Սյունիքի մարզպետը կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նշված է կառավարության օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

որոշում է.

Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում էր գրել էր, որ ըստ իր տեղեկությունների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի (Վահե Հակոբյանի հոր) հեռացումը կապված է աղմկալի չարաշահումների հետ: «Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի պաշտոնից հեռացրել են այն պատճառով, որ կոմբինատից երկար ժամանակ դիզվառելիքի կորուստ է եղել, որը չի կանխվել:

Բացի այդ, «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը պարզել է, որ Մ. Հակոբյանը բազում դուստր ձեռնարկություններ է ստեղծել, գրանցել իր հարազատների անուններով, որոնք ամենատարբեր ապրանքներ են մատակարարել կոմբինատին: Նշվում է, որ անգամ Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանն է ունեցել մի քանի այդպիսի ընկերություն: Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:




Լրահոս