ՎԿԱՅԻ «ՄԱՍՆԱԿԻ ԱՄՆԵԶԻԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին Իջեւանում` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը, որի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Գարեգին Սայադյանը: Նա այժմ զորացրված է: Ռուսական կրթությամբ, թերի բարձրագույն կրթություն ունեցող Գ. Սայադյանը երկու տարի առաջ վերոհիշյալ զորամասում ծառայել է որպես գրագիր: Նշենք, որ զինվորների շրջանում այս պաշտոնն այնքան էլ հարգի չէ: Սայադյանը, դատարանում ցուցմունք տալով, հենց սկզբից հայտարարեց, որ ոչինչ չի հիշում, եւ թող դատարանը հիմք ընդունի իր նախաքննական ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն  ու փաստաբան Մուշեղ Շուշանյանը, զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը,  կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը հարցեր ուղղեցին վկային: Վերջինս շատ բաներ հիշում էր, սակայն բազում դեպքերում, երբ «նեղն էր ընկնում»,  պատճառաբանում էր, որ դեպքից շուրջ երկու տարի է անցել, չի հիշում:
Նա երբեմն այնպիսի մանրամասներ էր պատմում, որոնք ներկաների կասկածն էին հարուցում: Օրինակ` Գարեգին Սայադյանն ասաց, որ զոհված Արտակ Նազարյանի դեմքին 100-150 մետր հեռավորությունից արյուն է տեսել, հետո էլ հավելեց, թե հեռավորությունը գուցե շփոթում է: Նա 9 օր գտնվել է Բերդի ռազմական ոստիկանությունում, նույն խցում եղել է գործով այլ վկաների հետ, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է: Ի դեպ, դատի ժամանակ նշվեց, որ այս նիստին ներկայում քաղաքացիական անձ  Գ. Սայադյանին իրենց ավտոմեքենայով բերել են ինչ-որ դատախազներ:
Ամբաստանյալ զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը` Մանվել Մխիթարյանը,   լսելով վկայի ցուցմունքները, չդիմացավ` ասելով, որ նա սուտ է խոսում: Մանվելի վկայությամբ` դատից առաջ հանդիպելով իրեն` Սայադյանը հավաստիացրել էր, որ ամբաստանյալ զինվորները մեղք չունեն, եւ ինքը դատարանում կասի ճշմարտությունը:
Դատարանում կարգ  խանգարելու պատճառաբանությամբ դատավոր Սամվել Մարդանյանը դատական կարգադրիչներին կարգադրեց դատարանի դահլիճից դուրս  հանել Մանվել Մխիթարյանին եւ դրա համար 5 րոպե ընդմիջում հայտարարեց: Դատավորի որոշումով Մանվել Մխիթարյանն այդ օրը չմասնակցեց նիստին:  Աշխատանքային օրն ավարտվեց, սակայն Գարեգին Սայադյանի հարցաքննությունը` ոչ: Դատավոր Մարդանյանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել ապրիլի 18-ին` ժամը 12-ին:  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ այդ օրն ինքն այլ  գործով դատական նիստի պետք է մասնակցի, սակայն դատավորը չփոխեց իր որոշումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս