Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մալաթիա-Սեբաստիա համայնքում թիվ 7 ընտրատարածքի թեկնածու, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին այսօր նույնպես չի հաջողվել խուսափել մի խումբ կանանց հետապնդումից, ովքեր կրկին փորձել են խոչընդոտել նրան քարոզարշավ իրականացնելուն: Կանայք, կրկին աղմուկ բարձրացնելով, ՀԱԿ թեկնածուից պահանջել են հեռանալ Մալաթիա-Սեբաստիա համայնքից: “Նորից վանկարկումներով այդ կանայք ասում էին, թե Սամվել Ալեքսանյանը մեզ համար էս է արել, էն է արել: Վանկարկում էին “Նիկոլ, հեռացիր” և այլն”,-Tert.am -ին ասել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով նշեց, որ երեկվա նմանատիպ միջադեպին մասնակցող կանացից ոմանք այսօր նույնպես կային նորերի շարքում:Աննա Հակոբյանն ասաց, որ եթե “Անկախ մայլա” հասցեում նրանց հաջողվեց խանգարել քարոզչությունը, ապա Սեբաստիա 21, 22, 23 հասցեների բակում, չնայած նույն խմբի հետապնդումներին, դա նրանց մոտ չստացվեց: “Նրանք, հետապնդելով մեզ, եկան և փորձեցին նույն բանը անել նաև այստեղ, բայց այդքան էլ չստացվեց, քանի որ Նիկոլը բնակիչների հետ էր խոսում, և նրանք ստիպված եղան հետևում կանգնել”,-ասել է նա: Միայն Սամվել Ալեքսանյանին աջակից կանանցով այսօր միջադեպը չի սահմանափակվել: Աննա Հակոբյանը նշեց, որ մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ՀԱԿ համամասնական ցուցակի 86-րդ համարի թեկնածու Կարեն Թովմասյանի դեմ: 
Tert.am -ի հետ զրույցում Կարեն Թովմասյանը ներկայացրել է միջադեպից մանրամասներ, ըստ որի, երբ ինքը Սեբաստիա 22 հասցեից դուրս էր եկել, որ երթուղայինով գար շտաբ, այդ շենքի երիտասարդներից մի քանիսը հետևել են նրան և քաշքշել: “Երբ դուրս եկա շենքից, գրեթե 22 նամակ ունեի ձեռքումս, որովհետև բնակիչները կա՛մ տանը չէին, կա՛մ այլևս այդ հասցեում չէին բնակվում: Իմ հետևից մի երիտասարդ կանչեց. “Էդ ի՞նչ նամակներ աե: Ես ասացի. “Եթե ձեզ հասցեագրված լինեին, հաստատ կհասներ ձեզ, եթե չի հասել, ուրեմն ձերը չեն: Այդտեղ սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ իմ հասցեին, թե նամակներով հույս ունեք կրեք հա՞ և այլն”,-ասել է նա և նշել, որ այդ աղմուկից հետո Սամվել Ալեքսանյանի շտաբից շուրջ 20 երիտասարդներ դուրս եկան և եկան իր ուղղությամբ: “Զգացի, որ հիմա կհետապնդեն ինձ, արագ նստեցի առաջին իսկ պատահած տաքսին, որ կարողանամ հասնել շտաբ, ուզեցի դռան “սեկրետը” գցել, իմ կողքինը հասցրի, բայց հետևինը՝ չէ, եկան, նստեցին: Ես նստեցի նամակների վրա, որ իրենք չկարողանան վերցնել, բայց հետևից իմ դռան ,սեկրետնե էլ բացեցին ու դիմացից 4 հոգի՝ 25-30 տարեկան, կրիմինալ դեմքով անձնավորություններ, սկսեցին քաշքշել, մի մասը՝ վզիցս, մյուս մասը՝ ձեռքերիցս: Քաշքշեցին, նամակները վերցրին ու դուռը շրխկացրին, դրանից հետո ես եկա շտաբ”,-ներկայացրել է նա:




Լրահոս