Nikolpashinyan.com-ում ՀԱԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ համարով հանդես եկող Նիկոլ Փաշինյանը երեկ արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի` ՀԱԿ-ի ցուցակի առաջին 10 տեղերում գտնվող անձանց հետ բանավիճելու պատրաստակամության կոչին:
«Հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս` որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը: Հիշեցնելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ` կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին` երկուշաբթի օրը` ժամը 22:00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ: Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում»:
Հիմա գնդակը Հայրապետյանի դաշտում է: Տեսնենք` այս անգամ նա տեր կկանգնի՞ իր խոստմանը:
ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱՎԵՃԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ