Ձերբակալվել է Գավառում սպանություն իրականացրած երիտասարդը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ապրիլի 17-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 108 հոդվածի հատկանիշներով։ Ինչպես Գավառից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու թիվ 5 հասցեում գտնվող խանութ–սրահի դիմաց քննչական–փորձարարական գործողություններ էր կատարում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված վայր էին բերել Գավառի Ազատության 5 տանը փաստացի բնակվող 29-ամյա Արման Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ երեկ, ապրիլի 16-ին, ժամը 23։10-ի սահմաններում Գավառի կենտրոնական հիվանդանոցից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել էին, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած-թափանցող մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի բնակիչ 27-ամյա Շահեն Չանդոյանը և կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած-թափանցող վերքեր, ձախ ազդրի և սրունքի ծակած-կտրած վերքեր, զարկերակային արյունահոսություն, սուր ներքին արյունահոսություն, ծանր հեմորատիկ շոկ ավարտված սրտի և շնչառության կանգով՝ մահ ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 29-ամյա Վիգեն Սահակյանի դիակը։ Արդեն կեսգիշերին Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների կողմից մի քանի խմբերով օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել 22։30 սահմաններում Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու 5 հասցեում գտնվող խանութ–սրահի դիմաց։ Պարզվում է նաև, որ Շ. Չանդոյանն ու Վ. Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Ա. Հովսեփյանին, ով նշված խանութում աշխատում է որպես վաճառող։ Սակայն վիճաբանության ժամանակ Ա. Հովսեփյանը խանությում եղած դանակով հարվածներ է հասցրել Շ. Չանդոյանին և Վ. Սահակյանին։ Արդեն լուսաբացին Գավառի ոստիկանները հայտնաբերում են Ա. Հովսեփյանին և բերման են ենթարկում Ոստիկանության Գավառի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա դանակը։ Քննիչի որոշմամբ Ա. Հովսեփյանը ձերբակալվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դատաբժիշկի ուղեգիր է տրվել նաև Ա. Հովսեփյանին, ում մարմնի և երեսի վրա հստակ երևում են ծեծի հետքերը։




Լրահոս