Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միշտ էլ իրենց համայնքի կողքին է եղել եւ իրենց կողմից կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցել է:
-Դեռ ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապագա Ազգային Ժողովում գործարարներ չեն լինելու, սակայն այս համայնքի թեկնածու Սամվել Ալեքսանյանը գործարար է, եւ ժողովուրդը նրան որպես գործարարի է ճանաչում: Այսինքն` փաստացի չարվեց այն, ինչը խոստացել էր Սերժ Սարգսյանը, այդ դեպքում ինչպե՞ս հավատանք, որ փոխվելու եք:
-Ախր եթե Սամվել Ալեքսանյանն օլիգարխ լիներ, հենց «Ժողովուրդ» թերթում կտպագրվե՞ր նրա նախընտրական հաշվեհամարը, որ մարդիկ օգնեն: Սամվել Ալեքսանյանը վաղուց է, ինչ գործարար չէ, դրա համար էլ ինքն իր թեկնածությունն է առաջադրել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու համար:
-Ինչո՞ւ եք սատարում Ալեքսանյանին` որովհետեւ գումա՞ր է տալիս Ձեզ եւ համայնքին, թե՞ «ասել են», որ սատարեք:
-Նախ` ասեմ, որ Սամվել Ալեքսանյանն իմ վաղեմի ընկերն է, եւ երկրորդը` Սամվել Ալեքսանյանի կապն ու շփումը ժողովրդի հետ այնքան մեծ է, որ կարծում եմ` առաջին հերթին ժողովուրդն ինքն է խնդրել, որ Սամվել Ալեքսանյանն առաջադրի իր թեկնածությունը: Իսկ ես աջակցում եմ ե՛ւ որպես ընկեր, ե՛ւ որպես վարչական շրջանի ղեկավար:
-Պարո՛ն Օհանյան, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը միշտ Ձեզ հետ ներկա է եղել նման հավաքներին, միշտ միասին եք դիմավորել Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ նրան չեք հրավիրել ՀՀԿ առաջնորդին դիմավորելու:
-Ցավոք, այժմ ինքը քաղաքում չէ:
-Ե՞րբ եք վերջին անգամ նրա հետ հանդիպել, ի՞նչ տեղեկություն ունեք նրա մասին:
-Չեմ կարող պատասխանել, բայց գիտեմ, որ այսօր ինքը քաղաքում չէ, իր մասին շատ տեղեկություններ չունեմ:
-ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս Ձեր համայնքի բնակիչ է, նա ինչ-որ կերպ համայնքին օգնո՞ւմ է, երբեւիցե ինչ-որ բան արե՞լ է Մալաթիա-Սեբաստիա համայնքի համար:
-Ասեմ, որ Աղվան Հովսեփյանը միշտ եղել է մեր կողքին, եթե նկատել եք, մեր բոլոր ծառատունկերը կազմակերպել ենք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետ, որին պարտադիր մասնակցել է Աղվան Հովսեփյանը: Նա մասնակցել է մեր վարչական շրջանում տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձություններին:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներս մենակ է գնում քարոզարշավի, ինչո՞ւ ՀՀԿ-ականները նրա հետ քարոզարշավներին չեն մասնակցում:
-Ուրեմն ես ասեմ, որ մեր վարչական շրջանում ՀՀԿ անդամ է մոտ 3300 հոգի, որոնք բոլորն էլ պարտադիր ներկա են հավաքին: Հնարավոր է, որ դա մեր ռազմավարությունն է, ես չեմ կարող ասել:
-Մարտի 1-ի օրը ամենաշատ զոհերը Ձեր համայնքից եղան, նրանց հարազատների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք, տեղեկություններ ունե՞ք նրանցից: Նրանք հավատո՞ւմ են, որ փոխվելու եք:
-Այո՛, իհարկե, ասեմ, որ երկու ընտանիք այլեւս այս համայնքում չեն ապրում, իսկ երկու ընտանիքի հետ մենք պարբերաբար հանդիպում ենք` ծնողների հետ անձամբ ես եմ հանդիպում: Բազմաթիվ հարցեր են եղել, որ փորձել ենք օգտակար լինել, օրինակ` Դավիթի կնոջը ես ընդունեցի վարչական շրջանի աշխատակազմում աշխատելու, ինքն աշխատեց մեր վարչական շրջանում, հետո այլ տեղ տեղափոխվեց: Մենք պարբերաբար հանդիպում ենք այդ ընտանիքների անդամների հետ:
-Պարո՛ն Օհանյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ժողովրդին ստիպողաբար եք բերում: Մանկապարտեզներում ժամը 15:00-ից ծնողները երեխաներին տուն են տարել, որպեսզի աշխատակիցները ներկա լինեն հավաքին:
-Բացարձակ նման բան չկա, հանդիպման ժամն այնպիսին է, որ աշխատանքն ավարտվել է… մարդիկ կամավորության սկզբունքով են եկել` մասնակցելու, իրենց ցանկությամբ: Նման բան չկա, որեւէ հրահանգ չկա, բոլորը մասնակցում են կամավոր սկզբունքով:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՔԱՂԱՔՈՒՄ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ