որոշ չափով քչացել են»,-ասում են բերքաբերցիները:
Սահմանամերձ, 528 բնակիչ ունեցող գյուղում խմելու ջրի խիստ պակաս կա: Բերքաբերի ղեկավար Արթուր Մադաթյանն ասում է, որ Աճարկուտ գյուղի տարածքից ձգվող խմելու ջրատարը կեսդարյա է, մաշված: Բերքաբերցիները ջուր են կրում գյուղի տարածքում գտնվող 2 աղբյուրներից կամ այլ համայնքներից: Բերքաբերի 835 հա հողերը գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ կողմում եւ այժմ մշակվում են ադրբեջանցիների կողմից: Սահմանամերձ գյուղի բնակիչները վկայում են, որ իրենց տնամերձ հողերը մշակելու համար ոռոգման ջուր չունեն: Գյուղացիները հնարավորություն չունեն օգտվելու իրենց կողքին գտնվող, 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Նշենք, որ այդ ջրամբարը լցվում է Տավուշի մարզի լեռներից ու անտառներից սկիզբ առնող գետերի ջրով: Իսկ Ջողազի ջրամբարի մյուս ափին գտնվող ադրբեջանական Մազամլի գյուղի բնակիչները մեծ խողովակներ են գցել ջրամբարի մեջ, պոմպերով ջրամբարից ջուր են մղում եւ ոռոգում իրենց հողամասերը:
2013թ., ըստ պաշտոնական տվյալների, Տավուշի մարզում կատարվել է 26 միլիարդ դրամի ներդրում. մի՞թե չէր կարելի այդ գումարներից մասհանումով նորոգել Բերքաբերի խմելու ջրագիծը կամ վերանորոգել միջպետական մայրուղուց Բերքաբեր տանող ճանապարհը, որն անբարեկարգ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ-85 

Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 85 տարեկան, բայց շարունակում է աշխատել երիտասարդական ավյունով իր անունը կրող մարզադպրոցում։
Շնորհավորում ենք հայկական սպորտի լեգենդին, որը 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը, մաղթում երկար տարիների կյանք՝ ի շահ հայկական սպորտի։




Լրահոս