«Բանդայի գործով» ամբաստանյալը հոգեբույժի կարիք ունի և հրաժարվում է ներկայանալ դատարան (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «բանդայի» գործով ամբաստանյալ, ազգությամբ եզդի 22-ամյա Քյարամ Ամոյանի մասով դատական քննությունը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստն ընթացավ առանց ամբաստանյալի, քանի որ վերջինս հրաժարվել է ներկայանալ քննությանը:

Նախագահողը հիշեցրեց, որ նախորդ նիստին գրություն էր ուղարկվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` իմանալու՝ ինչպիսի վիճակում է այնտեղ գտնվող Քյարամ Ամոյանը: Գրությանն ի պատասխան՝ ՔԿՀ պետ Խաչատրյանը հայտնել է, որ էրեբունի ԲԿ -ից ուղարկվել էպիկրիզ առ այն, որ Ամոյանը ստացիոնար բուժում է ստացել: Ըստ եզրակացության` նրա գիտակցությունը մթագնած է, հարցերին չի պատասխանում, ոչ մի հրահանգ չի կատարում: Կալանավորի նյարդերի և զգացողական ֆունկցիան ստուգել հնարավոր չէ, ժամանակ առ ժամանակ ոչ ադեկվատ է իրեն պահում: Ամոյանին հոգեբույժի կոնսուլտացիայի խորհուրդ է տրվել:

Նախագահողը հարցրեց պաշտպան Հովհաննիսյանի դիրքորոշումը հետագա քայլերի հարցում, և պաշտպանը հաստատեց, որ իր պաշտպանյալի վիճակն իսկապես վատ է, անգամ հոգեբույժի կարիք է զգացվում:

«Նրա նոպաները հոգեբուժական բնույթի են, հետը հնարավոր չէ որևէ բան խոսել, կարող է՝ մի բան խոսի, հետո մի ուրիշ բան: Մեկ-մեկ ասում ա՝ Կարինեն ի՞նչ էղավ, Պապոյանի նիստերի քարտուղարին է նկատի ունենում, ասում ենք՝ Կարինեն է ասել գնաս նիստի, ու միայն այդ դեպքում է համաձայնվում գալ: Դիրքորոշումս այն է, որ քանի որ ինքը չի կարող դատերի մասնակցել, պետք է փորձաքննության հարց բարձրացնել` իմանալու համար՝ ինքը պատիժ կրելու ենթակա անձ է, թե՝ ոչ, կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին, թե՝  ոչ»,- հայտարարեց «բանդայի» գործով ամբաստանյալի պաշտպանը:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը չառարկեց պաշտպանի միջնորդությանը: Նա նշեց, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանց եզրակացության կարծիքի կարիք կա: Մեղադրող դատախազի դիրքորոշմամբ` նպատակահարմար է ստացիոնար բուժում անցկացնելը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ պաշտպան Հովհաննիսյանի միջնորդությունը` Քյարամ Ամոյանի համար կրկին փորձաքննություն նշանակելու մասին, բավարարված է: Դատարանի որոշմամբ՝ նշանակվեց դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն: Համապատասխան փաստաթուղթը կուղարկվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 12-ին:

 




Լրահոս