Նախկինում ինչ հանցագործություններ են կատարել «բանդայի» անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «բանդայի» գործով դատական քննությունը, որի ժամանակ հետազոտվեցին իրեղեն ապացույցները:

Դատարանը ներկայացրեց մահացած Արման Դալլաքյանի մոտ հայտնաբերված դանակը, որը տուժող Կարեն Բեզոյանը չճանաչեց:

Պաշտպան Հովիկ Արսենյանը հարց ուղղեց, թե ինչու են իրեղեն ապացույց ճանաչվել Արտյուշա Հակոբյանի մեքենայից առգրավված ինչ-որ իրեր, իսկ մի քանի այլ իրեր, հնարավոր է, փոխհատուցման համար գործածվեն:

Ապա ներկայացվեց թանկարժեք օծանելիքը, որը տուժողը ճանաչեց, և ամբաստանյալ Գալստյանը հարց ուղղեց տուժողին` քանի օծանելիք են գողացել այդտեղից, և նշված օծանելիքը որքան են օգտագործել:

«Ախր չիմանա՞նք` ինչքան եք օգտագործել, որ հասկանանք` ինչքան է մնացել մեջը: Մենք էլ երեք-չորս տղա ենք, բոլորիս էլ դուր է եկել այդ հոտը. էնքան ենք ցանել, որ պիտի որ վերջացած լիներ: Բայց ցանում-ցանում ենք, դեռ կա»,- հեգնանքով ասաց ամբաստանյալը:

Այսքանով ավարտվեց իրեղեն ապացույցների հետազոտման փուլը:

Դատական քննությունը լրացնելու վերաբերյալ դատախազը միջնորդեց ուսումնասիրել ամբաստանյալների` նախկինում դատվածությունների հանգամանքները` պատճառաբանելով, որ դրանք պետք են անձանց բնութագրող տվյալներն իմանալու համար:

Չնայած պաշտպանական կողմի առարկություններին` դատարանը հայտարարեց, որ պահանջված փաստաթղթերը ենթակա են հետազոտման:

Ընդմիջումից հետո մեղադրող Խաչատրյանը հրապարակեց դրանք:

1987 թ. դատապարտված Արտյուշա Հակոբյանի մասով դատավճռի համաձայն` նրան մեղադրանք է առաջադրվել ՀԽՍՀ 99 հոդվածի հատկանիշներով, հաջորդը՝ ՔՕ 203, 208 1-ին մասով:

Պաշտպաններից մեկը հայտնեց, որ հարգելի պատճառներով պետք է հետաձգել նիստը, և դատարանը գործի քննությունը հետաձգեց` նշելով, որ հաջորդ նիստին պետք է ներկայացվեն լրացնելու մասով միջնորդությունները:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 24-ին:




Լրահոս