ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԻՂԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Սամվել Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Վերջին հաշվով Բաղրամյան 26-ում, կառավարությունում, Ազգային Ժողովում պետք է հասկանան, որ պետք է մեկընդմիշտ վերացնել այդպիսի պիղծ վերաբերմունքը»:
-Տեղեկություններ կան, որ Դուք որոշել եք շուտով Ձեր թեկնածությունը հանել եւ հրաժարվել ընտրապայքարից:
-Բոլորն ինձ ճանաչում են եւ գիտեն, որ ես այլ վերաբերմունք ունեմ այն թեկնածուների հանդեպ, որոնք նման քայլի են դիմում, ուղղակի նրանք ընդամենը արգահատանքի են արժանի: Ես ինչքան անգամ առաջադրել եմ իմ թեկնածությունը,  մինչեւ վերջ պայքարել եմ, իսկ ընտրապայքարի մեջ մտել եմ միայն հաղթանակի համար: Եւ այս անգամը բացառություն չէ. ես մտել եմ ընտրապայքարի եւ համոզված եմ, որ ինձ կհաջողվի իմ համախոհների թիվն ավելի մեծացնել եւ բացարձակ հաղթանակ տանել: Եւ դա պետք է լինի ոչ թե իմ, այլ մեր ժողովրդի հաղթանակը: Ի վերջո, թիվ 37 ընտրատարածքից ԱԺ-ն ունենալու է պարտաճանաչ, օրինակելի պատգամավոր: Ինձ համար ցավալի է, որ նման տեղեկություն հրապարակվեց Ձեր թերթում, թե ես հրաժարվելու եմ իմ թեկնածությունից:
-Պարո՛ն Հարությունյան, նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է. այս ընթացքում Ձեր մրցակիցների կողմից խոչընդոտների հանդիպե՞լ եք:  Տեղեկություններ կան, որ Ձեր ընտրատարածքում արդեն ընտրակաշառք են բաժանում:
-Պայքարին մասնակցում եմ առավելագույն ուժերով, ես աշխատում եմ, բոլոր բնակավայրերի, բոլոր գյուղերի բնակիչների հետ, ներկայացնում եմ իմ տեսակետը: Այս անգամ մեր գործը բավական մեծ ընթացքի մեջ է, եթե նախկինում չենք կարողացել, եւ մեր մանդատը պարզապես գողացել են, մեր ձայները չենք կարողացել պահել, եւ մեր ձայներն ուղղակի գողացել են, նամանավանդ վերջին ընտրությունների ժամանակ Սերժ եւ Սաշիկ Սարգսյանների կողմից, ապա այս անգամ համոզված եմ, որ ոչ ոք չի կարողանալու մեր հաղթանակը յուրացնել: Խոչընդոտներ, կարելի է ասել, այն է, որ քաղաքապետը  9 կամ 10 տեղ է հատկացրել թեկնածուների քարոզչանյութերի համար, իսկ մեզ այնպիսի տեղեր են հատկացրել, որտեղ թվով ավելի քիչ մարդիկ են լինում, մարդաշատ չեն: Հուսանք, որ բախում չի եղել եւ չի էլ լինելու, քանի որ դա պատիվ չի բերի ոչ ոքի:
-Նախօրեին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի վրա ինչ-որ կանայք էին «հարձակվել» եւ խոչընդոտել նրա քարոզարշավը:
-Ես լսել եմ, եւ ընդհանրապես արգահատանքի է արժանի որեւէ թեկնածուի նկատմամբ նման վերաբերմունքը: Կոնկրետ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը եւս դրան է արժանի: Վերջին հաշվով Բաղրամյան 26-ում, կառավարությունում, Ազգային Ժողովում պետք է հասկանան, որ պետք է մեկընդմիշտ վերացնել այդպիսի պիղծ վերաբերմունքը: Ես վստահ եմ, եթե համապատասխան քաղաքական կամք լինի, ապա մեր հայրենիքում կվերանա այդ վերաբերմունքը: Կոչ եմ անում վերջ դնել այդ արգահատելի վիճակին, դա պատիվ չի բերում: Մեզ մոտ նման բաները, ես կարող եմ ասել, որ գերազանցապես կազմակերպված են, նման բաները խրախուսվում են, եթե իմանան, որ պատժվում են, էդ ո՞վ կհամարձակվի  նման բան անել: Անողներն ուղղակի համոզված են, որ խրախուսանքի են արժանանալու, երբ որ պետք է ճիշտ հակառակը լիներ:
-Ձեր ընտրատեղամասում ո՞ւմ եք համարում հիմնական մրցակից, իշխանությունը ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի թեկնածությունն է սատարում, ի՞նչ հույսեր ունեք:
-Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց լավ կլինի` այդ հարցն ուղղեք մեր ընտրողներին, ես գոհ եմ իմ ընտրողներից, համենայնդեպս, երբ հանդիպում եմ իրենց հետ, ասում են, որ ես առաջատար դիրքերում եմ` ծանրակշիռ, բացարձակ հաղթանակ է լինելու: Ապավինենք Սյունյանց ոգուն, եւ հաղթանակները մեզանից անպակաս կլինեն:
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ նա էլ է սատարում ՀՀԿ-ական թեկնածուին:
-Ես վաղուց արդեն` մի քանի տարի է, ինչ մարզպետի հետ չեմ հանդիպել, կարծում եմ` վերջին անգամ մի երեք կամ չորս տարի առաջ եմ հանդիպել: Եւ կարծում եմ, որ հանդիպման կարիքն էլ բոլորովին չեմ զգում:

 Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս