ԲՈՒԺՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ «ՔՑԵ՞Լ Է» ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունն ապրիլի 11-ին մի ուշագրավ տեղեկություն հայտնեց, ըստ որի` ՀՔԾ-ն քրգործ է հարուցել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկված Արարատ Մուրադխանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (կաշառք ստանալու պատրվակով խարդախություն): Նախաքննությամբ ստուգվում են դատապարտյալ Մուրադխանյանի փաստարկները` նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի նախկին պետ Գոռ Խաչատրյանին կաշառք տալու վերաբերյալ:
Թերթերից մեկին հայտնի էր դարձել, որ ցմահ ազատազրկվածն իրեն կալանքից ազատելու համար բուժմասի նախկին պետ Գոռ Խաչատրյանին է տվել 130.000 դոլար գումար: Սակայն Գ. Խաչատրյանն իր խոստումը չի կատարել եւ կալանավորին վերադարձրել է ընդամենը 30.000 դոլարը: Այստեղ ուշագրավն այն է, որ Գոռ Խաչատրյանի անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլում` փողային «քցոցիների», որոշ դատապարտյալների նկատմամբ իր մասնագիտական պարտականությունները չկատարելու  առնչությամբ:  Բայց, չգիտես ինչու, նա միշտ ջրից չոր է դուրս գալիս:
Ինչ վերաբերում է մի քանի հոգու սպանության մեղադրանքով դատապարտված Ա. Մուրադխանյանին, ապա նրա քրգործի առնչությամբ մի ուշագրավ նրբություն կա (որը 2004-ին հայտնվել է մամուլում): Որպեսզի այն հասկանալի դառնա, նախ հիշեցնենք Մուրադխանյանի պատմությունը: Մասնագիտությամբ տնտեսագետ Մուրադխանյանը տարիներ առաջ ԶԼՄ-ներին ուղարկած նամակում նշել էր, որ Ուկրաինայի Պոլտավա քաղաքում զբաղվել է գործարարությամբ: Գործարքներից մեկի ընթացքում ինքը պետք է 700.000 դոլար ստանար, սակայն բիզնես աշխարհը, որը սերտաճած էր հանցագործ աշխարհի հետ, հրաժարվել էր տալ նրա գումարը: Հրաժարվողներից մեկն էլ «Օլիմպիյսկի Լյովիկ» մականունով Լյովա Մեհրաբյանն էր: 2002-ի հունիսի 24-ին` ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի 3-րդ նրբանցքի 50 տան բակում՝ խնջույքի սեղանի դիմաց՝ SS ատրճանակով սպանվել էին այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրը, եղբայրը, քեռին, իսկ Լյովայի քույրն ու քեռու տղան ստացել էին հրազենային վնասվածքներ: Այդ սպանությունների համար Մուրադխանյանին էին մեղադրել: 2003-ին նրան ձերբակալել էին արտերկրում եւ էքստրադիցիայի ենթարկել: Իսկ այստեղ նրան ներկայացված մեղադրանքում նշել էին, որ Արարատը, չստանալով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, թշնամաբար էր տրամադրվել Լ. Մեհրաբյանի նկատմամբ ու որոշել վրեժխնդիր լինել` սպանելով նրան:
Մինչդեռ Մուրադխանյանը նշել էր, որ այդ շրջանում եւ մասնավորապես սպանության  օրը ինքն Ուկրաինայում է եղել, ինչի մասին կարող է վկայել Ուկրաինայի դատախազությունում քննված մի քրգործ, ինչպես նաեւ` Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի նախկին պետ Էդիկ Մեջինյանի ցուցմունքը: Վերջինս հայտնել էր դրսում գտնվող Մուրադխանյանին, որ Տավուշում գտնվող նրա հայրական տանը դեպքից հետո խուզարկություն են արել, զենք հայտնաբերել, եւ որ վերջինս կասկածվում է այդ սպանության մեջ:
Մի կողմ թողնելով Մուրադխանյանի մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքը`  ուշադրություն հրավիրենք Էդիկ Մեջինյանի անձի վրա, որպեսզի հասկանանք` նա կարո՞ղ էր իր կապերի միջոցով վստահության կապ հաստատել Արարատ Մուրադխանյանի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի նախկին պետ Գոռ Խաչատրյանի միջեւ` կաշառք ստանալու գործը «դասավորելու» նպատակով: 2004թ.-ին երեւանյան թերթերից մեկում նշվում է. «Ա. Մուրադխանյանը … մարդասպանության կասկածանքով Վորոնեժում ձերբակալվելուց եւ հանցանքը հաստատվելուց հետո խոստովանում է, որ հունիսի 24-ի դեպքից 20-25 օր անց իրեն, կնոջը եւ երեխաներին Սադախլոյով հանրապետությունից դուրս է բերել իր մտերիմ ընկերը` այն ժամանակվա Նոյեմբերյանի միլպետ Էդիկ Մեջինյանը…  Վերջինիս  միջոցով են ծանոթացել Մուրադխանյան Արարատը եւ Մեհրաբյան Լյովան… Մեջինյանը կոթեցի Արարատին ծանոթացնում է բարեկամավանցի Լյովայի եւ մասիսցի Նորայրի հետ` ներկայացնելով, որ նրանք զբաղվում են «վազվրատով»… Մանրամասնորեն ծանոթանալով «գործի» հանգամանքներին` Լյովան որոշ ժամանակ անց տեղեկացնում է Մեջինյանին, որ «վազվրատը» հնարավոր չէ, որովհետեւ ուկրաինացին ահաբեկել էր Լյովային… եւ որ իրենք գործ չունեն: Արարատը, սակայն, համառում է. «Ուրեմն իմ գումարը դու պիտի տաս: Չխառնվեիր: Եթե խառնվել ես, ուրեմն գումարը քո վրա է մնում…»»: Ինչին էլ, ըստ հրապարակման, հաջորդել է Լյովայի վրեժը:
 Ինչեւէ, նախաքննության ժամանակ հենց սպանվողի հարազատներն էին կասկածում, որ քննությունն օբյեկտիվ չի ընթանում. կրկին մամուլի էջերում նշում էին, որ «մեկուսարանում գտնվողին մինչեւ քննության ավարտը չի թույլատրվում տեսակցություն, սակայն մեկուսարանի բժիշկը  թույլատրում է Մուրադխանյանի համար, քանի որ Մեջինյանի ընկերն է…»: Լրագրողին հաջողվել էր պարզել, որ Մեջինյանն էլ այն ժամանակվա ոստիկանապետ, այժմ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի ուսանողական ընկերն է: Այս կապերի ֆոնի վրա հնարավո՞ր է, որ Գոռ Խաչատրյանը կաշառք ուզեր Մուրադխանյանից… Թող ընթերցողը դատի ու ՀՔԾ-ն:   

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս