Տնտեսական ճգնաժամը վերադառնում է Սյունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած այս փաստաթութղը պատմում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի` 2009թ. մայիսի 18-20-ը Սյունիքի մարզ կատարած այցելության մասին: Հեղինակը հենց դեսպանն է, ով ներկայացնում է Հայաստանի ամենակարեւոր մարզերից մեկի սոցիալ-տնտեսական դրությունը: Զեկուցագրում ներկայացված են այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են Սյունիքի բնակչությանը՝ գործազրկություն, թանկացումներ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, մեկուսացում:

Դիվանագետի ուշադրության կենտրոնում է հատկապես այն հանգամանքը, որ մարզը, լինելով սահմանակից Իրանին, գտնվում է անմխիթար մեկուսացման պայմաններում: Հատկանշական է, որ Յովանովիչը զեկուցագիրը վերնագրել է այսպես. «Բարի գալուստ տուն. համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերադառնում է Սյունիքի մարզ»:
Հայաստանի տարբեր մարզեր այցելություններ կատարած Յովանովիչի հերթական կանգառը Սյունիքի մարզում էր, որտեղ նա հանդիպել է իշխանության տեղական ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության անդամներին եւ այլոց: Քննարկման կենտրոնական թեման է եղել մարզում տիրող տնտեսական իրավիճակը: Յովանովիչը տեղեկացնում է, որ Սյունիքը Հայաստանի տնտեսական ամենակարեւոր գոտիներից է, որը բավականին մեծ հնարավորություններ ունի գյուղատնտեսության ու հանքային արդյունաբերության բնագավառներում:

Հեղինակն արձանագրում է, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն էլ ավելի է սաստկանում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզն ուղղակիորեն կտրված է մայրաքաղաքից ու զուրկ է արտասահմանյան ներդրումներից: Յովանովիչը նկատում է, որ թեպետ իշխանության ներկայացուցիչները լիահույս են եղել ճգնաժամի հաղթահարման հարցում՝ պնդելով, թե կառավարությունը մեծ աշխատանք է կատարել այդ հարցում, այդուհանդերձ «ճգնաժամը նահանջի ոչ մի նշան ցույց չի տալիս»:
ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի խոշոր քաղաքներ՝ Գորիս, Կապան, Սիսիան, որտեղ նրան հանդիպած բոլոր գործիչները շեշտել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ծանրագույն ազդեցությունը մարզի վրա: Տեղական ներկայացուցիչները նկատել են, որ անկախությունից ի վեր բախվելով դժվարությունների՝ այսօր Սյունիքը կլանվել է համաշխարհային ճգնաժամի կողմից. «Ասում ենք՝ ճգնաժամը եկե՞լ է Սյունիք. լավ, բարի գալուստ տուն»:
Դիվանագետը հավելում է, որ երկրամասը արտաքին աշխարհի հետ իր շփումներում սահմանափակված` առաջին հերթին աղքատ ինֆրաստրուկտուրայի ու պատերազմի պատճառով: Ավելին` Լեռնային Սյունիքը երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին, իսկ երրորդ կողմից` Իրանին: Եթե առաջին երկուսը փակ սահմաններ են, ապա Իրանի հետ սահմանը ոչ մի հավելյալ տնտեսական արդյունավետություն չունի: Այս համատեքստում դիվանագետը շեշտում է, որ մարզկենտրոն Կապանն ավելի մոտ է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտին, քան Երեւանին:

Անգամ երկաթուղի կամ օդային հաղորդակցություն չկա մայրաքաղաքի ու Սյունիքի քաղաքների միջեւ: Տեղական գործիչների ներկայացմամբ` բոլորի համար հասկանալի է, որ գոյություն ունի երկու Հայաստանª Երեւան եւ մնացածը: Դիվանագետի զրուցակիցներն ավելացրել են, որ մեկուսացումը, սակայն, ի վիճակի չեղավ կանգնեցնելու ճգնաժամը եւ դրանից խուսափել ուղղակի հնարավոր չի լինի: Նրանց միակ հույսը դրա հակաթույնը գտնելն է:
Յովանովիչը ուշադրություն է դարձնում նաեւ մարզի գյուղատնտեսական վիճակին` շեշտելով, որ բնակչության համոզմամբ` այստեղ ճգնաժամը դեռ տարիներ առաջ է սկսվել: Բնակչությունը բողոքել է սերմերի թանկությունից, ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունից, ջրամատակարարման անբավարարությունից: Տեղացիները բացատրել են, որ այդուհետ հույսները դրել են միայն Աստծո վրա:

Անշուշտ, երբ երկրի իշխանությունը ոչ մի քայլ չի կատարում մարզում վերափոխումներ իրականացնելու ուղղությամբ, ավելին` այնտեղ հովանավորում է անպատժելիությունն ու մարդկանց սպանությունները, մարզի բնակչությանը մնում է հույս դնել միայն Աստծո վրա: Հետաքրքիր է, որ անգամ Սիսիանի քաղաքապետն է դժգոհել` նկատելով, որ մարդիկ չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել, քանի որ գյուղատնտեսական հողերը բավականին հեռու են ճանապարհներից ու բանուկ տրանսպորտից:
Անդրադառնալով գործազրկությանը` Յովանովիչը գրում է, որ Հայաստանում այս խնդիրն ամենասուրն արտահայտված է հենց այս մարզում: Սիսիանի քաղաքապետը ներկայացրել է, որ թեպետ իրենք պաշտոնապես 7 տոկոս գործազրկություն ունեն, իրականում այն հասնում է 40 տոկոսի:

Դիվանագետը տեղեկացել է, որ բնակչությունը հիմնականում գոյատեւում է արտաքին տրանսֆերտների հաշվին, երբ մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ու այնտեղից պահում իրենց ընտանիքները: Դեսպանը նկատում է, որ այստեղ բոլորն էլ ունեն մի հարազատ, որը գնացել է Ռուսաստան աշխատելու:
Յովանովիչն ամփոփում է, որ ի հեճուկս մի շարք փոփոխությունների ու վերջին շրջանի դժվարությունների` Սյունիքի բնակչությունը շարունակում է հույսով ապրել:

Դիվանագետը Սյունիքը համարում է Հայաստանի «վայրի արեւմուտքը»: Մասնավորեցնենք, որ «վայրի արեւմուտք» (Wild West) եզրույթը գալիս է 19-րդ դարի ԱՄՆ-ից, երբ Անկախության պատերազմի ավարտից հետո եկվորները սկսեցին բնակեցնել արեւմտյան շրջանները, որտեղ սկզբնական շրջանում տիրում էր ապօրինությունն ու անպատժելիությունը: Արդ, Յովանովիչը, փաստորեն, Հայաստանի հարավային դարպասն անուղղակիորեն նույնացնում է հանցագործությունների ու ապօրինությունների կենտրոնատեղիի հետ, որտեղ բնակչությունը տանջվում է թալանչիների ու կոռումպացված պաշտոնյաների ձեռքին:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս