ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ, դժգոհելով իրենց չգնահատված կարգավիճակից ու նաեւ իրենց ապագայի նկատմամբ ունեցած անապահովության զգացողությունից, դիմումներ են գրել տարբեր մարմինների: Մեր ձեռքի տակ է հայտնվել համաշխարհային եւ եվրոպական դատավորների միությանը հասցեագրված հայ դատավորների նամակը:
Ըստ այդ փաստաթղթի՝ դատավորներն իրենց գործընկերների ուշադրությունն են հրավիրում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013թ. դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի վրա, որն ուժի մեջ է մտնելու 2014թ. հուլիսի 1-ից: Այդ օրենքով կարգավորվում են նաեւ դատավորներին նշանակվող կենսաթոշակի հետ կապված հարցերը:
«Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, եւ նոր ընդունող օրենքների իրավակարգավորումները չպետք է վատթարացնեն անձանց իրավական եւ փաստացի դրությունը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դատավորների անկախությանը: Գտնում ենք, որ առանց որեւէ օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորման, դատավորների իրավական եւ փաստացի դրությունը վատթարացնող օրենքների ընդունումը չի կարող հետապնդել եւ չի հետապնդում իրավաչափ, իսկ միջամտության եղանակը համաչափ չէ»,-գրել են դատավորները:
Նրանց մեկնաբանությամբ՝ օրենքում ողջամիտ որեւէ բացատրություն կամ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքը, ըստ էության, վերացվել, եւ «ի՞նչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»:
Նամակում նաեւ հիշեցում կա, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն, ու այդ դրույթն ունի իմպերատիվ բնույթ: Այսինքն՝ ընդունված օրենքը պետք է վերաբերի դրա գործածությունից հետո դատավոր նշանակվածներին, այլ ոչ թե երկար տարիներ գործունեություն ծավալողներին: Սակայն նոր ընդունված օրենքը տարածվում է նաեւ այսօր գործող դատավորների վրա՝ մշուշելով նրանց՝ ապահով ապագայի մասին ունեցած պատկերացումները: Դրա համար էլ դատավորները բարձրաձայնել են. ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ դատավորներին նշանակվելիք կենսաթոշակը չի կարող հանդիսանալ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ միջազգային այլ փաստաթղթերով ամրագրված դատավորների անկախությունն ապահովող սոցիալական երաշխիք, ուստի այդ առումով կհակասի ՀՀ Սահմանադրությանը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը ՀՀ նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ վերադարձվել է Ազգային ժողով: Առարկություններն ու առաջարկությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ միայն ՍԴ անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափի հաշվարկմանը, որը պետք է իրականացվի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սա դատավորները համարում են իրենց դեմ ուղղված քայլ, քանի որ, ըստ էության, ՍԴ դատավորները վեր են դասվել, իսկ իրենք մատնվել են մոռացության:
«Փաստորեն, թեեւ արդարադատություն իրականացնելիս անկախ լինելու եւ նրանց միայն Սահմանադրությանն եւ օրենքին ենթարկելու ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով ամրագրված սկզբունքը վերաբերում է թե՛ դատավորներին եւ թե՛ Սահմանադրական դատարանի անդամին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանի անդամների համար հաշվարկվող կենսաթոշակի չափի վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկությունը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվելու պարագայում դատավորների եւ ՍԴ անդամների համար հիշատակված օրենքով կսահմանվեն միմյանցից էականորեն տարբերվող սոցիալական երաշխիքներ: Այս իրավակարգավորումը չի կարող ունենալ ո՛չ օբյեկտիվ հիմք, ո՛չ իրավաչափ նպատակ եւ ո՛չ էլ այդ կապակցությամբ օրենսդիրը կարող է ողջամիտ բացատրություն ունենալ»,-եզրահանգել են դատական իշխանության ներկայացուցիչները:
Դատավորները մտահոգված են նաեւ այն հանգամանքով, որ իրենք թոշակի անցնելուց հետո չեն կարողանալու բիզնես գործունեություն ծավալել: ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի անցնելու (ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա վճարովի աշխատանք կատարելու, պետական ու համայնքային պաշտոն զբաղեցնելու, որպես անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում (բացառությամբ՝ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի)՝ աշխատանքի անցնելու հաջորդող ամսվա 1-ից,-մանրամասնել են նրանք՝ ամփոփելով,-անհասկանալի է, թե ամբողջ կյանքում դատավոր աշխատած անձը պաշտոնական ժամկետի ավարտից հետո ինչպիսի աշխատանքներ կարող է կատարել՝ բացի գիտական եւ մանկավարժական աշխատանքներից, եթե ունի միայն իրավաբանական կրթություն: Պարզ չէ նաեւ նոր օրենքի նման վերաբերմունքը դատավորների նկատմամբ»:
Այսպիսով՝ Հայաստանում օրեցօր խորացող դժգոհության ալիքը հասավ նաեւ ամենաանսպասելի կետին. գործող կառավարման համակարգից դժգոհ են նաեւ դատավորները: Մարդիկ, որոնց գործունեության շնորհիվ շատ պետական կառույցներ անխռով աշխատում են, քանի որ «բոլոր կեղտոտ» գործերն ավարտվում են մուրճի հարվածի արդյունքում ծնված դատավճիռներով: Եվ հիմա դատավորները պահանջում են հարգել ու գնահատել իրենց աշխատանքը, եւ եթե իրենց ձայնը տեղ չհասնի, ծրագիր կա նույնիսկ գործադուլ հայտարարել:
Շարունակությունը՝ հաջորդ համարում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ՏՈՒԳԱՆՎԵՑ

Դեռեւս 2013թ. հունիսի 18-ին «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը բարձրաձայնել էր «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտումների եւ գործարանատերերի կողմից նրանց նկատմամբ սպառնալիքների մասին: Բանն այն է, որ «Ռուսալ-Արմենալ»-ի թվով 105 բանվորների գործով հայաստանյան դատարաններն իրարամերժ դատական ակտեր էին կայացրել, եւ գործարանը հրաժարվում էր օրենքի ուժով վճարել բանվորներին հասանելիք ամսական հավելավճարները:
Սակայն բանվորները, այդպես էլ չկարողանալով հայաստանյան դատական համակարգից արդարացի որոշում ստանալ, որոշել էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բաղդասարյանն ասել էր նաեւ, որ գործատուն ոչ միայն ընդառաջ չէր գնացել իր աշխատողներին, այլեւ սպառնացել էր զանգվածային ազատումներով՝ ասելով. «Աշխատում եք՝ աշխատե՛ք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերեմ, մենք էլ ձեզ դատի կտանք…»:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը հունվարի 6-ին ՀՀ է ներմուծել ինչ-որ ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում՝ սեփական ընկերության բանվորներին սպառնացող տնօրենը տուգանվել է 50.000 դրամով:

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Համացանցում տարածված տեսանյութն էլ է խոսում այն մասին, որ մեր երիտասարդներն իրենց զուսպ են պահել… Իսկ ինչ վերաբերվում է լրագրողի ձեռքից տեսախցիկ խլելուն՝ ասեմ, որ դա զրպարտություն է»:

Կարեն Ավագյան «Նյուզ»
Երեւի «չանեն ջարդելու» սպառնալիքն էլ, ինչը ՀՀԿ-ականի կողմից շատ հստակ լսվում է վերոհիշյալ հայտնի տեսանյութում, ՀՀԿ երիտասարդական թեւի ոչ այնքան երիտասարդ նախագահի պատկերացմամբ զուսպ պահելու մեջ է մտնում: Փաստորեն, պահելաձեւի մասին պատկերացումները Կ. Ավագյանի մոտ աղավաղված են, դե երեւի տարիքից է գալիս. տարիներն անցնում են, իսկ նա մեծանում է, բայց երիտթեւից պոկվել չի ուզում, հավանաբար այդտեղից էլ առաջանում է հոգեբանական դիսկոմֆորտը: Սակայն շահավետ զրպարտվելու բարդույթը ՀՀԿ-ականները դժվար թե հաղթահարեն, քանի որ նրանց «զրպարտում» են ամեն քայլափոխի:

 
«ՀՀ դրամը թեեւ մի փոքր արժեզրկվեց, բայց ամեն ինչ արվեց, որպեսզի այն վերականգնվի: Չեմ կարող ասել՝ (դրամը) դուրս կգա (ՄՄ մտնելուց հետո), թե ոչ, սակայն ամեն դեպքում դեռ երկար ժամանակ շրջանառության մեջ կլինի»:

Սամվել Ճզմաչյան «Թերթ»
Արժեզրկվեց, վերականգնվեց, իսկ ո՞վ ի՞նչ շահեց դրանից: ՀՀ սովորական քաղաքացու համար այդ դրամի անհրաժեշտ քանակությունը պարզապես անհասանելի մի բան է: Կամ եթե Հայաստանի բանկերի միության իշխանամերձ նախագահը ձեռքբերում է համարում դրամի արժեզրկման մասամբ վերականգնումը, սակայն ինքն էլ երաշխիք չի տալիս, թե ՄՄ մտնելուց հետո այդ դրամը որքան կմնա շրջանառության մեջ, այդ դեպքում առավել եւս ո՞րն է դրամի արժեւորման նշանակությունը, եթե որոշ ժամանակ անց մեր իշխանությունների թեթեւ ձեռքով կարող է այլեւս չունենանք ազգային արտարժույթ:

 
«Ինձ ոչ մի կուսակցություն էլ չի հետաքրքրում, եղա՞վ: Ես որեւէ կուսակցական խնդիր չեմ տեսնում: Ջահելներ են, վիճել են, թե ով է ինչ բաժանել, ես տեղյակ չեմ: Ամեն բարեւի ու բարի գիշերի մեջ պետք չէ կուսակցական խաղ փնտրել»:

Յուրի Մարմարյան «Առավոտ»
Բուհերի ռեկտորների եւ պրոռեկտորների հարցում բնությունը հայերիս հանդեպ շռայլ է գտնվել՝ պայմաններ ստեղծելով հատուկ այս տեսակի առաջացման համար: Պարզապես եթե բնական օրինաչափությունն էվոլյուցիոն գործընթացն է, ապա օրինաչափությունից շեղում ենք նկատում՝ դեգրադացիոն գործընթաց: Եթե Ագրարային համալսարանի պրոռեկտորին կուսակցությունը չի հետաքրքրում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ իր ուսխորհրդի ղեկավարները միայն ՀՀԿ-ականներ դարձան, կամ նախորդ տարվա դասադուլի ժամանակ ինքն էլ իր «զորքով» պայքարում էր դասադուլավորների դեմ: Իսկ «քուչի» մակարդակի սպառնալիքներն ամենեւին էլ բարի գիշեր չեն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս