Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Գյումրիում չի կայացել: Վաղ առավոտից Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմաց խմբված երիտասարդները թույլ չեն տվել, որ հանդիսատես մուտք գործի, եւ ֆիլմի դիտում լինի:
Արդեն 10 օր է` Գյումրիում բոլորը խոսում ու քննադատում են ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մտահղացումը: Երեկվանից Գյումրու կենտրոնական հրապարակներում երիտասարդ ակտիվիստները խաղաղ երթ էին անցկացնում` կոչերով, որ Գյումրին եւս մերժում է ադրբեջանական մշակույթը: «Հատկանշական է, որ այս փառատոնի մասին ծածուկ էին պահում, գաղտնի, մենք իմացել ենք վրացական մամուլից: Ոչ մի թասիբով գյումրեցի թույլ չի տա, որ ադրբեջանական ֆիլմ ցուցադրվի, այն էլ փառատոն անցկացվի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Ազգային արժեք» ակումբի անդամ Արմեն Ներսիսյանը: Ակումբը նաեւ հայտարարություն է տարածել` «Կոչ թասիբով գյումրեցիներին…»: Այդ կոչին երեկ՝ վաղ առավոտից, միացել էին Գյումրու տարբեր բուհեր, երիտասարդական խմբեր ու միավորումներ: Նրանք Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը ենթարկել էին շրջափակման եւ արգելել, որ ինչ-որ մեկը, այդ թվում` ակումբի աշխատողները, մուտք գործեն տարածք:
Առավոտյան ակումբ ժամանեց նաեւ փառատոնի կազմակերպիչ Գերոգի Վանյանը, ում շրջապատեցին խմբված գյումրեցիները` արգելելով մտնել շենք, սակայն ոստիկաններին հաջողվեց Վանյանին դուրս բերել ժողովրդի շրջափակումից եւ նրան մի կերպ մտցնել ակումբ: «Առավոտվա 8-ից ստեղ ենք, երբ իջավ մեքենայից, վրա հասանք, ուզում էինք մի լավ ծեծել, բայց ոստիկանները չթողեցին, փախցրին տարան ակումբ»,-տեղեկացրեց ակտիվիստ Արա Նախշքարյանը:
Ինքը` փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը, գյումրեցի լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել` հայտարարելով, որ փառատոնն ամեն դեպքում կայանալու է, եւ ինքը ասուլիս կտա փառատոնի ավարտից հետո: «Ես հայտարարում եմ, որ «Ստոպ» փառատոնը կայանալու է ժամը 15-ին: Եթե անգամ մեկ մարդ ցանկություն հայտնի ֆիլմ դիտել, փառատոնը կայանալու է»,-հայտարարեց Գեւորգի Վանյանը:
Իսկ դրսում` ակումբի տարածքում, շուրջ 2 ժամ շարունակ «Դա-վա-ճա՛ն, հե-ռա-ցի՛ր» վանկարկումներով ու հայրենասիրական երգերով տարբեր կուսակցությունների գյումրեցի ներկայացուցիչները պահանջում էին, որ կազմակերպիչը սեփական նախաձեռնությամբ հրաժարվի իր մտադրությունից եւ լքի տարածքը: Գյումրեցի երիտասարդները տարբեր երգեր էին հորինել եւ երգում էին. «Ասպարեզի դուռը բաց է, ներս մտնողը հանցագործ է, միայն Վանյանը ներսում ձու կածե»… «Վանյա՛ն, հեռացի՛ր»,-գոռում էին նրանք:
«Ասում է, թե երկրի նախագահն էլ գիտի, որ ես ստեղ եմ, ու պատրաստվում են փառատոն անցկացնել, չեմ գնա, մինչեւ Հայաստանից ինձ չվտարեն: Ես զոհված ազատամարտիկի կին եմ: Ինքն ուզում է ամուսնուս արյան վրայով թռնել, չեմ թողնի, կոկորդը կբռնեմ ու կխեղդեմ իմ սեփական ձեռքերով»,-ասաց Անյա Վարդանյանը: Ավելի ուշ Գեորգի Վանյանի հետ բանակցության գնացին ոստիկանները եւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը: «Եթե կազմակերպիչը 10 րոպեում չհեռանա, նրան դուրս ենք բերում մենք»,-հայտարարեցին գյումրեցի ազատամարտիկները:
Ժամը արդեն 14-ին մոտ հայտնի դարձավ, որ Վանյանը հրաժարվել է փառատոն անցկացնելու մտքից եւ ոստիկաններից պահանջում է ապահովել իր անվտանգությունը, ակտիվիստներին հեռացնել «Ասպարեզ» ակումբից եւ շենքից նվազագույնը 4 մետր հեռավորություն ապահովել, որպեսզի ինքը դուրս գա եւ ոստիկանների ուղեկցությամբ անվտանգ հասնի Երեւան:
Ի վերջո, Գեորգի Վանյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ «Ասպարեզ»-ից եւ հայտարարեց, որ փառատոնն առայժմ հետաձգվում է: Այնուհետեւ «Ասպարեզ»-ի բակում մեքենա նստեց եւ ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ Երեւան:
Հ.Գ. Երեկ մի խումբ ազատամարտիկներ եկել էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` իրենց դժգոհությունն արտահայտելու Գյումրիում կայանալիք «Ստոպ» փառատոնի առթիվ, որի շրջանակներում նախատեսվում էր ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն:
«Հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման ինչ-որ մի ՀԿ ուզում է վիրավորել մեզ իր գործունեությամբ: Մենք դեմ ենք ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը, որը, հավատացած ենք, իրականացվում է հարեւան երկրի քարոզչամեքենայի դրդմամբ: Մենք մեր զայրույթի ալիքն ենք բարձրացնում որպես ազատամարտիկներ, որպես արյուն թափած տղաներ: Մենք թույլ չենք տա ծաղրել մեր զոհված եղբայրների շիրիմները: Սաստիկ վրդովված ու վիրավորված ենք Ալիեւի` «ԵվրոՆԵՍՏ»-ում արված հայտարարությունից, որտեղ նա մեզ անվանեց բարբարոսներ, զավթիչներ, տեռորիստներ: Ելնելով վերոնշյալից` մենք թույլ չենք տա մեր նկատմամբ թշնամություն տածող երկրի մշակույթը պրոպագանդել մեր երկրում` ի տես մեր երեխաների: Հայտնում ենք, որ փառատոնի կայացման դեպքում մենք կցուցաբերենք քաղաքացիական անհանդուրժողականություն: Մենք պատրաստ ենք նաեւ առգրավել ու ոչնչացնել ֆիլմերի ժապավենները, օդանավակայանում դիմավորել ադրբեջանական պատվիրակությանը եւ պատանդ վերցնել: Հանուն մեր ազատամարտի, հանուն թափված արյան ու ի պատասխան բարձր ամբիոններից մեզ հասցեագրված զրպարտության` «Ստոպ» փառատոնը պիտի ստոպ տա»,-ասաց «Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը:
Գյումրի