ՊԵՏՔ ՉԷ ԹԱՔՆՎԵԼ ԿԱՆԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին Հարավարեւմտյան թաղամասում ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքին խոչընդոտել են  մի խումբ քաղաքացիներ: Մի քանի տասնյակ կանայք ու տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը: Բացի այդ, դաժան ծեծի են ենթարկել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանին, ով փորձել էր հարթեցնել իրավիճակը: Ծեծի արդյունքում կոտրվել է թեկնածուի քիթը, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀԱԿ-ի լրատվական բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Բ. Գարոյանի առողջական վիճակը բավարար է:
Ականատեսների վկայությամբ հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները: Անդրադառնալով միջադեպին` Ն. Փաշինյանը հավաստեց, որ դա նախօրոք ծրագրված ապօրինություն էր, որի պատասխանատվությունն ընկնում է հանդուրժողականություն քարոզող ՀՀԿ-ի վրա. «Եթե Սերժիկը,  հանդուրժողականության ասելով, նկատի ունի, որ մենք Հայաստանը նվիրենք լֆիկներին, բուռնաշներին, սաշիկներին, ապա իմացա՛ծ լինի, որ մենք թույլ չենք տա մեր երկիրը վերածել լֆիկ-նեմեցական Օսվենցիումի»:
Փաշինյանը վստահեցրեց, որ կիրառված ապօրինությունները «ՀՀԿ-ի եւ Լֆիկ Սամոյի» արձագանքն էին այդ կուսակցության եւ նրա մեծամասնական թեկնածուի  վիճակի վատթարացման: «Հարկ եմ համարում ընդգծել, որ լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական այս օրերին  երեւակվում է որպես նորօրյա Օսվենցիում, որի գերիների ազատագրական պայքարը դառնալու է իմ քաղաքական պայքարի կարեւորգույն նպատակներից մեկը: Հաղթանակի մեր  շանսերը մեծանում են»: Խոսելով իր մրցակից Սամվել Ալեքսանյանի մասին` Փաշինյանը կոչ արեց. «Ես ասում եմ` Սամվե՛լ, արի՛, տղամարդավարի կանգնի՛ իմ դեմ: Պետք չէ թաքնվել լիֆերի հետեւում: Սա ընտրություն է, շաքարի ներկրում չէ, ոչ էլ  օղու կեղծում»:
 Նիկոլ Փաշինյանի խոսքով` միջադեպի հրահրմանն անմիջական մասնակցություն է ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը, ով, Փաշինյանի  որակմամբ, «Լֆիկի դրածոն» է: Վերջինիս վկայությամբ` նա ցուցարար կանանց «պռոշտի» անելուց հետո բանախոսել է ոստիկանների հետ, որից հետո դադարեցվել է հարցաքննությունը:
 «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ փաստերը չափազանցված են: «Հերթական այցի էի, պատահական հանդիպեցի Փաշինյանի հետ, հարկ համարեցի մոտենալ ու բարեւել: Նկատեցի ոստիկաններին,  հետաքրքրվեցի` ինչ խոչընդոտ կա: Այդ պահին ինձ մոտեցան վարչական շրջանի բնակիչներ ու բարեւեցին: Էսքանը: Ոչ մի խոչընդոտի  ես  ականատես չեմ եղել: Էսօր էլ տարածել ենք հաղորդագրություն, որ Ս. Ալեքսանյանի ու ՀՀԿ նախընտրական շտաբները ոչ մի առնչություն չունեն նախադեպի հետ»: Այնուամենայնիվ, համայնքապետը խոստովանեց, որ միջադեպի հրահրողները ոչ թե որպես ՀՀԿ կուսակցության, այլ Ս. Ալեքսանյանի համախոհներ են հանդես եկել, հավելեց նաեւ, որ Փաշինյանի քարոզչական նյութը (բուկլետը)  իր մեջ պարունակում է շատ խիստ վիրավորանք: Դ. Օհանյանը ձեռքի հետ էլ տեղեկացրեց, որ ինքը հիմա արձակուրդի մեջ է ու ղեկավարում է նշյալ վարչական համայնքի կենտրոնական նախընտրական շտաբը, ընդգրկված է ՀՀԿ ցուցակում` համամասնական ընտրակարգով:  
ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից մեզ հաղորդեցին, որ ապրիլի 15-ին Երեւանի Հարավարեւմտյան թաղամասում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու փաստով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Նախաքննությունը շարունակվում է:  
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Փաշինյանի ահազանգով Մալաթիա-Սեբաստիա ոստիկանական բաժին բերման է ենթարկվել եւ հարցաքննվել գործով կասկածյալ, ակտիվիստ, Opel մակնիշի 21 ՕԼ 062 պետհամարանիշի մեքենայի վարորդը, ով  քարոզարշավի ողջ ընթացքում հետեւել է  թեկնածուին:
Ապրիլի 16-ի երեկոյան` ժամը 17-անց 50-ի դրությամբ, տեղեկացանք, որ Ն. Փաշինյանը շարունակվում է նախընտրական քարոզարշավը, սակայն շարունակվում է նաեւ «լֆիկական կանանց հետապնդումը»: Նրանք վանկարկում են, պահանջում, որպեսզի թեկնածուն դադարեցնի արշավը եւ հեռանա: Ըստ մեր աղբյուրի` նրանց դրսեւորումներն ի պատասխան «Լֆիկի լավության» են: Նկատենք, որ կանանց խմբում կրկնվող դեմքեր շատ կան:  Նրանցից ոմանք մասնակցում էին տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց կազմակերպած, դուդուկով ուղեկցված պիկետին:
Այսպիսով` հանդուրժողականության ջատագով Հանրապետական կուսակցությունն արդեն որերորդ անգամ գլխավոր դերակատարությունն է ստանձնել արձանագրված նման միջադեպերում:
Հ.Գ. Երեկ՝ ուշ երեկոյան, ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Վարդան Վ.-ն գնացել է Մալաթիայի ոստիկանություն  եւ հայտնել, որ ինքն է վիճաբանել Գայանե Առուստամյանի եւ Բաբկեն Գարոյանի հետ, եւ նրանք դիպել են պատին: Հնարավոր է՝ դրա համար են վնասվել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս