ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ՏԵՂՈՒՄ ԴՈՓԵԼ»

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստվում է նկարահանել «Հարսի շոր» երգի տեսահոլովակի երկրորդ մասը, որը, երգչուհու խոսքով, «ուրիշ, գեղեցիկ ստեղծագործություն է լինելու»։ Կան ամենատարբեր ոճերի երգեր, որոնք նույնպես առաջիկայում կներկայացվեն հանդիսատեսին։ Իսկ ահա Հովհաննես Բադալյանի վերամշակմամբ «Սարերի հովին մեռնեմ» երգը նա կկատարի Սեւակ Ամրոյանի հետ:
-Տեսահոլովակ ենք պատրաստում այդ երգի հիման վրա, որովհետեւ այն մնայուն երգ է, արժեք։ Փակագծերը բացելով՝ ասեմ, որ ուզում ենք` երգը լինի մի պատմություն, կոնկրետ սյուժե ունենա։ Օրերը տաքանան, ամենաշատը մեկ ամսվա ընթացքում կնկարահանենք։ Դրան կհաջորդեն այլ տեսահոլովակներ, երգեր։ Ես չեմ սիրում տեղում դոփել, հանդիսատեսին տարբեր ոճի երգեր եմ ներկայացնում։ Այս տարի թե՛ Հայաստանի տարբեր քաղաքներում, թե՛ արտերկրում համերգներով եմ հանդես գալու։ Ի դեպ, ես միշտ սիրով մասնակցում եմ բարեգործական համերգներին, պատրաստ եմ, անկախ զբաղվածությունից, միշտ երգել հիվանդ, անապահով երեխաների, ծերերի, ինչպես նաեւ մեր զինվորների համար։
-Խոսեցիք «Հարսի շոր» երգի մասին։ Իսկ ե՞րբ եք իրականում հարսի շոր հագնելու։ Մանավանդ խոսակցություններ կային այն մասին, որ արդեն ամուսնացել եք։ Անձնական կյանքում նորություններ կա՞ն։
-Անձնականում ամեն ինչ շատ լավ է. ունեմ ընտրյալ, սիրելի մարդ։ Ես էլ եմ սիրված, նա էլ։ Ինձ համար ամենակարեւորը, առաջնահերթը սերն է, որն ինձ համար շատ թանկ է։ Մի խոսքով՝ ես ի վերջո գտել եմ իմ ընտրյալին, նա էլ, կարծում եմ, ինձ է գտել։
-Ձեր բնագավառի՝ շոու բիզնեսի ներկայացուցի՞չ է։
-Ո՛չ, իմ բնագավառի հետ կապ չունի։ Բայց կարեւորն այն է, որ շատ լավ մարդ է, ինձ համապատասխան։ Ի վերջո, ճիշտ են ասում, որ ամեն մեկը գտնում է իրեն համապատասխան անձնավորությանը։ Նա շատ թանկ մարդ է ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա, ճիշտն ասած, այդ հարցում դեռեւս որոշակիություն չկա։ Ինչպես ասում են, ամեն ինչ Աստծո ձեռքում է, եւ ժամանակը ցույց կտա, թե երբ է անհրաժեշտ գնալ այդ քայլին։ Կարեւորն ինձ համար այն է, որ ունեմ սիրած անձ, ու կարծում եմ՝ ամեն ինչ կընթանա իր բնական ու ցանկալի հունով։
-Երիտասարդները, այդ թվում՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները, մասնակցում են քաղաքացիական շարժումներին, իսկ Դուք կարծես թե չեք երեւում։ Կարելի՞ է ենթադրել, որ Դուք պայքարի նման ձեւը չեք ընդունում։
-Ես մասնակցել եմ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ կազմակերպած բողոքի միջոցառումներին, բայց, չգիտես ինչու, իմ անունը չեն նշել։ Մի քանի հոգի պարզապես ավելի շատ են երեւացել, կարծում եմ, զուտ երեւալու համար։
-Իսկ Ձեր ավտոմեքենայով…
-Այո՛, իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով մարդկանց եմ տեղափոխել մի քանի օր շարունակ։ Զբաղվածությունս մի կողմ եմ դրել, միասնական բոլորի հետ մասնակցել եմ իմ ցանկությամբ, ոչ ուղղակի ձեւի համար։ Ի դեպ, դա կայքերում էլ է արձանագրված։ Շատ ուրախ եմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների ու նաեւ իմ լուման էլ կա այն բանում, որ տրանսպորտի սակագները չբարձրացան։
-Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ակցիաներին չե՞ք մասնակցում։
-Ինձ միշտ էլ մտահոգել է ժողովրդի ապրելակերպը, եւ այնպես չէ, որ միայն երգում եմ ու մնացած մարդկանց մասին չեմ մտածում։ Ես իմ էությամբ նման մարդ չեմ, եւ ինչքան կարողանում, մարդկանց օգնում եմ։ Ճիշտ է, քաղաքականությամբ չեմ զբաղվում (կան մարդիկ, ովքեր կարող են զբաղվել ու զբաղվում են դրանով), իմ գործն եմ անում, բայց եթե պետք լինի, ինչո՞ւ ոչ, միգուցե եւ կենսաթոշակների համար անցկացվող բողոքի միջոցառումներին կմասնակցեմ։ Ընդհանրապես, եթե բոլորը ոտքի ելնեն, եթե միասնական լինենք, միահամուռ ուժերով ցանկացած հարց կարող ենք լուծել։

 

 

 

 

 
ԴՈՒԴՈՒԿԸ ԿՀՆՉԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Մարզական խոշոր միջոցառումները սովորաբար ունենում են նաեւ իրենց մշակութային ծրագիրը։ Իհարկե, բացառություն չէր կարող լինել նաեւ այս օլիմպիադան։ Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք chelovek-online.ru կայքից, օլիմպիական խաղերի ծրագրի շրջանակներում անցկացվող միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաեւ հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:
Սոչիում կայանալիք համերգի մանրամասների շուրջ զրուցեցինք ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանի հետ։
-Ե՞րբ եք մեկնելու Սոչի, Ձեզ հետ Հայաստանից այլ ներկայացուցիչներ կլինե՞ն։
-Իմ իմացած տվյալներով` միայն ես եմ լինելու։ Իսկ մեր համերգային ծրագիրը նվիրված է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հավաքվում են հայտնի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, եւ անցկացվում է «Ողջո՛ւյն օլիմպիադայի մասնակիցներին, ողջո՛ւյն օլիմպիադային» խորագրով փառատոն։ Ես հրավերն ստացել եմ հայտնի ալտահար Յուրի Բաշմետի կողմից, եւ պետք է նվագենք նրա հայտնի նվագախմբի՝ «Մոսկվայի մենակատարներ»-ի հետ։ Պետք է հնչեն Վաչե Շարաֆյանի եւ Կոմիտասի մշակումները։
-Ձեզ հետ նվագակցող լինելո՞ւ է։
-Ո՛չ, մենակ եմ գնում։ Բոլոր հարցերը կազմակերպված, պայմանավորված են նախապես։ Փետրվարի 18-ին մեկնելու եմ, իսկ արդեն փետրվարի 20-ին ելույթ եմ ունենալու։
-Որտե՞ղ է կայանալու համերգը։
-Դժվարանում եմ ասել։ Համերգը, ինչպես նշեցի, այդ երաժշտական փառատոնի շրջանակներում է տեղի ունենալու։ Իսկ փետրվարի 20-ին դրա փակման հանդիսավոր արարողությունն է լինելու, որի ժամանակ էլ նվագելու եմ։
-Հնարավո՞ր է, օգտվելով հարմար առիթից, նաեւ մենահամերգով հանդես գաք հայ համայնքի համար։
-Չեմ կարծում, որովհետեւ սա նախապես համաձայնեցված է, մոտավորապես ութ-ինը ամիս առաջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։ Այնտեղ՝ օլիմպիական Սոչիում, վիճակը, ինչքան ես հասկանում եմ, շատ խիստ է, այսպես ասած, բոլոր անցուդարձերը, շարժումները վերահսկվում են, դրա համար էլ չեմ կարծում, որ ոտքի վրա համերգային ծրագիր կարողանան կազմակերպել։ Այնտեղ ամեն ինչ արվում է արդեն վաղուց նախատեսված գրաֆիկով, ու անհավանական է, որ հանպատրաստի ծրագրեր իրականացնեն։
-Ե՞րբ կվերադառնաք Հայաստան։
-Ելույթից հետո մի քանի օր կմնամ, կդիտեմ նաեւ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը ու նոր միայն կվերադառնամ հայրենիք։ Ի դեպ, ավելորդ չեմ համարում նշել, որ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ կհնչի հայկական դուդուկ։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՓՈԽԱԴԱՐՁ Է

Վոկալիստներ Կարինե Առուստամյանը, Նիկ Էգիբյանը, Հովսեփ Երեմյանը, կիթառահար Վիլյամ Հալաջյանը, բաս-կիթառահար Հակոբ Թորգոմյանը եւ հարվածային գործիքներ նվագող Հովսեփ Եգանյանը միավորվել են եւ ստեղծել «The Band»-ը, որի կազմում արդեն շուրջ 6 ամիս է` պարբերաբար ելույթ են ունենում մայրաքաղաքի ակումբներում: Երաժշտությունից զատ` նրանց միավորում է ամուր ընկերությունը: «Բենդը չենք կազմավորել զուտ գումար աշխատելու համար: Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք: Անկեղծ եմ ասում, շատ եմ հոգնում, բայց, միեւնույն է, հաճույք եմ ստանում, երբ զգում եմ, որ սերը փոխադարձ է»,- ասում է խմբի միակ աղջիկը` Կարինեն: «The Band»-ի անդամները դեռ հեղինակային երգացանկով չեն ներկայանում, կատարում են Ռիհաննայի, Բոբ Մարլիի, Էմի Ուայնհաուսի, Սթիվի Ուանդերի եւ համաշխարհային այլ արտիստների երգերի քավերները:

 

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ

Բեյրութում ծնված, երիտասարդ տարիները Հայաստանում անցկացրած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Հարութ Փամբուկչյանին քրդերը մեղադրում են գրագողության մեջ: Քրդական կայքը նշում է մի քանի երգեր, մասնավորապես մեծ տարածում գտած «Հայ քաջեր»-ը, որն իբր թե գրված է քրդական «Lawo, destՍ min berde» երգի մեղեդու հիման վրա:

 

ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, չնայած մեջքի ցավերին, ելույթ կունենա տղամարդկանց մենապարողների անհատական մրցաշարում: Մենապարողների ելույթը Սոչիի ձմեռային խաղերում տեղի կունենա փետրվարի 13-ին: «Պլյուշչենկոն իսկապես մեջքի ցավեր ուներ, բայց վերականգնվելու ժամանակ կա: Կարծում եմ, որ բժիշկներին կհաջողվի օգնել նրան, եւ մրցումային ոչ մի փոփոխություն չի լինի»,-ասել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը:




Լրահոս