Իմ երեխաներին չեմ կարող ստիպել գիրք կարդալ. Զ. Արամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերմեկյան տոնական տրամադրությունները հրաշալի առիթ են եւս մեկ անգամ խոսելու օրվա խորհրդի` գիտելիքի մասին: Գիտելիքի մասին մարդկային պատկերացումներն, իհարկե, բազմազան են: Սրընթաց զարգացող տեխնոլոգիաները, ինտերնետային «հրաշալիքները» մարդկության մեծ մասին կտրել է գրքերից եւ նետել համացանցային սարդոստայնը:
Եթե տարիներ առաջ` խորհրդային իշխանության օրոք, գիրք կարդալը համարվում էր կենսական անհրաժեշտություն, ապա այսօր տպագիր տարբերակով որեւէ բան ընթերցելը նույնացվում է հնացած ավանդույթի հետ: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել, ի՞նչ է պետք անել` իրապես գիտելիքահեն հասարակություն ունենալու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի-դերասանուհի,  Զառա Արամյանի` «համով Զառայի» հետ:
-Սիրելի համով Զառա, մեր այսօրվա հասարակության կրթվածության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք:
– Մարդիկ բավականին տեղեկացված են, ճկուն մտահորիզոն ունեցող երիտասարդների ներկայությունը մեր հասարակությունում բավականին ոգեւորիչ է:
-Այսօր գրեթե բոլոր ոլորտներում խոսվում է այն մասին, որ մեր երիտասարդները բավականին քիչ են կարդում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Ցավով պիտի նշեմ, որ այսօր մարդիկ բավականին քիչ են կարդում: Ես ինքս շատ եմ սիրում կարդալ, բայց իմ երեխաներին չեմ կարողանում ստիպել, որ իրենք էլ կարդան: Մի տեսակ մարել է կարդալու «մոլուցքը»:
-Ձեր կարծիքով` մարդիկ իրենց գիտելիքների բացն այլ տեղեկատվական միջոցներո՞վ են լրացնում, թե՞ պարզապես այսօր արդեն «նորաձեւ» չէ կրթված, կարդացած լինելը:
– Այո, անշուշտ լրացնում են մարդիկ իրենց տեղեկատվական քաղցը: Առաջ որեւէ թեմայից խոսելիս, այդ թեմայի շրջանակներում ակտիվ զրույց ծավալելու համար, պետք էր առնվազն տասը գիրք կարդացած լինել, իսկ հիմա կարելի է մի փոքրիկ հոդված կարդալով, թեմայի մասին բավականին լուրջ ինֆորմացիայի տիրապետել: Այս ամենը նկատի ունենալով` ցավում եմ, որ մարդիկ մեր օրերում քիչ են կարդում:
-Ձեր նշած հոդվածերն արդյոք բավարա՞ր են համակողմանի եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու համար : Թե՞ այդ ամենը նմանվում է «ֆասթ-ֆուդ»-ի` արագ, կշտացնող, բայց անորակ…
– Չեմ կարծում, որ համացանցում առկա հրապարակումները բավարար են, բայց առանց դրա ավելի սոսկալի վիճակում կհայտնվի մեր հասարակությունը: Գիրք կարդալը շատ կարեւոր է, բայց եթե չեն կարդում, գոնե նման միջոցներով լրացնեն իրենց տեղեկատվական բացը:
Զրուցեց Լուսինե Հակոբյանը




Լրահոս