ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԱՌՑԵ ԴՈՒՅԼ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆԻՄԱՍՏ ԽԱՂԻ

Հայտնի է, որ այսօր աշխարհում ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությամբ տառապում է գրեթե 350 հազար մարդ: Այս հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ մեկնարկեց «Սառցե դույլ» ակցիան, որի մասնակիցը սառցե դույլն ընդունելուց բացի պետք է որոշակի գումար փոխանցեր այս հիվանդությամբ տառապողներին օգնելու համար: Այս ակցիան հասավ նաեւ Հայաստան. սակայն մասնակիցների գերակշիռ մասը ակցիայի իմաստը կարեւորելու փոխարեն, այն վերածեց շոուի:

Նյարդաբան Հովհաննես Մանվելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նյարդերի դեգեներատիվ խանգարման դեպքում մարմնի կամայական շարժումները հսկող նյարդային բջիջները վնասվում են եւ այլեւս պատշաճ կերպով չեն հաղորդակցվում մկանների հետ:
Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտանիշներից են կարկամումը, մկանների լարումը եւ ցնցումները, որոնք, ի վերջո, բերում են ոտքերի եւ ձեռքերի թուլացման եւ ոչ պարզ, աղավաղված խոսքի: Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապող հիվանդները կորցնում են իրենց ձեռքերը, ոտքերը եւ մարմինը շարժելու կարողությունը:
Այսօր աշխարհում այս հիվանդությամբ տառապում է գրեթե 350 հազար մարդ: Նշենք, որ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը հայտնի դարձավ Նյու Յորքի բեյսբոլի Յանկիների թիմի խաղացող Լու Գերիգի միջոցով: Երբ 1939 թվականին Գերիգի մոտ ախտորոշվեց ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, նա ստիպված եղավ լքել սպորտը: Այս հիվանդությունը հաճախ անվանում են «Լու Գերիգի հիվանդություն»:
«Բոլորը զարմացել են տեսնելով, թե ինչպես հաղթանդամ, ամենաբարձր ցատկող, գնդակ բռնող, արագաշարժ մարզիկը ունակ չէ շարժվելու, անգամ ձեռքը բարձրացնելու եւ ինքնուրույն շնչելու: Մեր հաշվարկներով, Հայաստանում հիվանդների թիվը կազմում է մոտ 100 հոգի, որովհետեւ տարեկան մենք ունենում ենք ավելի քան 30 հիվանդ, որոնց կյանքի միջին տեւողությունը ախտորոշումից հետո շուրջ երեք տարի է: Այս հիվանդների մոտ գիտակցությունը պահպանված է, սակայն մարդը չի կարողանում կուլ տալ, շնչել, շարժվել»,- ցավով նշեց Մանվելյանը:
Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունն անբուժելի է: Սովորաբար հիվանդների մահվան պատճառը լինում է շնչառական անբավարարությունը եւ գանգային թոքաբորբը. «Սա սկսվում է եւ շարունակվում: Այսինքն՝ մկաները սկսում են անհետանալ, որից զարգանում է նաեւ մարմնի թուլացումը: Վտանգը դա է: Այսինքն՝ այս հիվանդությունն անդառնալի է»:
Եվ ահա այս դաժան հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով ստեղծվեց «Սառցե դույլ» ֆլեշմոբը, որն այդքան էլ միանշանակ չի ընդունվում հանրության կողմից: Ու մինչ դերասաններ, քաղաքական գործիչներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ իրենք իրենց գլխին ջուր են լցնում, շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ծանր հիվանդության ֆոնին շոու են սարքում: Ի դեպ, այս ֆլեշմոբի նախաձեռնողն է Բոստոնի քոլեջի բեյսբոլի խմբի ղեկավար Պիտր Ֆրեյտսը, ով նույնպես այս հիվանդությամբ է տառապում: 2014-ի հուլիսի 31-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց մի տեսագրություն, որտեղ ներկայացված էր ակցիայի օրենքներն ու նպատակը: Նա ակցիային մասնակցելու մարտահրավեր էր նետել բեյսբոլի իր խմբի անդամներին: Եվ այսպես, մեկ շաբաթվա ընթացքում տղաներն արդեն հասցրել էին հավաքել 11.4 մլն դոլար: Այս ակցիային մասնակցեց նաեւ Նյու Ջերսիի նահանգապետը, ով մարտահրավեր նետեց «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին: Վերջինիս «ջրվելուց» հետո ակցիան հասավ միջազգային մակարդակի:
Ի դեպ, այս ակցիայի մոտիվներով Հնդկաստանում ստեղծվեց «Բրնձե դույլի» ֆլեշմոբ, ըստ որի՝ մասնակիցները մեկ դույլ բրինձ են տալիս աղքատներին: Իսկ ահա Պաղեստինում տեղացի լրագրողներից մեկը մեկ դույլ ավազ եւ քարեր լցրեց գլխին՝ նշելով, որ հենց սա են զգում վերջին օրերին սպանված հարյուրավոր պաղեստինցի մանուկները:
Եվ ահա օգոստոսի 21-ին ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ արեց Դաշնային կառավարության անդամներին ու դեսպաններին մասնակցություն չունենալ «Սառցե դույլ» ֆլեշմոբին: Մի քանի օր անց, հայտնի դարձավ, որ ակցիայի շրջանակներում մահացել է 18-ամյա շոտլանդացի մի աղջիկ:
Ցավոք, այս ակցիայի մասնակիցների մեծ մասը չի գիտակցում, թե իրենից ինչ է ներկայացնում այս հիվանդությունը եւ ակցիայի իմաստը կարեւորելու փոխարեն՝ այն վերածում է հերթական ուրախ եւ անիմաստ խաղի:
«Ժողովուրդ»-ը նյարդաբանից հետաքրքրվեց, թե «Սառցե դույլ» ֆլեշմոբը, որը Հայաստանում կարծես թե կրում է ավելի շատ ձեւական բնույթ, հոգեբանորեն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հիվանդների վրա:
«Եթե հայաստանցի մեկը, ով ցույց տար կտրոնը, որով գումար է ուղարկել ինչ-որ մի տեղ եւ սառույց է լցրել գլխին, կասեմ՝ բրավո: Իսկ սա վերածվեց զվարճալի մի խաղի. ինչ-որ մեկը սառույցը լցնում է գլխին ու ասում, թե մարտահրավեր է նետում Պողոսին կամ Պետրոսին, որ իրենք էլ սառույցով ջուրը լցնեն իրենց գլխին: Ի՞նչ փոխվեց դրանից: Ինչո՞վ նա օգնեց հիվանդներին: Բացարձակապես ոչ մի բանով: Այս հիվանդներին օգնելու ոչ մի հնարավորություն չկա: Այս ակցիան խաղի վերածելու փոխարեն կես կիլոգրամ միս կամ մի կիլոգրամ շաքարավազ ուղարկեք մանկատուն: Կամ գնացեք ու նման հիվանդությամբ տառապող մարդու հետ գեթ մեկ օր անցկացրեք, ձեռքը սեղմեք: Սա հոգեբանորեն ծանր հիվանդություն է, որովհետեւ պատկերացրեք մի մարդ, ով շատ ճիշտ հասկանում է, որ իրեն փրկություն չկա եւ անխուսափելիորեն սպասում է մահվան: Եվ նրա ընտանիքի անդամներն էլ՝ նույնը: Իսկ այստեղ մարդիկ իրենց համար ուրախանում են եւ այդ ակցիան վերածեցին խաղուպարի: Ցավում եմ: Կոչ եմ անում ակցիայի յուրաքանչյուր մասնակցի` մի օր իր կյանքից նվիրել ցանկացած հիվանդությամբ տառապող մի հիվանդի: Պետք չէ դա գովազդել, դա պետք չէ ցույց տալ: Խղճիդ առաջ ինքդ եղիր ազնիվ»,- դառնացած նշեց մասնագետը:
Հ.Գ. Հայաստանում այս ակցիային մասնակցեցին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Թեւան Պողոսյանը, ով միաժամանակ որոշակի գումար փոխանցեց օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին օգնելու համար: Իսկ ահա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ակցիային մասնակցելիս հայտարարեց, որ գումարով կօգնի սոցիալապես անապահով մի ընտանիքի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԽՄԵԼՈՒ ՉԷ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցն անցյալ դարի 50-60-ական թվականներին է կառուցվել, այն մաշված է, որի պատճառով մատակարարվող խմելու ջրի 80 տոկոսը կորում է: Վերջին 2-3 ամսվա ընթացքում երաշտ է, որի պատճառով Գիշսարից ձգվող, 58 կիլոմետր երկարությամբ ջրագծի ակունքը չորացել է: Ներկայում Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերը ջուր են ստանում Բերդավան գյուղի խորքային հորերից, պոմպերի միջոցով: Լինում են օրեր, երբ քաղաքին ընդհանրապես ջուր չի տրվում:
Նախկինում նոյեմբերյանցիները խմելու ջուր էին ստանում օրական 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, մի քանի ժամով: Նոյեմբերյանցիներին խիստ մտահոգում է ոչ այնքան ջրի սակավությունը, որքան՝ խմելու ջրի անվան տակ իրենց բնակարաններ մատակարարված հեղուկի որակը: Քաղաքի շատ բնակիչներ այդ ջուրը չեն խմում, այն օգտագործում են լվացք անելու կամ այլ նպատակներով: Տարաներում կուտակված ջրի վրա 1-2 օր հետո փառ է գոյանում, այն կրային նստվածք ունի: Նեյոմբերյանցիներից շատերը ջուր օգտագործելուց առաջ այն եռացնում են, որպեսզի հեղուկը մաքրվի կրային նստվածքից:
Նա, ով ավտոմեքենա ունի, ջրի տարաները լցնում է մեքենայի մեջ եւ քաղաքի ծայրամասի աղբյուրներից ջուր կրում: Նոյեմբերյանի խանութներում հանքային եւ աղբյուրի ջուրն ամենավաճառվող ապրանքներից է: Նշենք, որ Ջրմուղկոյուղու «Նոյեմբերյան» տեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանն իր առանձնատան բակում ջրհոր ունի, որտեղից էլ օգտվում է: Նա այդ խորքային հորը կառուցել է մի քանի տարի առաջ, երբ հիմնարկության հորատող մեքենան Նոյեմբերյանում աշխատանքներ էր իրականացնում: Ու թերեւս պետք չէ զարմանալ, որ Նոյեմբերյանի խմելու ջրի վիճակը չի մտահոգում համապատասխան պաշտոնյաներին:
Ներկայում Ասիական բանկի վարկային ծրագրով, 500 միլիոն դրամ ֆինանսավորմամբ քաղաքի խմելու ջրագիծը վերանորոգվում է: Նախատեսվում է մեկ տարվա ընթացքում 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասե խողովակներով փոխել գործող ցանցը, վերանորոգել 4 ջրամբարները, սեփական առանձնատների բնակիչների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ եւ նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:
Այդ ծրագրի արդյունքում կնվազեն մատակարարվող ջրի կորուստները, ներկայիս մի քանի ժամվա փոխարեն քաղաքին օրական 14 ժամ ջուր կմատակարարվի: Սակայն իրականացվող ծրագիրը մատակարարվող ջրի որակի բարելավման բաղադրիչ չունի: Ուրեմն նոյեմբերյանցիները շարունակելու են «վայելել» կասկածելի որակի հեղուկը՝ տարբեր վարակներով հիվանդանալու մշտական վտանգն աչքերի առաջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս