Կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամից, քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվան ց` սեպտեմբերի 1-ից սկսած` մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմումները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով «ԻՄ ՀԱՇԻՎԸ» համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ կամ միայն նույնականացման քարտ: Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար:
Վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումարը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին: Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե:
Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին: