Անհրաժեշտ ինքնապաշտպանության համար Սյունիքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում զենք կա․ մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ադրբեջանական դիրքերը շատ մոտ են տեղակայված և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել:

Մարզպետն ասել է, որ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, բայց կարող է փաստել, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում:

«Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ ունենալ իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ: Մենք պետք է աչալուրջ լինենք: Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել: Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա, սխալ է: Դրանք կան»:

Ըստ մարզպետի՝ նույնիսկ առաջնագծում կանգնած զինվորը, երբ դիրքից իջնում է, և հերթափոխ է տեղի ունենում, միշտ զենքը թողնում է զինանոցում:

Նա հավելել է, որ որ զենք մարզում կա այնքան, որքան անհրաժեշտ է համարել ՀՀ պաշտպանության նախարարությունը:




Լրահոս