ԱՂՋԻԿԸ ՀԱՐԱԶԱՏ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎՏԱՐՈՒՄ Է ՏՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ազատագրական պայքարի մասնակից, Լեռնային Ղարաբաղից տեղափոխված Մարուսյա Դանիելյանի աղմկահարույց դատական գործը նոր մանրամասներ է արձանագրել: Դռնբաց դատական նիստում քննելով  անձի պատվի ու արժանապատվության պահանջի մասին ընդդեմ Արեւիկ Ասրյանի հայցը` դատարանն այն բավարարել է ամբողջությամբ` պարտավորեցնելով Արեւիկ Ասրյանին գրավոր ներողություն  խնդրել Մ. Դանիելյանից, ինչպես նաեւ վճարել 2 մլն դրամ փոխհատուցում, նաեւ պետական տուրքի գումարները:
Հիշեցնենք, որ պատասխանողը հայցվորի հարազատ դուստրն է: Նրանց փոխհարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ մայրը դատական կարգով պահանջել էր ճանաչել իր սեփականության իրավունքը Նորաբաց գյուղում իր միջոցներով գնված հողակտորի եւ դրա վրա կառուցված տան ու կից շինության նկատմամբ:  Նշենք, որ Մ. Դանիելյանն անձնագիր չունենալու պատճառով այդ հողակտորի առքուվաճառքի պայմանագիրը նոտարի մոտ ստիպված է եղել ձեւակերպել Ա. Ասրյանի անունով, ով Երեւան քաղաքի բնակչուհի է, ունի 2 բնակարան` Արաբկիրի ու Էրեբունի թաղամասերում: Հետագայում դուստրը չի ցանկացել գույքը ձեւակերպել  մոր անունով` պատճառաբանելով, թե այն կարող է նվիրել կամ կտակել տղային: Մ. Դանիելյանի վկայությամբ` աղջիկը, մի կողմ թողնելով բնակարանային վեճը, պարբերաբար հարազատների ու համագյուղացիների շրջապատում  զրպարտել  է  իրեն  ամենանողկալի,   ստոր մեղադրանքներով` արատավորելով նրա բարի համբավը:  Աղջիկը հայտարարել է, որ մայրն անբարոյական է, 5 զավակները տարբեր տղամարդկանցից են, որ մանուկ հասակում մայրն իրեն վաճառել է այլասերված մարդկանց: Նույնիսկ հայտարարել է, թե իր կենսաբանական հայրը ոմն Պ. Բաբաջանյանն է: Կինը, անզորությունց դրդված,  մի քանի անգամ ինքնահրկիզման փորձ է կատարել, ինչը, բարեբախտաբար,  կանխվել է: Սեփական աղջկան սաստելու բոլոր ապարդյուն ջանքերից հետո Մ. Դանիելյանը ճարահատյալ դիմել է դատարան: Նա աղջկա վարքագիծը  բնութագրում  է որպես հոգեկան շեղում:
Դատական գործի հետքերով «Ժողովուրդ»-ը եղավ Արարատի մարզի Նորաբաց գյուղում: Համայնքապետ Գալուստ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաջատեղյակ է գործի մանրամասներին, անգամ մի քանի դատական նիստերում հանդես է եկել որպես վկա: Համայնքապետի բնութագրմամբ` Մարուսյա Դանիելյանը բարոյական կին է, նվիրված մայր, արժանապատիվ քաղաքացի:
 «Տիկին Մարուսյայի պահանջն այնքան բարի ու արդարացի է, որ այստեղ խարդախության միտումը բացառվում է: Արեւիկ Ասրյանի հետ առանձնազրույցից ես չկարողացա հասկանալ այդ կնոջ պահանջը, նրա թշնամական վերաբերմունքը ծեր ծնողների նկատմամբ, հերյուրանքներ տարածելու նրա դրդապատճառները: Ա.  Ասրյանը հողակտորը` որպես սեփականություն, իրեն անհրաժեշտ չի համարում, բայց միաժամանակ հայտարարում է, որ թույլ չի տա` ծնողներն այն վայելեն:  Մտադիր է հողատարածքում եկեղեցի կառուցել»,-ասաց Գ. Գալստյանը:
Վիճահարույց հողակտորի նախկին սեփականատեր Ա.-ն վկայեց, որ առքուվաճառքը հենց սկզբից կատարվել է տիկին Մարուսյայի հետ, իսկ նրա դուստր Արեւիկին չի էլ ճանաչում: Մենք փորձեցինք կապ հաստատել մոսկվայաբնակ Ա. Ասրյանի, նրա ամուսին Դ. Սիդորովի հետ` նպատակ ունենալով պարզել նման վարքագիծ դրսեւորելու նրա դրդապատճառները: Սակայն մեր հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակներն անպատասխան մնացին:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց խոսել Ա. Ասրյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ  Գեւորգյանի հետ` պարզաբանելու համար, թե որքանով է արդարացված իր պաշտպանյալի պահանջը ծնողների սեփականության նկատմամբ, եւ նրանց վարկաբեկելու ինչ հիմնավոր դրդապատճառներ կան: Սակայն փաստաբանը հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ` պատճառաբանելով, թե «հարցադրումներն իրավական դաշտից դուրս են»:
Իսկ հուսահատված տիկին Մարուսյան կրկին սեփական տունը կորցնելու վտանգի առջեւ է հայտնվել, բայց այս անգամ ոչ թե ազերիների, այլ սեփական աղջկա թշնամական գործողությունների արդյունքում:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս