Ինչո՞ւ է Բերեզովսկի ազգանունով մարդը խաղում Հայաստանի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական «Sovsport»-ին:

– Միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես է պատահել, որ Ռոման անունով և Բերեզովսկի ազգանունով մարդը խաղում է Հայաստանի հավաքականում:

– Իհարկե, ազգությամբ ես հայ չեմ: Իմ ծնողներն ուկրաինացիներ են, որն այսօրվա դրությամբ վտանգավոր է ասել: Նրանք աշխատանքի բերումով Հայաստանում էին հայտնվել, այնտեղ ես ծնվել եմ և ապրել մինչ 17 տարեկան: 80-ականների վերջին` երկրաշարժից հետո, այնտեղ դժվար էր ապրել: Այնուհետև Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցեր առաջացան, և կյանքն ավելի դժվարացավ` հասնելով այն աստիճանի, որ նույնիսկ էլեկտրականություն չկար:

Դրա հետ մեկտեղ այնտեղ մարդիկ բարի են, հյուրասեր: Եթե գիտես լեզուն, դա արդեն առավելություն է, իսկ ես այն շուտ եմ սովորել: Ինչպե՞ս. հայկական մանկապարտեզ եմ հաճախել, նաև բակում երեխաների հետ էի շփվում: Դա հիմա է, որ երեխաները համացանցում վիրտուալ են շփվում, այն ժամանակ մեզ մոտ ամեն ինչ իրական էր: Այնտեղ էլ հենց բակում սկսեցի ֆուտբոլ խաղալ, իսկ իննը տարեկանից ավելի լուրջ սկսեցի զբաղվել: Ինչպես և բոլորը, սկզբից սկսեցի դաշտում խաղալ, սիրում էի գոլեր խփել:

Բայց ամբողջ թիմի և դարպասապահի անհաջող խաղից հետո մարզիչն ինձ խնդրեց կանգնել դարպասապահի փոխարեն: Երևի թե ինձ մոտ ինչ-որ բան նկատեցին և առաջարկեցին զբաղվել ավելի լուրջ:

Երբևէ ընտրության առջև կանգնել եք, թե որ հավաքականում հանդես գաք` Ռուսաստան, թե Հայաստան:

– Ոչ, 1994-1995թթ. հանդես էի գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականում, և Ռուսաստանի տարբերակը չէր էլ քննարկվում: Մի որոշ ժամանակ խոսք գնաց Ռուսաստանում հանդես գալու մասին, սակայն արդեն այլ հավաքականում էի խաղում:

– Որտե՞ղ է հիմա գտնվում Ձեր տունը:

– Ես ինձ հարմարավետ եմ զգում երեք քաղաքում: Առաջին հերթին Մոսկվան, ես այստեղ եմ արդեն 12-13 տարի: Սանկտ-Պետերբուրգում բնակարան ունեմ, այնտեղ իմ բարեկամներն են և Երևանը, որտեղ իմ եղբայրն է ապրում:

– Վերջերս դարձաք 40 տարեկան: Երբևէ մտածել եք կարիերան ավարտելու մասին:

– Ես այն տարիքին եմ, որ պատրաստ եմ ցանկացած որոշման: Բիզնես չունեմ, մեր կյանքում դժվար է ինչ-որ բան ծրագրել: Չեմ ուզում գուշակությամբ զբաղվել, այլ միայն ապրել վառ ապագայի հույսով:




Լրահոս