Ցիտրուսային լայմ տեսակի միրգն արագ եւ լայն տարածում է գտել տեղացի սպառողների շրջանակներում: Մոտ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին դիմած սննդի օբյեկտների սեփականատերերը նշեցին, որ լայմից ավելի շատ օգտվում են Հայաստանի զբոսաշրջիկները, քանի որ ավելի ծանոթ են ցիտրուսային այդ մրգին եւ այն հատկապես օգտագործում են ոգելից խմիչքների հետ:
Պարզվում է` նախորդ տարի ներքին շուկայում բավականին լայն տարածում է գտել Վրաստանի Հանրապետությունից ներկրված լայմը, որի 1 կգ-ն արժեցել է 700-800 դրամ: Դրա փոխարեն այսօր ներքին շուկայում վաճառվում է այլ երկրներից ներկրված լայմը, որի 1 կգ-ն արժե 1800 դրամ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու այս տարի ներքին շուկայում չեն վաճառվում վրացական լայմերը:
Փորձեցինք պետական գերատեսչություններից հետաքրքրվել, թե ինչու է այդ մրգատեսակի գինն ընդամենը մեկ տարվա ընթացքում կրկնակիից ավելի բարձրացել: Առաջին տպավորությամբ լայմի բիզնեսը վերցրել է ինչ-որ ազդեցիկ գործիչ, դրա համար էլ շուկայում գինը կտրուկ աճել է:
Սակայն ուշագրավն այն է, որ պատկան կառույցները` Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարությունները բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում լայմի շուկայում: Երկու կառույցից էլ «Ժողովուրդ»-ը ստացավ նույն պատասխանը. «Այդ հարցը մեր նախարարության գործառույթների շրջանակներում չէ»:
Մինչդեռ հենց նույն նախարարություններն են ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում, թե ամեն ինչ անում են` ՀՀ գործարար դաշտը բարելավելու համար:«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե տարեսկզբից մինչ օրս որքա՞ն լայմ է ներկրվել Հայաստան եւ ո՞ր երկրներից: Պարզեցինք, որ տարեսկզբից մինչ օրս Հայաստան է ներկրվել 2.7 տոննա լայմ` Բրազիլիայից, Պերուից, Մեքսիկայից եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Իսկ Չինաստանից, Թուրքիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Վրաստանից ՀՀ է ներմուծվել մոտ 839 տոննա կիտրոն:
Ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին ՍԱՊԾ-ից, ներկրված մրգերը ենթարկվել են ե´ւ լաբորատոր փորձաքննության, ե´ւ սահմանային հսկողության:
Իսկ թե ինչ ընկերություններ են ներկրել, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հարցերին պատասխանելու «սովորություն չունի»: Ու, թերեւս, հենց այդտեղ է թաղված շան գլուխը. ո՞վքեր էին նախկինում ներկրում լայմը եւ ո՞վ է անում հիմա: Գուցե էլի գործին խառնվել է Հայաստանին բանան մատակարարող«Քեթրին գրո՞ւպը», որը պատկանում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ