ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ
Եթե նույնիսկ գերհզոր շարժիչով ավտոմեքենան մոնտաժված է քառակուսի անվադողեր ունեցող հիմքի վրա, ապա նրա շարժունակությունն ի սկզբանե բացառվում է, որքան էլ հմուտ եւ փորձառու լինի ղեկին նստած վարորդը: Նմանատիպ տրանսպորտային միջոցի այդ թերությունը հնարավոր չէ վերացնել ոչ սպասարկման սակագների կարգավորմամբ, ոչ երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ոչ էլ սրահում բարոյահոգեբանական մթնոլորտը փոփոխելու միջոցով: Ըստ անձնական ճաշակի, այս ցանկը կարելի է շարունակել հորինելով անբովանդակ բարեփոխումների մի անվերջ բազմություն: Սա անժխտելի ճշմարտություն է, որն իդեալական հայելու հստակությամբ ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ իշխանության նախաձեռնությամբ ընթացող բուռն քննարկումների իրական բնույթն ու իմաստը:
Այսօր փորձ է արվում հանրային քննարկման ամենակարեւոր հարցը դարձնել այն, թե կառավարման համակարգի որ տարբերակն է Հայաստանի համար առավել բարենպաստն ու արդյունավետը՝ նախագահականը, կիսանախագահականը, թե խորհրդարանականը:
Այնինչ՝ ժողովրդավարական երկրներում այդ երեքն էլ հաջողությամբ կիրառվում են դարեր շարունակ՝ ապահովելով սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ քաղաքական հետեւողական առաջխաղացումն ու հասարակության ընդհանուր կենսամակարդակի բարելավումը: Դա բացատրվում է քաղաքակիրթ աշխարհը միավորող պարզ ու հասկանալի սկզբունքով, որը կոչվում է օրենքի գերակայություն եւ որն, ինչպես իշխանությունն, այնպես էլ ոչ իշխանական ուժերը, համառորեն չեն հիշատակում ակնհայտ ձեւական բնույթ կրող իրենց քաղաքական պայքարի շրջանակներում:
Բոլշեւիկյան կայսրության պատմությանն առավել մանրամասն ծանոթ ավագ սերնդի մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կարող է վկայակոչել, թե ինչպես էր ԽՍՀՄ-ը ներկայանում արտաքին աշխարհին, եւ ինչպիսին էր իրականում։ Տասնամյակներ շարունակ կառավարող եւ միակ գործող կոմունիստական կուսակցությունը պնդում էր, թե Խորհրդային Միությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որի իշխանությունն առաջնորդվում է բացառապես ժողովրդի շահերից բխող սկզբունքներով: Պաշտոնապես երկրում իհարկե տեղի էին ունենում ընտրություններ. առկա էին ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր, ե՛ւ դատական իշխանության մարմիններ, սակայն նրանց գործունեությունը նույնիսկ ամենաաննշան թվացող հարցերում ընթանում էր իշխող կուսակցության համակարգված թելադրանքի ներքո: Ցածրագույն աստիճանի որեւէ պաշտոն զբաղեցնելն անգամ հնարավոր չէր առանց կուսակցական անդամատոմս ունենալու, իսկ կոմկուսի առաջնորդներն իշխում էին ցմահ, բացառությամբ Նիկիտա Խրուշչովի, ում սանձարձակ որոշումների եւ անհիմն ամպագոռգոռ հայտարարությունների հետեւանքով մարդկությունը հայտնվեց միջուկային ինքնաոչնչացման եզրին:
Սա չի՞ հիշեցնում արդյոք մեր գլխավոր ռազմավարական դաշնակցին, որի հնազանդ ստրուկը հանդիսանալով Հայաստանը փաստացի հայտնվեց քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված` իզգոյ երկրների խղճուկ վիճակում: Խորհրդային ժամանակների պահվածքի կրկնությունները մեզանում բազում են: Օրինակ այն, որ Մելիք Ադամյանի փողոցը Հայաստանի տեսանելի ապագայի քաղաքականության գլխավոր մայրուղին է, կամ որ երկրի ղեկավարն իրավամբ արժանի է վերջին բոլշեւիկ կոչվելու բարձր պատվին, կամ էլ` որ երեւանցիների ճնշող մեծամասնության կարծիքն ու բողոքները անտեսելով մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվելու է մարդասպան Միկոյանի արձանը:
Գանձագողություն, կաշառակերություն, արդարադատության այլասերում, Հանրապետական կուսակցության անդամատոմսով պայմանավորված սանձարձակություն եւ անպատժելիություն, քավոր-սանիկ, աներ-փեսա հարաբերությունների խորացող գերակայություն բոլոր պետական եւ բիզնես ատյաններում, համատարած ստախոսություն, անբարոյականություն, բնության պաշարների, հասարակական եւ անձնական ունեցվածքի ցինիկ կողոպուտ եւ ավտորիտար երկրներին բնորոշ բազում այլ դրսեւորումների արդյունքում առաջացած զանգվածային արտագաղթի ահագնացող տեմպեր… այդպիսին չէ՞ արդյոք ապօրինի ազգադավ իշխանությամբ կառավարվող այսօրվա Հայաստանի պատկերը:
Ստացվում է, որ զարգացման ազգային պետականության ամրապնդման եւ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած այլ սկզբունքների ճանապարհով առաջ շարժվելու փոխարեն, մեր երկիրը քարշ են տալիս ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի ժանգոտված, վարկաբեկված եւ պատմության փլատակներում թաղված լենին-ստալինյան բոլշեւիզմի գարշահոտ ճահիճը:
Այդ ֆոնին եզրակացությունն անվիճելի է, հանցավոր քաղաքական վերնախավը սեփական ապօրինի իշխանությունը երկարաձգելու միակ տարբերակը տեսնում է իր նման իշխանազատ բոլշեւիկների միությանն անդամակցելու ճանապարհով, որը տրամագծորեն հակասում է ցանկացած քաղաքակիրթ ժողովրդի արժանապատվությանն ու երազանքներին: Իսկ սահմանադրական բարեփոխումների քնարկումները ոչ այլ ինչ են, քան անիմաստ ու անբովանդակ դատարկախոսություն:
Հին Հռոմի հայտնի իրավագետ եւ փիլիսոփա Ցիցերոնի խորիմաստ բանաձեւն ասում է. «Չես կարող ապրել ազատ, չլինելով օրենքի ստրուկը»: Ահա թե որն է այն առաջնահերթ բարեփոխումը, որն իրականացվում է ապօրինի իշխանության՝ օր առաջ տապալման եւ օրենքի գերիշխանության արմատավորման միջոցով: Ահա թե որն է այն միակ պայմանը, որի առկայությամբ երաշխավորվում է բոլոր անհրաժեշտ բարեփոխումների արդյունավետությունը:
Արկադի Վարդանյան
Վանաձոր փակ բանտային ռեժիմի քրեակատարողական հիմնարկի
քաղ. բանտարկյալ
ՍՈՑՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԵՐԻՑ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի պատճառով գրեթե ամեն օր հայաստանյան բուհերի երիտասարդ դասախոսները ազատվում են աշխատանքից: Սեպտեմբերի մեկին շատերը պարզապես լսարան չմտան:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծն ընդունել էր դեռ 2010թ-ին: Այս օրենքով 1974 թվականից հետո ծնված յուրաքանչյուր անձ պետք է կամավոր միանար համակարգին եւ իր աշխատավարձից 5, որոշ դեպքերում՝ 10 տոկոսը փոխանցեր իր անվամբ գործող ֆոնդին: 2014 թվականին կամավորը դարձավ պարտադիր: Այդ պատճառով Երեւանում սկսվեցին բողոքի ակցիաներ: Եվ ՀՀ կառավարությունը ստիպված եղավ նահանջել ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ պարտադիր, բայց ոչ պարտադրված կարգը գործի դրվեց. ասել է թե՝ սոցիալական պարտադիր վճարներն արդեն գանձվում են միայն պետական համակարգի աշխատակիցներից, իսկ մասնավոր ձեռնարկություններում աշխատողների համար սոցիալական վճարները պարտադիր կդառնան 2017 թվականի հուլիսի 1-ից հետո:
Սակայն այսօր մասնավոր հատվածի աշխատողները պետք է պարտադիր պահումներից հրաժարվելու դիմումներ ներկայացնեն գործատուներին եւ հարկային մարմիններին՝ պահումներից խուսափելու համար: Ու մի շարք երիտասարդ դասախոսներ անընդունելի են համարում պետական հատվածի աշխատակիցներին պարտադրված սոցվճարները եւ հրաժարվում են վճարել՝ գերադասելով մնալ գործազուրկ:
Պարտադիր վճարների դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը՝ Սեւակ Ծատուրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս կերպ այդ երիտասարդ դասախոսների հեռացումն, ընդհանուր առմամբ, Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտին մեծ հարված կհասցնի: «Այս օրենքով իրենք ստիպում են, որ մարդիկ դուրս գան ու հեռանան, արտագաղթեն: Մինչդեռ նրանց հեռացումը կբերի կրթության մակարդակի կտրուկ անկման»,- լրացրեց Սեւակը: Նախաձեռնության անդամի խոսքով՝ առաջիկայում բողոքի ակցիաներ կլինեն, որոնք ուղղված կլինեն ամբողջ օրենքի դեմ: «Եթե խորությամբ ուսումնասիրենք օրենքի մյուս կետերն էլ, ապա կհասկանանք, որ այն ուղղակի խայտառակություն է: Իմ եղբայրն էլ Ճարտարագիտական համալսարանի դասախոս է եւ այս օրենքի պատճառով ստիպված եղավ դիմում գրել ու ազատվել աշխատանքից»,-տեղեկացրեց Սեւակը:
Իսկ ահա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը այս խնդիրն ինչ-որ չափով լուծելու հնար է գտել. «Մենք որոշում ենք կայացրել, որ մեր բուհի բոլոր այն աշխատողները, ովքեր 1974 թվականից հետո են ծնվել հավելավճարներ կստանան: Միայն թե չհեռանան բուհից»: «Ժողովուրդ»-ը ռեկտորից հետաքրքրվեց, թե այդ հավելավճարներն ո՞ւմ միջոցներով են հատկացվելու երիտասարդ դասախոսներին, Թոքմաջյանը պատասխանեց. «Բուհի միջոցներով է այդ գումարը տրվելու: Թե չէ երիտասարդները որ չլինեն, ապա վստահեցնում եմ, որ ոչ բուհ կլինի, ոչ էլ երիտասարդություն»:
Ի դեպ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի պատճառով այս բուհից մոտ տասը դասախոս է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ Է
Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս լուրը շատերին տեղիք տվեց մտածելու, թե փոխվել է նրա խափանման միջոցը եւ այսուհետ Լեւոն Հայրապետյանը կգտնվի ստացիոնար բուժման մեջ: Սակայն, ցավոք, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Դրանից հետո մեր հայրենակիցը դարձյալ տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան:
ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Մեր երկրում տարածված երեւույթ է, երբ պաշտոնյաների կանայք ավելի հարուստ են, քան իրենց ամուսինները: Դա խոսում է այն մասին, որ պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հիմնականում գրանցում են կանանց անունով` այդկերպ խուսափելով միլիոնատեր որակումից: Կարծես թե նույն իրավիճակն է տիրում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքում: Նրա կինը` Ռիտա Սարգսյանն, ավելի հարուստ է, քան իր նախագահ ամուսինը: Դա են վկայում Սարգսյանների` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալները: Համեմատելով 2011թ. տվյալները` հետեւյալ պատկերն ենք ստանում: Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 104 մլն դրամ եւ վաստակել 14 մլն դրամ: Իսկ նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը, 2011 թ. ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել, սակայն տրված փոխառություններից ստացված եկամուտից եւ նվիրատվությունից կարողացել է վաստակել 17 մլն 125 հազար դրամ: Նա տարեսկզբին ունեցել է 100 մլն 500 հազար, իսկ տարեվերջին` 112 մլն դրամ: Ըստ 2012թ. հայտարարագրի` Ռ. Սարգսյանը կարողացել է ավելացնել իր եկամուտը` 112 մլն դրամից դարձնելով 117 մլն 100 դրամ: Տրված փոխառություններից ստացված եկամուտի շնորհիվ կարողացել է վաստակել 12 մլն դրամ: 2013թ. տարեկան հայտարարագրում պատկերը հետեւյալն է. Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 106.225.600.00 դրամ, իսկ եկամտի մասին որեւէ տեղեկություն 2013-ի հայտարարագրում չկա: