ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ «ԴԵՍԱՆՏ ԻՋԵՑՆԵԼ» ԿԱՄ ՊՈԿԵԼ

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իշխանությունները նպատակ չունեն Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք բոլոր քաղաքական ուժերի հետ էլ ջերմ են, քանի որ բոլորն էլ մեկ նավակում են գտնվում:

-Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն շաբաթ օրը խորհրդի նիստ է հրավիրել: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ եք քննարկելու նիստի ժամանակ:
-Սովորական հերթական նիստն է, մենք պարբերաբար ենք խորհրդի նիստ հրավիրել: Քաղաքական աշուն է սկսվում, պատգամավորները, կառավարությունը հիմնականում արդեն վերադառնում են արձակուրդից, մենք շատ անելիքներ ունենք: Մենք նաեւ պետք է իմի բերենք մեր կատարած աշխատանքները: Կուսակցության խորհուրդը ղեկավար մարմին ունի ու կարեւոր հարցերը պետք է քննարկենք խորհրդի անդամների հետ:
-Այսինքն՝ որեւէ կոնկրետ, հրատապ հարց չկա՞, որը պետք է քննարկվի ՀՀԿ-ի խորհրդի այս նիստում:
-Քննարկվելու են մեր անելիքները: Սա ներկուսակցական ժողովրդավարության վառ օրինակ է, որտեղ մենք քննարկում ենք բոլոր հարցերը:
-Տեղեկություններ կան, որ հիմնականում քննարկվելու է, թե արդյո՞ք հոկտեմբերի 10-ին ՀՀ-ն անդամակցելու է ԵՏՄ-ին: Ընդհանրապես, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ հոկտեմբերի 10-ի հանդիպումից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարում են, որ հերթական անգամ հետաձգվելու է ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Դուք ի՞նչ կասեք:
-Իշխանությունն ինչ կարծել է, արդեն իր անելիքն արել է, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահն արդեն հանձնարարել է, որպեսզի ստորագրեն Հայաստանի անդամակցության հետ կապված պայմանագիրը: Դուք գիտեք նաեւ, որ տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ, բոլոր երեք պետություններն էլ կողմ են արտահայտվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Մենք նախկինում էլ արդեն հայտարարել ենք, որ տեխնիկական խնդիրներ են եղել ու Հայաստանն արդեն իր կարծիքն ասել է: Անդամակցության ճանապարհին էլ բոլոր երեք պետությունների ղեկավարներից որեւէ մեկը վետո չի դրել ու որեւէ մեկը դեմ չի արտահայտվել: Ավելին, պետք է ասեմ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահը, վարչապետը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարը հայտարարել են, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կլինի շուտով: Իսկ ես այդ հարցի հետ կապված ավելացնելու բան չունեմ:
-Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահաբար հայտարարում էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 8-9-ին այցելելու է Հայաստան, եւ հենց այդ ժամանակ էլ պետք է լուծվի ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցը: Սակայն այդ այցը չեղյալ հայտարարվեց: Արդյոք դա եւս չի խոսում այն մասին, որ մեր անդամակցության հեռանկարը դեռեւս հստակ չէ։
-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք համապատասխան ատյաններին, ՀՀ կառավարությանը կամ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, քանի որ ես մանրամասն տեղյակ չեմ, թե ինչու ՌԴ վարչապետը Հայաստան չեկավ: Ես ինչքանով տեղյակ եմ, կառավարությունն արդեն մեկնաբանել է, թե ինչու ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւը Հայաստան չեկավ: Այսքանը:
-Պարոն Շարմազանով, տեղեկություններ կան, որ իշխանությունները ցանկանում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, եւ դրա դիմաց անգամ նախարարական պորտֆելներ են խոստացել: Այդպե՞ս է արդյոք, եւ ո՞րն է իշխանությունների նպատակը:
-Իշխանությունը նմանատիպ գործելաոճ չի որդեգրել ու որեւէ նման խնդիր չունի` քառյակից պոկել, հնգյակից պոկել կամ այնտեղ դեսանտ իջեցնել:
-Նշվում է, որ իշխանությունները հատկապես ցանկանում են համագործակցել ՀՅԴ-ի հետ, քանի որ Քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է, որ կողմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:
-Նման խնդիր չկա, իշխանությունները միայն շահագրգռված են, որ մենք ունենանք գաղափարական ուժեղ ընդդիմություն. դա կլինի քառյակի, թե եռյակի տեսքով կամ առանձին-առանձին` արդեն ընդդիմության ներքին խնդիրն է: Մենք պարզապես շահագրգռված ենք, որ մեր քաղաքական դաշտում լինի առողջ մթնոլորտ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Ու այսօր ամենակարեւորն այն է, որ լինի կառուցողական քննարկում ու այդ դեբատները, սուր քննարկումները լինեն ի շահ մեր պետության: Հիմա նման հարց չկա:
-Այդուամենայնիվ` տեսանելի է, որ այժմ իշխող ՀՀԿ-ն շատ ջերմ փոխհարաբերություններ ունի ՀՅԴ-ի հետ, քանի որ բանակցություններ են ընթանում նրանց միջեւ: Դա էլ կհերքե՞ք:
-Մենք բոլորի հետ ենք ջերմ, քանի որ մենք բոլորս էլ մեկ նավի անդամներ ենք, բոլորը մեր պետության քաղաքացիներ են: Դուք էլ տեսաք, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ կարեւորագույն պահին, երբ մեր երկրի անվտանգության հարցն էր դրված, մենք կարող ենք միավորվել: Դրա մասին էին խոսում նաեւ մեր համատեղ հայտարարությունները եւ խմբակցությունների միասնական այցերը սահման: Իհարկե մենք ունենք տարաբնույթ կարծիքներ, բայց մեր պետության շահի դեպքում մենք միասնական ենք:

 

 
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՋՈՒՐ Է «ԾԵԾԵԼ» ՈՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑԵԼ

Ամիսներ առաջ ստացված հրավերը երկար ձգձգելուց հետո, երեկ, ի վերջո, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հյուրընկալվեց երկրի օրենսդիր մարմնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ երկու ժամ տեւած փակ հանդիպման ժամանակ Էդուարդ Նալբանդյանը հասցրեց պատասխանել ընդամենը 4 պատգամավորի հարցերին:

Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը փակ էր: Պաշտոնապես պատճառաբանվեց, թե այդ կերպ նախարարն ու պատգամավորներն ավելի անկաշկանդ կլինեն: Սակայն բացի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պատգամավորներից ներկա էին նաեւ այլ պատգամավորներ, որոնք եկել էին Է. Նալբանդյանին հարցեր ուղղելու, սակայն ժամանակի սղության պատճառով նրանց այդպես էլ չհաջողվեց իրենց հարցերը հնչեցնել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանն են միայն հնարավորություն ունեցել հարցեր ուղղել Էդուարդ Նալբանդյանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարար Նալբանդյանը որեւէ հարցի կոնկրետ պատասխան չի տվել, այլ ընդամենը կարողացել է դիվանագիտորեն շրջանցել: Պատգամավորների մոտ տպավորություն է եղել, թե նախարարը դասախոսություն է կարդում:
Իսկ երբ ավարտվեց փակ հանդիպումը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն, իր սովորության համաձայն, շտապեց հեռանալ Ազգային ժողովի շենքից: Նա ինչպես ժպիտը դեմքին եկել էր, այնպես էլ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել իրեն անհամբեր սպասող լրագրողների հարցերին: Նա միայն հայտարարեց. «Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե ինչ ենք մենք խոսել, ուրեմն քննարկումը փակ չէր լինի»:
Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ իրենք անդրադարձել են Հայաստանի համար կարեւորագույն բոլոր հարցերին. «Նման քննարկումների անհրաժեշտություն պարբերաբար կա, որովհետեւ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանները, հանձնաժողովներում քննարկումները հաճախ սահմանափակված են լինում, քանի որ տեսախցիկներ են առկա: Իսկ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ փակ քննարկումները շատ դեպքերում անհրաժեշտ են»:
Հավելենք, որ այս փակ հանդիպումը շատ էր ցանկանում կյանքի կոչել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն հնարավորություն չունեցավ մասնակցել, քանի որ կուսակցության առաջնորդի հետ խմբով մեկնել են Չինաստան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որը Գյումրիում իր հիմնական գործունեությունը սկսել է 1992-1993թթ, հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը 9240կգ քաշով ապրանքներ է ներմուծել Հայաստան, սակայն համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամանակում չի ներկայացրել մաքսային մարմին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացթողման հետեւանքով «Հայկական Կարիտաս»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով:

 

ԳՈՐԾԱՐԱՐԸ ԼՌՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, ՊՆ-ին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու փաստի առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է միայն մսավաճառ Ալբերտ Օհանջանյանը: «Ինչո՞ւ եք միայն դուք պատասխան տալիս գոմեշի մսի գործով, չէ՞ որ ինքներդ էիք գեներալի անուն տալիս՝ հայտնելով, որ նա տեղյակ է եղել գործընթացի մանրամասներին»՝ «Ժողովուրդ»-ի այս հարցին մեղադրյալ Օհանջանյանը պատասխանեց. «Ես լռում եմ ու եթե ինձ համար նպատակահարմար է, որ ես լռում եմ, ուրեմն դուք էլ լռեք»: Թե ինչ էր թաքնված նրա այս խոսքերի հետեւում, դժվար չէ կռահել. հիշեցնենք, որ Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը տեղյակ է եղել գոմեշի մսի պատմությունից:
Նշենք, որ 2012թ. բացահայտված «Գոմեշի մսի գործը» շուրջ 2 տարի քննությունից հետո դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էր 5 անձ, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն գործարար Ալբերտ Օհանջանյանը: Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել Է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 126.936.000 դրամի գույքային վնաս:

 

ԱԿՆԱՐԿՆԵՐ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 60-ամյակի առթիվ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա միանշանակ չի ընկալվել Սերժ Սարգսյանի շրջապատում: Ավելին՝ Ս.Սարգսյանը ԼՂՀ այցի ժամանակ Բակո Սահակյանի հետ զրուցելիս որոշակի ակնարկներ է արել այդ առթիվ:




Լրահոս