ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆՕՐԵՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՍԱՆԻ ԴԵՄ «ԳՈՐԾ Է ՏՎԵԼ»

Վանաձորի «Աթլետիկայի եւ ձմեռային մարզաձեւերի» մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանը ոչ միայն մարզիչների հետ է «պայքարում» օրենքի դաշտում, այլեւ պատանի-անչափահաս մարզիկ-մարզուհիների: Արդեն ներկայացրել ենք, որ կայացրած անօրինական որոշումների պատճառով 7 դատական գործով տնօրենը պարտվել է մարզադպրոցի ուսմասվարին ու նրա մարզիչ որդուն՝ նրանց տրված փոխհատուցումների հետեւանքով համայնքի բյուջեին պատճառելով 1,5 մլնի դրամի նյութական վնաս: Պարզվում է, բացի այս տնօրենը նաեւ մարզուհիներից մի քանիսի դեմ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանությունում:

«Ես չգիտեմ՝ ինչից սկսվեց, Գոհարի (ուսմասվար Գոհար Նազարյանի՝ հեղ.) լավագույն աշակերտները իրար հետեւից դուրս եկան, թողեցին սպորտը, գնացին: Այդ ուժեղ թիմից, Գոհարի խումբը շատ ուժեղ էր, միայն իմ աղջիկն էր, որ չգնաց: Մի օր էլ աշխատանքի վայրում նստած էի, եկավ տեսուչը, ասաց, որ իմ աղջկա դեմ բողոք է ներկայացվել: Քանի որ երեխան անչափահաս էր, առանց ծնողի իր հետ չէր կարելի հարցաքննություն վարել, միասին գնացինք: Մի քանի տարի իմ աղջկանից մեծ մարզուհու հետ վեճ էր եղել, ասել էր՝ դու թույլիկ ես, ինքն էլ նրան՝ դու էլ պառավ ես` էն իմաստով, որ տարիքով մեծ էր ու պարապում էր: Եսիմ ինչ չէր արել, լեզուն օգտագործել էր ինքնապաշտպանության համար: Մեծ աղմուկ բարձրացրին: Տնօրենը դիմել էր ոստիկանություն. 16 տարեկան աղջիկ երեխայի դեմ տնօրենը ուրիշ լծակ չունե՞ր, խոսելու ձեւ չունե՞ր, մոտեցում չունե՞ր: Հարցրի ոստիկանին՝ մի բան հասկացա՞ք, նպատակը ի՞նչն էր, ասաց՝ սա աթոռի կռիվ ա, օգտագործում են երեխային: Գոհարի դեմ էր էդ ամեն ինչը, իրանց պետք էր, որ Գոհարը դուրս գա, չաշխատի: Տնօրենին ասեցի՝ ոչ դուք ինձ ինչ-որ բան ասեք, ոչ Գոհարը, դուք ինչ խնդիր ունեք, ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն մի խառնեք, զենք մի սարքեք: Դրանից հետո 5 տարի ա՝ ասում ա՝ չմտնես մարզադպրոց: Ինչի՞, պետությունը սարքել ա երեխայի համար, որ առողջ մեծանա, որ էս պետությունը դեմք ունենա, նաեւ սպորտի բնագավառն է պետության դեմքը, ոչ թե, որ իրենք աշխատավարձ ստանան, փող սարքեն: Համահայկական խաղերին թույլ չտվեցին, որ Աշխենը մեր քաղաքի կողմից գնա, ինչի, մեր քաղաքին լավ մարզիկ պետք չէ՞ր: Նա էլ մասնակցեց Ույլանովսկի կողմից. օտար պետության օտար մարդիկ են մեզ համար սրտացավ: Աշխենը արդեն 12 տարի է պարապում է Աթլետիկայի մարզադպրոցում, հիմա ինձ ծանոթ մարզադպրոցի հետքը նույնիսկ չի մնացել, մենակ տեղանքը, ոչինչ չկա, գույքը շատ պակաս, ջրի մասին խոսք անգամ չկա, հանդերձարանը չի հսկվում, անընդհատ գողություններ, ձմեռը շատ ցուրտ, չի տաքացվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզադպրոցի ներկայիս վիճակը ներկայացրեց մարզուհիներից Աշխեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը:
Նշենք, որ Աշխենը աթլետիկայի Հայաստանի պատանիների չեմպիոն է, Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում վերջերս է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ներկայում նա Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողուհի է, Կարմիր դիպլոմի թեկնածու:
«Մեր հարցը եղել ա ոստիկանության անչափահասների բաժնում, ասել եմ՝ եթե սենց գնա, էրեխեքը կգնան ջահել-ջահել կնստեն»,-չի ժխտում տնօրեն Չիլինգարյանը՝ իրեն արդարացնելով, թե անչափահասների՝ օրենքի հետ առաջացած խնդիրներն իր եւ ուսմասվարի կոնֆլիկտի պատճառով են եղել,-Հավաքել եմ՝ առաջինն ու վերջինը ըլի, բեր մոռանանք, բեր աշխատենք, իրար լեզու հասկանանք: Ոչ մի բան չի էղել: Իրար լեզու հասկանալն էս ա, որ էս դատական գործերը որ հանեմ, էսքան ա՝ սենց»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր

 
ՄԱՐԶԵՐ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՎԱՔ
Օգոստոսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի «Մայիսյան կամուրջ» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացել է սահմանամերձ Տավուշի մարզի ազատամարտիկների հավաք: Մասնակցել են Տավուշի սահմանամերձ գյուղերից ազատամարտի վետերաններ, նախկին գյուղապետեր եւ այլք: Հավաքի ժամանակ նրանց հանձնել են «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամատոմսեր, որոնցում առկա է այդ միության նախագահ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո ) ստորագրությունը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ազատամարտիկների հիշյալ միության Տավուշի մարզային կառույցի ղեկավարն է Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, ով նախկինում ղեկավարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Տավուշի մարզային կառույցը: Նշենք, որ այդ հանդիպումը չի լուսաբանվել լրատվամիջոցների կողմից: Ճաշկերույթով ավարտված հավաքը, մեր տվյալներով, անհանգստացրել է իշխանական շրջանակներին:

 

ԵՌԱԿԻ ԽԱՐԴԱԽԻՆ` 6,5 ՏԱՐԻ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Վանաձոր քաղաքի բնակչուհի,1982թ. ծնված Էդիտա Ներկարարյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ եւ Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչների ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի Կարմիր Խաչի գրասենյակի` անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք հատկացնելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է 677 հազար դրամ: Է. Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»): Է. Ներկարարյանը դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: Նախկինում խարդախության համար 2 անգամ դատապարտված կինը հայտարարել է, որ անկեղծորեն զղջում է իր արարքների համար: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման: Նկատի ունենալով, որ նախորդ դատավճռով Է. Ներկարարյանը դեռեւս չի կրել 5 տարի 3 ամիս ազատազրկման պատիժը, դատարանը նրան վերջնականապես դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Քրեական գործով 8 տուժածները դատական նիստերին չեն մասնակցել: Դատարանի վճռով նրանց քաղաքացիական հայցով դիմելու իրավունք է վերապահվել: Նշենք, որ Է. Ներկարարյանն ամուսնալուծված է, ունի 2 անչափահաս երեխա, որոնցից մեկը հիվանդ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱԿԱՍ
Գյումրու պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի դիմորդների զգալի պակաս է նկատվել: Գործող 3 պետական բուհերում էլ ԿԳ նախարարության սահմանած տեղերից շատերը թափուր են մնացել, չեն լրացվել անգամ անվճար տեղերը: ԳՊՄԻ-ի քարտուղարությունից տեղեկացանք, որ իրենց մոտ այս տարի սահմանված էր 572 տեղ, սակայն բուհ է ընդունվել 239 ուսանող: Իսկ ահա Գյումրու ՀՊՃՀ-ում 90 ուսանող է գրանցվել, մինչդեռ սահմանված էր 210 տեղ: Դասախոսները դիմորդների նման պասիվությունը մի քանի գործոնով են բացատրում՝ արտագաղթ, վարձավճարների թանկացում եւ մայրաքաղաքում ուսանելու ցանկություն: Ի դեպ, վերջին գործոնի առկայությունը մեզ հետ զրույցում չհերքեցին նաեւ դիմորդները: Նրանցից շատերի խոսքերով՝ մարզերում իրենց ապագան չեն տեսնում, բացի այդ նախատեսված շատ մասնագիտություններ Գյումրիի գործող բուհերում բացակայում են:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԽԼԵԼ ԵՆ
Քաղաքացի Սիրանուշ Ջաղացպանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ոստիկանապետ Վ. Գասպարյանին, գլխ. դատախազ Գ. Կոստանյանին եւ արդարադատության նախարար Հ. Մանուկյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել իր նկատմամբ թույլ տրված ապօրինությունների պատասխանատուներին պատժելու եւ իրենից զավթված բնակարանը վերադարձնելու ուղղությամբ:
Հարգելի պարոնայք. ոստիկանական քննիչների օգնությամբ վաշխառու խաբեբաները խլել են տունս, բայց դրանով չեն բավարարվել: Նոր գնորդն ապօրինի զավթել է իմ գոյատեւելու միակ տարածքը՝ ավտոտնակ, նկուղներ, որոնք լցված էին մեր 50 տարվա ստեղծած ունեցվածքով, ինչպես նաեւ անհրաժեշտ շատ կարեւոր փաստաթղթերով, նշեմ նաեւ՝ թե՛ ավտոտնակը, թե՛ նկուղները առք ու վաճառքի պայմանագրում նշված չեն: Ո՞ւմ դիմեմ:
Ոստիկանությունը հայտարարությունս չի ընդունում, դրա փոխարեն գնորդի եւ հանցակից ոստիկանների բանավոր կեղծ ու ստահոդ հայտարարությունը ընդունելով, առանց որեւէ տարրական ստուգման, հենվելով նոտարի կողմից բացահայտ կեղծված առք ու վաճառքի պայմանագրի վրա, բաժանմունքի արդարամիտ պետը հաստատում է: Մերժում է իմ դիմումը, որը գլխավոր շտաբն էր հանձնարարել քննարկելու, այն նույն բաժանմունքին, որը իմ հայտարարությունը չէր ընդունել: Եվ այդ նույնը կրկնվում է «անկոչ» դատախազի կողմից, իսկ թե ինչու անկոչ եւ ովքեր են ոստիկանները, քննիչները պահանջելու դեպքում կներկայացնեմ համապատասխան փաստաթղթերվ:
Ու՞մ դիմեմ, եթե ոչ ձեզ:
Հ.Գ Խմբագրությունը հուսով է Ս. Ջաղացպանյանի կողմից մեղադրվող անձանց արձագանքը ստանալ` այդպիսով ամբողջովին լույս սփռելով թոշակառու այս տիկնոջ կողմից ներկայացված կցկտուր պատմության բոլոր մանրամասների վրա:

 




Լրահոս