ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է «Ժողովուրդ»-ի ապրիլի 4-ի համարում տպագրված «Քաղաքացին ընտրատարածքում գոյություն չունեցող հասցե է գտել» հոդվածին, որտեղ նշված էր, որ Երեւան քաղաքի Երզնկյան 39 հասցեի սեփականատեր Ժենյա Վարդանյանը պարզել է, որ այդ հասցեում հաշվառված է ավելի քան 10 քաղաքացի: Բացի այդ, ընտրացուցակում առկա է նաեւ գոյություն չունեցող Երզնկյան 39գ հասցե, որում հաշվառված է Հայկ Սահակյան անուն-ազգանունով քաղաքացի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երզնկյան 39 հասցեի բնակելի տարածության սեփականատերը Ժենյա Վարդանյանը չէ, հետեւաբար` նրա կողմից նշված հասցեում հաշվառված քաղաքացիներին հաշվառումից հանելու խնդրանքն իրավաչափ չէ եւ ենթակա է մերժման:
2005թ. Երզնկյան 39գ հասցեում հաշվառված Հայկ Սահակյանի հաշվառման հիմքերի վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չէ հայտնել, քանի որ հաշվառման հիմքերի պահպանման 5 տարվա վաղեմությունն անցնելու կապակցությամբ դրանք ոչնչացվել են:
Պարզվել է նաեւ, որ Հայկ Սահակյանը ներկայում բնակվում է Եղեգնաձոր քաղաքում եւ առաջիկայում կհաշվառվի ըստ բնակության վայրի` հանվելով Երեւան քաղաքի Երզնկյան 39գ հասցեի հաշվառումից:

ՀՀ ոստիկանություն




Լրահոս