ՎԻԶԸ ԿՏՐԵԼ ԷԻՆ ԱԿԱՆՋԻՑ ԱԿԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխվելիս Սլավիկ Ոսկանյանը կնոջը` Շուշանիկին, ասել էր. «Սա մեր վերջին հանդիպումն ա, կտեսնես, որ ես էլ չեմ գալու…»:
Այդ համոզվածությունը եղել էր այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին եւ փորձել ոստիկանության գնդապետ Մովսես Իսկանդարյանի մոր դաժան սպանությունը «բարդել» նրա վրա (համենայնդեպս, այդպես նշված է Սլավիկի ձեռագրով բերդից գրված մի նամակում, որն ուղղված է եղել իրավապաշտպան Արթուր Սաքունցին)` սպառնալով, որ եթե այդ սպանությունն իր վրա չվերցնի, ընտանիքին վնաս կտան: Հիշեցնենք, որ Սլավիկը ձերբակալվել էր Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, ինչպես նաեւ Վանաձորի ոստիկանության ՔՀԲ օպերլիազոր Մովսես Իսկանդարյանի մոր` Սվետլանա Կազազյանի սպանության փաստով (նրա պարանոցը կտրել էին` ականջից ականջ): Կազազյանին սպանել էին 2010թ. հոկտեմբերի 6-ին` Վանաձորի Զաքարյան փողոցում գտնվող սեփական խանութում, սակայն խանութից ոչինչ չէին վերցրել: Ու չնայած Սլավիկն ասել էր, որ ինքը չի սպանել, քանի որ այդ ժամին այլ վայրում է եղել (ինչը հաստատել էր նաեւ կինը լրագրողներից մեկի հետ զրույցում), այդուհանդերձ, ոստիկանության ճնշումներից հետո նրան ուղարկել էին «Վանաձոր» ՔԿՀ: Հավանաբար տեսնելով, որ փրկվելու տարբերակ չկա, Սլավիկը կնոջն ասել էր, որ իրեն թուք է սրսկել, որպեսզի այդտեղից  տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն նրան այդպես էլ չէին տեղափոխել: Օրեր անց` 2010-ի հոկտեմբերի 24-ին (գնդապետի մոր սպանությունից 18 օր հետո), Սլավիկը մահացել էր:
Ձերբակալվածի մահվան կապակցությամբ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրգործ` մասնավորապես պարզելու, թե ինչպես է ստացվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թվականի հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս եւ ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010-թ. հոկտեմբերի 24-ին մահացել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանը մահացել է «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով: Մոտ մեկ տարի անց` 2011թ. օգոստոսի 30-ին, ՀՔԾ-ն կարճել էր քրգործի վարույթը: Սակայն վերոնշյալ ու նաեւ այլ հանգամանքներ հաշվի առնելով` Սլավիկի հարազատները եւ նրանց ներկայացուցիչը դիմել էին դատարան` քննիչի կարճման որոշումը վերացնելու եւ քրգործի վարույթը շարունակելու, Սլավիկի մահվան մեղավորներին պատժելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր բողոքը, ինչից հետո տուժող կողմը 2012թ. մարտի 22-ին բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան` նշելով, որ դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ հոդվածը, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Իսկ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ապրիլի 13-ին Վերաքննիչ դատարանը կքննի տուժող կողմի բողոքը: Ի դեպ, տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:     

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս