Ինչպես արդեն հայտնել ենք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Կանազի» զինհոսպիտալի գործով դատական քննությունը:
Վկայություն տվեց Սերգեյ Մարությանը, ով հայտնեց դատարանին, որ դեպքի ժամանակ ինքը ևս պառկած է եղել զինհոսպիտալում:
«Էդ օրը հելել եմ, տեսել եմ շուխուռա, փախել եմ: Պետին տեսա, փախա, հոսպիտալի պետի գոռոցն եմ լսել ու վերջ: Հետո ասեցին ռազմական ոստիկանությունից մարդ կա, վախեցա, փախա, դեղերի տակ էի: Հետո էլ բան չեմ տեսել, քնած եմ էղել: Հետո տեսա դուռը բացա, ասեցի գնամ տուն, վաղը կգամ: Քննիչս ա ամեն ինչ իմ տեղը գրել: Էսքանը պատմել եմ, քննիչը գրել ա ու ասել տակը խազի գնա: Հետո քննիչին ասել եմ քնած եմ եղել, ընձի ավելորդ հարցեր չտաս: Ես գրել կարդալ չգիտեմ: Ինչ ուզում են, թող անեն»,- նշեց վկան:
Ապա մեղադրողը հարց ուղղեց՝ եթե դուռը բաց է, ինքը իրավունք ունե՞ր դուրս գալու, վկան պատասխանեց, թե դեղերի ազդեցության տակ է եղել: Մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:
Վկան ասաց նաև, որ չի իմացել` ինչու են իրեն հարցաքննում. ինքը մտածել է, թե իր ծառայության ազատման համար է կանչվել ոստիկանություն:
Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում նշվում էր, թե ինքը տեսել է «ստոպ պալատ» տարվող օղու շիշը, ինչը տեսել է նաև բուժաշխատողներից մեկը:
«Տեսել եմ, որ ապակիները ջարդված էին, խառը ջարդում էին, թե ով էր ջարդում դրանք: Հետո տեսա Դավիթին` վիրավորված վիճակում: Տեսել եմ, որ «ստոպ սենյակում» կռիվ ա գնում: Վնասվածքներով ոչ մեկին չեմ տեսել Դավիթից բացի»,- նշվում էր ցուցմունքում, իսկ վկան դատարանում ասաց, որ այնտեղ ամեն ինչ սխալ է ու իրականությանը չի համապատասխանում:
«Ես իմ վրով եմ ասել, որ ծառայել եմ Մատաղիսում: Ուրիշ ոչ մի բան ես չեմ ասել: Ես միայն հոսպիտալի պետի ձենն եմ լսել»,- ասաց վկան:
Ապա կանչվեց վկա, ՌՈ ենթասպա Գոռ Սամոյանը: Վերջինս ասաց, որ դեպքի օրը հերթապահ մասում հերթապահի օգնականն է եղել:
«Մեր զորամասը հատուկ նշանակության է: Ամբաստանյալներից ճանաչում եմ միայն Գարեգին Դանիելյանին: Ժամը 11-ի սահմաններում շարքային Դանիելյանը մոտեցել է ինձ, ու տարել եմ բուժկետ: Իրա մոտ հայտնաբերվեց ձախ ձեռքի նախաբազկի քերծվածքներ, ինչը արել էր հոգեկան հուզմունքի արդյունքում: Գարեգինն է այդպես ինձ ասել: Դաշտային համազգեստի շևրոնով էդպիսի բան էր արել: Ասեց, որ զինհոսպիտալի դեպքի հետ կապված հիշել է ամեն ինչ, հուզվել է ու նման բան է արել»,- ասաց վկան, և այսքանով նրա վկայությունն ավարտվեց:
Ապա նիստերի քարտուղարը հայտնեց, որ մի քանի այլ վկաներ տեղեկացրել են, որ ներկայանալ նիստին չեն կարող: Նախագահողը հայտարարեց, որ պետք է հրապարակել վկաների նախաքննական ցուցմունքները, ինչին առարկեց պաշտպան Նալբանդյանը` նշելով, որ վկային պետք է բերման ենթարկել:
Դատարանը որոշեց հրապարակել` նկատի ունենալով, որ դրանք նույնաբովանդակ են և ոչ վճռորոշ:
Հրապարակվեց Կարապետ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը, որում ասվում էր, որ վկան հոսպիտալ է տեղափոխվել ինքնավնասում անելուց հետո:
«Ես տեսել եմ, որ «ստոպի» զինվորների ու բուժաշխատողների միջև վիճաբանություն էր սկսվել: Հետո տեսել եմ, որ Ռազը գետնին պառկած գոռում էր ու հայհոյում: Ու ես տաքսի եմ նստել ու փախել հոսպիտալից, որովհետև վախեցել եմ պետից: Ինքն ասել էր, որ անկարգությունների դեպքում պատժվելու ենք»,- նշվում էր ցուցմունքում:
Քիչ անց պետք է հրապարակվեր սանիտարներ Ժորա Աղեկյանի և Աշոտ Մաթևոսյանի նախաքննական ցուցմունքները, սակայն պաշտպանական կողմն ասաց, որ նրանք կարևոր վկաներ են և պետք է կանչվեն դատարան: Իսկ վկա Արամ Ենգիբարյանի նկատմամբ որոշվեց բերման ենթարկելու որոշում:
Հրապարակվեց վկա Ռուբիկ Հայրիկյանի նախաքննական ցուցմունքը` ամբաստանյալ Գարեգին Դանիելյանի մասով:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 16-ին: