Ոստիկանության հայտարարությունը` Մաշտոցի պուրակի վերաբերյալ (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող պուրակում մի խումբ անձանց կողմից հերթական անգամ նախաձեռնվել և փորձ է արվել իրականացնել ժամանակավոր տեղադրված կրպակների ապամոնտաժումը: Նախապես մշակված գործողությունների պլանով և դերերի հստակ բաշխմամբ մեկ տասնյակից ավելի անձինք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, տապալելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց ենթադրյալ իրավունքների իրացման նպատակով ներխուժել են ոստիկանության աշխատակիցների կողմից օրինական հիմունքներով պահպանվող տարածք և փորձել վնաս պատճառել այնտեղ գտնվող գույքին:
Իրավախախտում կատարած անձինք նշված գործողություններով վտանգել են նաև իրենց և այլոց կյանքն ու առողջությունը, քանի որ այդ տարածքում եղել են էլեկտրական լարման տակ գտնվող սարքավորումներ, իսկ իրավախախտներից ոմանց ոստիկանները ստիպված են եղել իջեցնել մի քանի մետր բարձրությունից: Վերոշարադրյալ գործողությունները զուգորդվել են տարածք ներխուժած անձանց ուղեկցող մեկ այլ խմբի կողմից ոստիկանների հասցեին ուղղվածվիրավորանքներով և այլ սադրիչ գործողություններով:
Ոստիկանության աշխատակիցների համաձայնեցված, համարժեք և զուսպ գործողությունների արդյունքում իրավախախտում կատարած անձինք դուրս են բերվել պահպանվող տարածքից և կարճ ժամանակ անց այգում վերականգնվել է հասարակական կարգն ու հանրային անդորրը: Իրավիճակը լիովին վերահսկելու պայմաններում ոստիկանությունը անհրաժեշտ չի համարել կիրառել վարչական ներգործության որևէ այլ միջոց:Հարկ է նշել, որ ապրիլի 15-ին պլանավորված և իրականացված գործողություններն իրենց բնույթով որակապես տարբերվում էին մինչ այդ պուրակի տարածքում տեղի ունեցած այլ միջադեպերից: Մասնավորապես, դրանք աչքի էին ընկնում ընդգծված ագրեսիվ բնույթով, ունեին ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու ակնհայտ միտում և ուղղված էին որոշակի արժեքների վնաս հասցնելուն:
Ապրիլի 15-ի իրադարձություններն ավելի ընդգծեցին ոստիկանությանը ֆիզիկական ընդհարումների մեջ ներքաշելու և պատժողի կերպարով ներկայացնելու առանձին անձանց անթաքույց մտադրությունները, որոնք իրականություն չեն դարձել ու չեն դառնալու: Իր հերթին նման գործելաոճն ակնհայտ է դարձնում այսօրվա իրավախախտների իրական, բնապահպանական խնդիրների հետ անհամատեղելի և միանգամայն կանխատեսելի նկրտումները:Առկա իրավիճակում, երբ շարունակաբար չարաշահվում է հասարակական կարգի և այլոց իրավունքների պաշտպանությանն ուղղված ոստիկանության կանխիչ և հարաբերականորեն պասիվ գործելակերպը, ինչպես նաև ձեռնարկվում են ենթադրյալ իրավունքների ապօրինի իրացման և ուրիշի գույքին վնաս պատճառելու նոր փորձեր, անհրաժեշտություն է առաջանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրավական գնահատական տալ վերոշարադրյալ փաստերին և դրանց ընթացքում որոշակի վարքագիծ դրսևորած կոնկրետ անձանց գործողություններին:Ուստի, սույնով պաշտոնապես հայտնվում է, որ 2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարուցվել և իրականացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ: Նշված գործընթացի նախաձեռնումը պայմանավորված է բացառապես իրականացված անօրինական գործողությունների էությամբ ու բովանդակությամբ: Այսուհետ ևս ոստիկանության ամեն մի գործողություն համարժեք է լինելու յուրաքանչյուր հնարավոր իրավախախտման բնույթին, վտանգավորության աստիճանին և առաջացրած հետևանքներին:




Լրահոս