Ի՞նչ արժեն Ռ. Քոչարյանի ծանրակշիռ փաստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված ԱՄՆ դիվանագիտական արխիվի հերթական փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանում այդ երկրի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի եւ Ռոբերտո Քոչարյանի` 2007թ. հուլիսին տեղի ունեցած զրույցի մանրամասները:

90 րոպե տեւած հանդիպման վերաբերյալ իր զեկուցագրում Փերինան ներկայացնում է Քոչարյանի մոտեցումները ներքին մի շարք հիմնահարցերի` մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալության ու Լեւոն Գուլյանի սպանության առնչությամբ:

Փերինան նախ եւ առաջ նշում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով, որն ակնկալում էր լսել Քոչարյանի կարծիքը հրատապ հիմնահարցերի առնչությամբ: Եթե Լեւոն Գուլյանի գործի կապակցությամբ Քոչարյանը արտահայտել է իր վստահ համոզմունքը, թե այն հետաքննված է բազմակողմանիորեն ու բոլոր հարցերի պատասխանները հայտնի են, ապա Արզումանյանի ձերբակալության առնչությամբ նա խոստացել է հապշտապ միջոցներ ձեռք առնել:

Քոչարյանը նկատել է, որ հայ քննիչները աշխատանքներ են տանում Ռուսաստանում՝ փորձելով ապացույցներ գտնել Արզումանյանի ու նրա մի խումբ ընկերների կողմից փողերի լվացման գործում: Նա հավելել է, որ իր հնարավորությունները չեն ներում Ռուսաստանում ընթացող հետաքննությանն արագ ընթացք հաղորդելու հարցում, սակայն լիահույս է, որ «շուտով առնվազն հստակ կլինի, թե որքան ժամանակ այդ գործընթացը կարող է խլել»: Քոչարյանն ավելացրել է, որ եթե արտերկրում ընթացող հետաքննությունը չավարտվի կարճ ժամկետներում, ապա ինքը պատրաստ կլինի Արզումանյանին ազատ արձակել գրավի դիմաց, մինչեւ որ նախաքննությունը հասնի իր ավարտին:

Հետաքրքիր է, որ Քոչարյանը, տուրք տալով արեւելյան իր մտածողությանը, սեփական անձը կրկին վեր է դասել երկրում առկա բոլոր օրենքներից, հաղթականորեն արհամարհել է ՀՀ Սահմանադրության՝ իշխանության տարանջատման սկզբունքները եւ իրեն վերապահել դատարանի գործառույթները: Այս մարդն ակնհայտորեն չի կարողանում հասկանալ, որ քաղաքացուն կալանավորելու կամ ազատ արձակելու իրավասությունը պատկանում է բացառապես դատարանին: Արդ, եթե Քոչարյանն անգամ որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Արզումանյանին, արդյո՞ք տրամաբանական չէ, որ վերջինիս ձերբակալելու որոշումն էլ կայացրել էր անձամբ ինքը: Ի վերջո, նման ինքնախոստովանություն ունենալով մեր տրամադրության տակ՝ կարող ենք նաեւ վստահաբար եզրակացնել, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած ապօրինի ձերբակալությունները եւս կատարվել են անձամբ Քոչարյանի հրամանով, ուստի խնդրի հիմքում ընկած են եղել բացառապես քաղաքական դրդապատճառները:
Շարունակելով թեման՝ Քոչարյանը նշել է, որ խիստ կարեւորում է համապատասխան հետաքննության անցկացումը՝ հատկապես որ գործում «կրիմինալ գործունեության բավականին ծանրակշիռ փաստեր կա»: Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը ծանրակշիռ փաստեր է համարում բացառապես սեփական կարծիքը: Այլապես անհնար է հասկանալ, թե ինչպես կարող է նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը խոսել ծանրակշիռ փաստերի մասին, բայց մի քանի ամիս անց պարզվի, որ իրականում ոչ մի ապացույց էլ չկա, ինչի ականատեսը եղանք նաեւ հենց այս քրգործում: Ի վերջո, շատերը կհիշեն, թե ինչպես էր Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին հայտարարում, որ մի քանի հոգի կրակում էին ոստիկանների վրա, ու թաքնվում ցուցարարների թիկունքում:

Մարտի 1-ի ողբերգությունից անցել է 6 տարի, մինչդեռ ցայսօր ոչ ոք չի տեսել խոստացված կադրերը, իսկ Քոչարյանի «ծանրակշիռ» փաստերը հերթական անգամ դատարկ դուրս եկան: Հատկանշական է, որ Քոչարյանն առիթը բաց չի թողել կշտամբելու ԱՄՆ-ին՝ շեշտելով, թե Հայաստանը փողերի ապօրինի լվացման դեմ օրենքներն ընդունել է ԱՄՆ խորհրդով, ուստի «բավականին հեգնական է, երբ հենց ԱՄՆ-ն է կասկածի տակ դնում դրանք»: Փերինան հարկ է համարել Քոչարյանին հիշեցնել, որ իրենք մտահոգված են բացառապես հետաքննության թափանցիկության ու արդարության համար:
Դիվանագետը նաեւ արտահայտել է իր ու իր կառավարության մտահոգությունները Լեւոն Գուլյանի մահվան առնչությամբ: Քոչարյանը պատասխանել է, որ գործի քննությունը ավարտված է, ավելին՝ միջազգային հեղինակավոր մասնագետներն էլ են զբաղվել դրանով, իսկ եզրակացությունն այն է, որ ոչ մի ապօրինություն տեղի չի ունեցել: Այս կապակցությամբ, Փերինան նշել է, որ գործի քննությանն առնչություն են ունեցել եվրոպական դատաբժիշկները: Վերջիններիս եզրակացությունը, ըստ Փերինայի, այնքան էլ վստահելի չի կարող համարվել, քանզի օտարերկրյա մասնագետներն անցկացրել են միայն երկրորդ փորձաքննությունը, որը տեղի է ունեցել Գուլյանի մահից բավականին ուշ: Ըստ հեղինակի՝ փորձաքննությունն ընդամենը հավաստել է, որ Գուլյանը մահացել է բարձրությունից ընկնելու միջոցով, մինչդեռ հայտնի չէ՝ դա ինքնասպանություն էր, թե՞ նրան հրել են պատուհանից: Հետաքրքիր է, որ Փերինան ուղղակիորեն կասկածի տակ է դրել Քոչարյանի պնդումները՝ արտահայտելով իր թերահավատությունը նրա ներկայացրած «ծանրակշիռ» փաստերի վերաբերյալ: Նման գնահատականի արժանանալով հանդերձ՝ Քոչարյանն այսօր շարունակում է իր կառավարման տարիները դրական գնահատել՝ ի հեճուկս հարյուրավոր ճակատագրերի խեղման, գաղտնի ու հրապարակային ապօրինությունների եւ անգամ անզեն մարդկանց գնդակահարելու փաստերի:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս